ԱԺ-ում այսօր Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց՝ «Ապօրինի հարստացման դեպքերով քանի՞ քրեական գործ կա հարուցված, փողերի լվացման առնչությամբ ի՞նչ տվյալներ կան»: Արթուր Դավթյանը հայտնեց, որ այս պահին հինգ անձի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում ապօրինի հարստացման փաստով:
Ինչ վերաբերում է փողերի լվացման դեպքերին, Արթուր Դավթյանն արձանագրեց, որ 2018թ.-ին աճ է գրանցվել. «2018թ.-ին ունեցել ենք ութ-իննը քրեական գործ, իսկ 2017թ.-ին՝ ոչ մեկը: Խնդիրն այն է, որ փողերի լվացումը հիմնականում արձանագրվում է այլ հանցագործությունների բացահայտման ժամանակ, երբ, օրինակ, պարզվում է, որ մեղադրյալը հանցավոր ճանապարհով ձեռքբերած գույքը փորձել է հետո օրինականացնել»:
Գլխավոր դատախազի խոսքով՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն առաջիկայում հանգեցնելու է նաեւ փողերի լվացման դեպքերի բացահայտման թվի աճին. «Իսկ ապօրինի հարստացման վերաբերյալ այս պահին հստակ գնահատականներ չեմ կարող տալ»:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, նրա դուստրն ու որդին մեղադրվում են ապօրինի հարստացման համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ