ԱԺ-ում այսօր Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հետեւյալ հարցադրումն ուղղեց. «Դուք Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ եք եղել: Ինչո՞ւ դատախազությունը չբողոքարկեց նրա կալանքը վերացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը»:
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը հետախուզման մեջ է, նա մեղադրվում է ապացույցների կեղծման համար:
Արթուր Դավթյանը հաստատեց, որ Վահագն Հարությունյանն իր գործընկերն է եղել. «Այսօր էլ շատերի հետ ընկերություն եմ անում: Այդ ընկերությունը ծառայում է մեր ուժերը գործին համատեղ ծառայեցնելուն, բայց դա ոչինչ չի նշանակում: Այն դեպքերում, երբ իմ գործընկերը, անգամ՝ մանկության ընկերը, հանցագործություն կանեն, որեւէ վայրկյան չեմ վարանի՝ իրականացնելու իմ պարտականությունները»:
Ապա Արթուր Դավթյանը պարզաբանեց, որ Վահագն Հարությունյանի վերաբերյալ դատարանի որոշումը չի բողոքարկվել, որովհետեւ այդպիսի հիմքեր չեն եղել. «Ձեր խմբակցությունում լուրջ իրավաբաններ կան, նրանց օգնությանը կարող եք դիմել: Այդ դատական ակտի՝ բողոքարկման հիմք չլինելն ակնհայտ էր»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ