Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«3 պրոբլեմ ունի իշխանությունը այդ 100 փաստի հետ մեկտեղ». Մարուքյանը թվարկում է Փաշինյանի սխալները

Մայիս 10,2019 12:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց՝ վերջին մեկ տարվա ընթացքում դրական փոփոխությունների: Aravot.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ կոնկրետ ձեր կյանքը այդ 100 փաստից քանի՞ նիշով է փոխվել դեպի լավը: Նա պատասխանեց. «Բնականաբար, ընդհանրապես քննարկման առարկա չէ՝ լա՞վ էր, որ հեղափոխություն եղավ, թե՞ ոչ, այդ հարցն ընդհանրապես քննարկման առարկա չի: 100 փաստը վերաբերում է ծնելիությանը, ամուսնությանը, ամուսնալուծություններին, հազար ու մի բանին: Մեզ ասում են՝ մարդիկ բաներ են արել, չեք գնահատում, մենք շատ ենք գնահատում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, բայց մյուս կողմից էլ 3 պրոբլեմ ունի իշխանությունը այդ 100 փաստի հետ մեկտեղ:

Պրոբլեմ 1` տեսլական չունենալ տարբեր ոլորտներում ինչ է պետք է անել՝ ձգձգումներն ազդում են: Անգլերեն խոսք կա, ասում է՝ timing is everything, այսինքն՝ ամեն ինչ պետք է այդ պահին, ժամանակին անես, հետո չես կարող: Տեսլականն է պրոբլեմը:

2-րդ պրոբլեմը կադրային քաղաքականությունն է, ոչ կոմպետենտ կադրերը վնասում եւ մսխում են հեղափոխության արժեքները եւ հանրային այն կրեդիտը, որ կա:

3-րդ պրոբլեմն այն է, որ վարչապետը պետք է գնա ներառական ճանապարհով, նա պետք է դառնա բոլորի վարչապետը, մինչդեռ մենք տեսնում ենք այս հակադրությունը: Դա կարող է անցումային արդարադատության բացակայության արդյունքն է, որ հանրային համերաշխության չենք հասնում: Բայց քանի որ այդ ոլորտում էլ չկա տեսլական…մենք մի տարի է՝ խոսում ենք անցումային արդարադատության մասին, բայց կարող է անցումային արդարադատություն անցել է արդեն, մի երկու տարի էլ գնա, մեկ էլ տեսնենք չկա: Մի երկու տարի էլ խոսանք՝ լրիվ անցած կլինի»:

Մեր դիտարկմանը, որ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը միասնական է, թող լինի «միասնություն -4», թալանողի եւ թալանվողի միջեւ ի՞նչ միասնություն՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ու էլ ովքեր կային այդ 4-ի մեջ, ասեին՝ լավ է եղել, որ հեղափոխություն է եղել, համակերպվեին ամենի հետ, ինչ կա եւ հանրային համերաշխության հասնեինք: Բնականաբար, այդ հանրային համերաշխության ճանապարհին մարդիկ պիտի ընդունեն, որ բացթողումներ եւ սխալներ են եղել, մեղավորները պատասխանատվության պետք է ենթարկվեն: Տեսեք, մանկապարտեզների շենքերի համար ես հարց էի բարձրացրել, ես անգամ չեմ ուզում, որ ինչ-որ մեկը նստի դրա համար: 6000 երեխաներ, ովքեր հերթի մեջ են, պետք է ունենան մանկապարտեզ, չեմ ուզում բանտերը լցնել»:

Ինչ վերաբերում է թալանող-թալանվողների համերաշխությանը՝ Մարուքյանն ասաց. «Դե որ փողերը բերեն, կարելի է հաշտվել: Կարող է Փաշինյանը շատ է ջղայնացել, չգիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031