Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնային գերակայությունների ցանկում

Մայիս 10,2019 13:12

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հարցազրույցը Արմենպրես լրատվական գործակալությանը

Հարց․ Պարոն դեսպան, օրերս կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը` նոր ձևաչափով: Ի՞նչ է այն ենթադրում: Ներկայացրեք, խնդրեմ, հանդիպման արդյունքներն ու օրակարգը:

Վարուժան Ներսեսյան․ Իրապես ճիշտ նկատեցիք, որ այս անգամ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստն արդեն իսկ կայացավ նոր` ռազմավարական երկխոսություն ձևաչափով, և այս նոր ձևաչափը համահունչ է վերջին տարիներին զարգացող և ընդլայնվող մեր հարաբերություններին:

Oրակարգն, իհարկե, բավական ընդգրկուն էր ու համապարփակ: Կարելի է ասել՝ հանդիպման ընթացքում կողմերին հաջողվեց լիարժեք կերպով անդրադառնալ հայ-ամերիկյան օրակարգի բոլոր հարցերին, նախանշել համագործակցության ընդլայնման ուղղությունները քաղաքական և տնտեսական բնագավառներում: Առանձնակի ուշադրություն դարձվեց թավշյա հեղափոխության արդյունքում մեր երկրում տեղ գտած աննախադեպ ժողովրդավարական ձեռքբերումների ամրապնդման նպատակով կենսունակ ինստիտուտների կայացման և զարգացման հարցին: Այս հարցում Միացյալ Նահանգները պատրաստակամ է տրամադրել լիարժեք աջակցություն: Կարևոր էր նաև համագործակցության հեռանկարների քննարկումն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են՝ դատական և իրավապահ համակարգի բարեփոխումները, բարձրագույն և մասնագիտական կրթության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության և այլ ոլորտները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս բոլոր հարցերում, ի դեմս ԱՄՆ-ի, մենք ունենք հուսալի և սկզբունքային գործընկեր:

Իհարկե, նմանօրինակ հանդիպումը չէր կարող անցնել առանց առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության հարցերի քննարկման:

Հանդիպման արդյունքում ստորագրվեցին համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն մեր երկրում տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով: Բացի այդ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարեց նոր եռամյա նախաձեռնության մասին, որի առաջին տարվա համար նախատեսված է 6 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, այս գործընթացում քաղաքացիների ներգրավվածությանը և շոշափելի արդյունքների ապահովմանը:

Բնականաբար, քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր: Այսինքն` նոր ձևաչափով քննարկումներն անցել են բավական լայն օրակարգով՝ ներառելով մեր երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր հարցերը, այդ թվում՝ ռազմավարական կարևորության:

Նշեմ նաև, որ ամերիկյան պատվիրակության բարձրաստիճան բազմանդամ կազմը, որում առաջին անգամ ընդգծված էր նաև ԱՄՆ պետքարտուղարի չորս փոխտեղակալ, ինքնին խոսում էր այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացմանն ու ամրապնդմանը:

Հարց․ Առհասարակ ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ներկա մակարդակը: Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերություններում վերջին շրջանում:

Վարուժան Ներսեսյան․ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնային գերակայությունների ցանկում: Մենք մեծապես կարևորում ենք ԱՄՆ շարունակական ներգրավվածությունն ու դերակատարությունը մեր տարածաշրջանային գործընթացներում: Ուրախ եմ, որ հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով:

Մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ սկիզբ առած ժողովրդավարական զարգացումները բարձր գնահատանքի են արժանացել Միացյալ Նահանգներում՝ նոր հնարավորություններ բացելով երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման, հեռանկարային նոր ոլորտների բացահայտման և ծրագրերի իրականացման համար: Այս ընթացքում հարաբերություններին բնորոշ էր տարբեր մակարդակներով և ձևաչափերով հանդիպումների և փոխայցելությունների բարձր դինամիկա, սակայն այստեղ ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մեր հարաբերությունների լավագույն գնահատականը բովանդակությունն է, և օրերս կայացած նիստի օրակարգի ընդգրկունությունը դրա վառ ապացույցն է: Համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները շատ են, ինչի մասին հանգամանալից խոսվեց նաև նիստի ընթացքում:

Այս տարի առաջընթաց է արձանագրվել նաև միջխորհրդարանական հարաբերությունների ոլորտում: Մասնավորապես` ապրիլին կայացավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի» (House Democracy Partnership) երկկուսակցական հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան, որն ազդարարեց հանձնաժողովի ու ՀՀ Ազգային ժողովի միջև ինստիտուցիոնալ հարաբերություններ ձևավորելու մեկնարկը:

Հարց․ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Վարուժան Ներսեսյան․ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ միասին գործադրվող շարունակական ջանքերն՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Կարելի է ասել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն եզակի ձևաչափերից է, որտեղ մենք ականատես ենք լինում նման ձևաչափով համագործակցության համանախագահող երկրների միջև:

Հարց․ Վերջերս դեսպանությունում տեղի ունեցած ընդունելության ժամանակ Դուք շեշտեցիք գլոբալ մարդասիրական ծրագրերի կարևորությունը հակամարտության գոտիներում ու հայերի` որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի դերը դրանց մասին իրազեկության բարձրացման գործում: Ըստ Ձեզ՝ այս ուղղությամբ ի՞նչ անելիքներ ունենք:

Վարուժան Ներսեսյան․ Հայաստանի Հանրապետությունն անգամ ռեսուրսների ու հնարավորությունների սահմանափակության պայմաններում մեծ ջանքեր է գործադրում ցեղասպանության հանցագործության մասին իրազեկվածության բարձրացման ու դրա կանխարգելման ուղղությամբ: Կարծում եմ` այս ուղղությամբ Հայաստանի հետևողական գործունեությունն արդեն իսկ ակներև է ու դրական է ընկալվում միջազգային հանրության կողմից: Այս առումով պետք է հաշվի առնենք, որ ցեղասպանությունների կանխարգելումը նախևառաջ միջազգային հանրության ընդհանրական պատասխանատվությունն է: Այդպիսին է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. Կոնվենցիայի իրավական մեկնաբանությունը: Ուստի Հայաստանը նախևառաջ հետևողական ջանքեր է գործադրում ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Մենք ստանձնել ենք այդ գործընթացի առաջամարտիկի դերը, քանի որ կրում ենք այն բարոյական պատասխանատվությունը, որ որևէ մեկն այլևս չպետք է վերապրի այն, ինչի միջով անցել է մեր ժողովուրդը, որ «այլևս երբեք»-ը զուտ կարգախոս չէ, այլ դրա ներքո դրված ողջ կոնցեպտը պետք է մեկընդմիշտ ամրագրվի:

Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի ներքո պետք է դիտարկել նաև ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գլոբալ ֆորումների անցկացումը Երևանում, որով Հայաստանը հետևողական հայտ է ներկայացնում այս ֆորումը ցեղասպանության կանխարգելման ևս մեկ հարթակի վերածելու ուղղությամբ: Եվ Երևանում անցյալ տարվա դեկտեմբեր ամսին անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հիմնական շեշտադրումն արվեց հենց կանխարգելման գործընթացում կրթության դերի վրա:

Հարց․ Պարոն դեսպան, Հայաստանի նոր իշխանությունները շեշտադրում են ներդրումների ներգրավումը, այդ գործում ընդգծվում է դիվանագիտական կառույցների դերը: ԱՄՆ-ից Հայաստան ներդրումներ ներգրավելու, մեր երկրի տնտեսական հնարավորությունները ներկայացնելու առումով ի՞նչ անելիքներ կան: Արդյո՞ք կան նախանշված ծրագրեր, հանդիպումներ: Երկու երկրների միջ և տնտեսական համագործակցության ընդլայնման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

Վարուժան Ներսեսյան․ Հայաստանի կառավարության կողմից որպես առաջնահերթություն հայտարարված տնտեսական հեղափոխության համար համապատասխան միջավայրի ստեղծման ուղղությամբ աշխատանքները վերաբերում են բոլորիս: Մեզ՝ դիվանագետներիս համար այդ առումով առաջնային է, ի թիվս այլոց, տնտեսական կապերի աշխուժացման համար հարթակի ապահովումը, տնտեսական ոլորտի ներկայացուցիչների միջև կապերի հաստատումը, իրականացվող բարեփոխումների և ծրագրերի մասին իրազեկումը: Տնտեսական ոլորտում մեր գործունեության առանցքը հենց սա է, և այդ ուղղությամբ մեր կողմից իրականացվող քայլերը ամենօրյա բնույթ են կրում:

Ակնհայտ է, որ Հայաստանում ձևավորվող բարենպաստ միջավայրի առկայությունը գրավիչ հանգամանք է ներդրողների համար: Ներդրումների խթանման համար կարևոր հանգամանք է նաև ԵՄ հետ «GSP+», իսկ ԱՄՆ հետ GSP առևտրային ռեժիմի առկայությունը, որոնք հավելյալ հնարավորություններ են տալիս հայ արտահանողներին` արտոնյալ պայմաններով ԵՄ շուկաներ մուտք գործելու համար, իսկ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը հնարավորություն է տալիս օտարերկրյա արտահանողներին` Հայաստանի միջոցով հասանելի դառնալու 182 մլն բնակչություն ունեցող ԵՄ շուկային:

Թեև հստակ ծրագրերի մասին դեռ վաղ է խոսել, սակայն կարող եմ ասել, որ հեռանկարային են տեղեկատվական տեխնոլոգիաների ու այլընտրանքային էներգետիկայի ոլորտները: Աշխատանքները շարունակվում են, և ես լիահույս եմ, որ այս ուղղությամբ շոշափելի հաջողություններ կարձանագրենք:

Հարց․ Հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերում կարևորվում է ամերիկահայ համայնքի ակտիվ դերակատարումը: Ի՞նչ անելիքներ եք տեսնում այս ուղղությամբ:

Վարուժան Ներսեսյան․ Դժվար է բավարար կերպով գնահատել, թե որքան մեծ է ամերիկահայ համայնքի ունեցած և ունենալիք դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացման գործում: Ամերիկահայերը նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը թե՛ պետական, թե՛ գործարար և թե՛ այլ շրջանակներում, մեծապես նպաստում Հայաստանի բարեկամների թվի մեծացմանը ու ներդրումների ծավալների ավելացմանը: Բացի այդ, ԱՄՆ 1.6 միլիոնանոց հայկական համայնքը ԱՄՆ խոշորագույն ու քաղաքականապես ակտիվ էթնիկ համայնքներից է, որը նաև մեծ ներդրում է ունեցել այս երկրի զարգացման գործում:

Ներկայումս կարևորվում է ապակենտրոնացված համագործակցության զարգացումը ԱՄՆ առանձին նահանգների հետ, որն ավելի արդյունավետ ու անմիջական է դարձնում տեղի կոնգրեսականների ու քաղաքական գործիչների հետ աշխատանքը: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելիս պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք լայնածավալ և բազմաշերտ մի պետության հետ, որտեղ առանձին նահանգների հետ աշխատանքն առնվազն նույն կարևորությունն ունի, ինչ մայրաքաղաքի հետ աշխատանքը: Սա հատկապես կարևոր է ներդրումների ու առևտրատնտեսական հարաբերությունների տեսանկյունից: Օրինակ` Կալիֆորնիա նահանգի տնտեսությունն իր մեծությամբ աշխարհում 5-րդն է: Այդ իսկ պատճառով բազմաթիվ պետություններ ունեն տասնյակ հյուպատոսություններ ԱՄՆ ամենատարբեր նահանգներում, և մենք էլ պետք է որդեգրենք այս նույն ռազմավարությունը` հատկապես հաշվի առնելով, որ մենք ունենք բազմաթիվ հայրենակիցներ, որոնք ամերիկյան ամենատարբեր նահանգներում բնակվող օրինակելի ԱՄՆ քաղաքացիներ են և պատրաստակամ են նպաստելու հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը:

Հարց․ Պարոն դեսպան, վերջերս ի՞նչ մշակութային ծրագրեր են իրականացվել ԱՄՆ-ում: Կարո՞ղ եք ներկայացնել, թե ի՞նչ ծրագրեր կան նաև հետագայում ԱՄՆ-ում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ:

Վարուժան Ներսեսյան․ 2018 թվականը նշանակալի էր հատկապես ԱՄՆ-ում Հայաստանի հեղինակության և ճանաչելիության բարձրացման առումով. իրականացվեցին մի շարք աննախադեպ մշակութային ծրագրեր: Տարին նշանավորվեց ԱՄՆ-ում հայկական պատմությունն ու մշակույթը լավագույնս ներկայացնող երկու խոշոր իրադարձություններով: Առաջինը Վաշինգտոնի սրտում Սմիթսոնյան հաստատության կողմից անցկացվող Ֆոլքլայֆ փառատոնին Հայաստանի մասնակցությունն էր, որը երկու շաբաթվա ընթացքում ունեցավ 700.000-ից ավելի այցելու ու մոտ 9 մլն դիտորդ զանազան օնլայն հարթակներում: Մյուս կարևորագույն իրադարձությունը Նյու Յորքի աշխարհահռչակ Մետրոպոլիտան թանգարանում Հայաստանի քաղաքակրթական ժառանգությանը նվիրված ցուցադրությունն էր, որն ունեցել է շուրջ 230.000 այցելու:

Մենք աշխատում ենք առկա դինամիկան պահպանելու և ընդլայնելու ուղղությամբ: Ասեմ, որ 2020թ. արդեն նախատեսված են մի շարք խոշոր մշակութային միջոցառումներ, որոնցից գլխավորը Վաշինգտոնի ազգային տաճարի PostClassical նվագախմբի հետ համագործակցությամբ կազմակերպվելիք հայկական փառատոնն է, որի ընթացքում ներկայացվելու է հայ երաժշտության զարգացումն իր ամբողջականության մեջ: Միջոցառումների ցանկը ներառելու է նաև հայկական ֆիլմերի փառատոն, հայ արվեստագետների գործերի ցուցահանդեսներ ու այլ հարակից միջոցառումներ:

Հարց․ Միացյալ Նահանգները Հայաստանին մարդասիրական և տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնոր է: Այս տարվա համար արդյո՞ք հստակեցվել է, թե կոնկրետ որ ուղղություններով կարող է աջակցություն լինել:

Վարուժան Ներսեսյան․ Միացյալ Նահանգները Հայաստանին արտաքին աջակցություն տրամադրող առաջատար երկրների թվում է. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ԱՄՆ կառավարությունը Հայաստանին հատկացրել է շուրջ 2 մլրդ դոլարի մարդասիրական և տեխնիկական օժանդակություն: ԱՄՆ արտաքին աջակցության նպատակներից է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն ու արդյունավետ գործունեությունը, ազատ շուկայական տնտեսության, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության, արդարադատության համակարգի բարելավման, քաղաքացիական հասարակության ձևավորման իրականացումը:

Այս կապակցությամբ, պետք է նշեմ, որ Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով արտահայտել է իր դրական վերաբերմունքը Հայաստանում 2018թ. սկսված ժողովրդավարացման գործընթացների ու այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռքբերումների նկատմամբ, և ակնկալում ենք, որ սա կարտահայտվի նաև ԱՄՆ արտաքին աջակցության ծավալների աճով: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ թեև աջակցությունը շատ կարևոր է, բայց մեզ համար առավել առաջնային է փոխշահավետ համագործակցությունը և օգնությունից դեպի ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերությունների անցումը:

Կցանկանայի կարևորել այս հարցում ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի աջակցությունը, որն իր ուրույն նպաստն է բերում Հայաստանի և Արցախի հանրապետություններին ամենամյա արտաքին աջակցություն տրամադրելու գործում: Ի դեպ, այս տարի ևս ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի շուրջ 4 տասնյակ անդամ Հայաստանին և Արցախին 2020թ. ֆինանսական տարվա համար աջակցություն տրամադրելու կոչ-նամակ է ուղարկել Կոնգրեսի Հատկացումների հանձնաժողովի ղեկավար կազմին` ներկայացնելով 100 միլիոն դոլարի չափով ոլորտային հատկացումների առաջարկներ. բյուջետային այս գործընթացը դեռ շարունակվում է:

Հարց․ Պարոն դեսպան, ընթացիկ տարում դեսպանության օրակարգում ի՞նչ ծրագրեր կան: Արդյո՞ք փոխայցելություններ նախատեսված են:

Վարուժան Ներսեսյան․ Ընթացիկ տարվա առաջին կեսը նշանավորվեց մի քանի կարևոր փոխայցելություններով: Առաջինը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այցն էր ԱՄՆ: Նախարար Տոնոյանը այցելեց ԱՄՆ Կանզաս նահանգ` ի նշանավորումն Հայաստանի ու Կանզասի ազգային գվարդիայի միջև ավելի քան 15 տարվա համագործակցության ծրագրի: Այցի ընթացքում նախարար Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ:

Ապրիլին Վաշինգտոն այցելեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` մասնակցելու Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին, որի ընթացքում հանդիպումներ եղան նաև ամերիկացի գործընկերների հետ:

«Ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի` իր լիազորությունների շրջանակում ապրիլի 1-15-ը ԱՄՆ-ում էր գտնվում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Թեև այցի հիմնական նպատակը Հիմնադրամների գործունեության մասին իրազեկվածության բարձրացումն էր ու դրանց ծրագրերին աջակցելու նպատակով հանգանակություններ կազմակերպելը, սակայն օրակարգը հագեցած էր նաև ճանաչողական, քաղաքական բնույթի մի շարք հանդիպումներով, որոնց ընթացքում ներկայացվեցին հիմնադրամների գործունեությունը, տիկին Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակը թավշյա հեղափոխությունից հետո: Կառանձնացնեի նաև Աննա Հակոբյանի հանդիպումը մեծ թվով ԱՄՆ կոնգրեսականների հետ:

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031