Թոշակի գնացած զինվորականներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի առաջ՝ պահանջելով նիստի օրակարգից հանել՝ մատչելի բնակարանների տրամադրման վերաբերյալ նախագիծը: Նախկին զինվորականները դեմ են նախագիծն այդ տեսքով ընդունելուն:
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի պետական աջակցության նպատակային ծրագրով սպայական կազմի զինծառայողները կարող են Հայաստանի տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման գործընթացի միջոցով:
Ըստ նախկին զինվորականների, ամիսներ առաջ վարչապետն իրենց խոստացել է, որ օրինագծի կետերը կվերանայվեն, դրա վրա կաշխատեն, որից հետո միայն կրկին կդրվի քննարկման, սակայն ոչ մի փոփոխություն չի եղել եւ նախկին տեսքով է նախագիծը ներկայացվել կառավարություն: Նրանց կարծիքով, վարչապետը տեղյակ չէ օրինագծի մանրամասներից. «Մենք եկել ենք հասկանալու՝ ով է վարչապետի խոսքը գետնով տվել: Մենք արել ենք մեր առաջարկությունները՝ 50-ից ավելի, բայց դրանք պաշտպանության նախարարությունը ո՛չ ընդառաջել ո՛չ էլ՝ հաշվի է առել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նախկին զինվորական Կարեն Հակոբյանը թվարկեց նախագծում տեղ գտած բոլոր այն կետերը, որոնք, զինվորականների սրտով չեն. «Նախ՝ առաջին թերությունն այն է, որ իրենք զինծառայողին եւ զինթոշակառուին ուզում են մտցնեն նույն օրինագծի մեջ, ինչը սխալ է: 2018 թվականին կառավարությունը որոշում հանեց, որով վարչապետը գումար հատկացրեց՝ կոնկրետ զինթոշակառուների խնդիրը լուծելու, բայց, ՊՆ-ն այսօր զինծառայողին էլ է մեջը մտցրել: Երկրորդ՝ ժամկետ գրված չէ, տալիս է սերտիֆիկատ մեկ տարի ժամկետով, եթե դու չկարողացար բնակարան գնել, այդ սերտիֆիկատը դառնում է զրո»:
Բացի այդ, երեւանաբնակ թոշակառու զինվորականներին տրամադրում են բնակարանի 50 տոկոսի չափով գումար, ինչը, նույնպես, դժգոհության տեղիք է տվել, քանի որ նախկին զինվորականները գտնում են, որ այդ գումարով չեն կարող բնակարան գնել:
Նախագծի այլ թերությունների մասին՝ տեսանյութում
Մինչ կառավարության նիստը կսկսեր, թոշակառու զինվորականներին ընդունեց վարչապետի օգնականը, որը, ըստ Կարեն Հակոբյանի, խոստացել է հարցը մանրամասնորեն փոխանցել վարչապետին եւ, եթե հնարավոր է հարցը օրակարգից հանեն, որպեսզի վարչապետը հարցի էությունը հասկանա. «Վարչապետի հետ պայմանավորվեցինք, որ ով ուզի 50 տոկոսը վերցնի: Վարչապետն ասաց՝ տղերք ջան, թող իրենք վերցնեն, մենք դրանից հետո գումար կհատկացնենք ձեր հարցը կլուծենք, մենք չենք թողնի ձեր հարցը չլուծված մնա: Բայց հետո գալիս է օրինագծի մեջ տեղեկանք, որտեղ գրված է՝ 2019 թվականին եւ այսուհետ ՀՀ ՊՆ բյուջեից հավելյալ գումար չի հատկացվելու: Հիմա ես ուզում եմ հասկանալ, որն է ավելի ուժեղ, մարդու խոսքը, որը պետք է դառնար թուղթ, հետո դառնար որոշում եւ այդ որոշումով առաջնորդվեին թե մարդու խոսքն ուրիշ է, թղթի վրա ուրիշ լինի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ