Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի վրա ինձ սրբեր հայտնի չեն, այդ թվում՝ դատախազներ». Արթուր Դավթյանը՝ «սուրբ» դատախազների մասին

Մայիս 10,2019 11:51

ԱԺ-ում այսօր ՀՀ Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց. «Հաշվի առնելով այն փաստը, որ նախորդ տարի, ըստ դատախազության զեկույցի, 470 պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել՝ կոռուպցիոն գործողություններին առնչվող մեղադրանքներով, կխնդրեի  ներկայացնել, թե արդյոք քրեական հետապնդման ենթարկված դատախազներ եղե՞լ են»:

Արթուր Դավթյանը հայտնեց, որ 2018թ.-ին քրեական հետապնդման ենթարկված գործող դատախազ չի եղել, այս պահին մեկ դատախազի հանդեպ է քրեական հետապնդում իրականացվում. «Ամենակարեւորը բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորումն է: Դա ենթադրում է զրո հանդուրժողականություն՝ կոռուպցիայի հանդեպ: Դա մեզ էլ է վերաբերում: Թող անհամեստ չհնչի, բայց դատախազության համակարգում հաջողվել է այդպիսի մթնոլորտ ձեւավորել»:

Էդգար Առաքելյանը շարունակեց. «Դեռեւս խորհրդային ժամանակներից հանրության շրջանում հայտնի մոտեցումը, թե դատախազներն ամենակոռումպացված, կամ, ժողովրդական լեզվով ասած՝ «տռզած» պաշտոնյաներն են, այլեւս վերացա՞ծ է, դատախազներն այլեւս սրբե՞ր են»: Արթուր Դավթյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, թե մարդիկ երկու տեսակի են լինում՝ սրբեր եւ կոռուպցիոներներ: Երկրի վրա ինձ սրբեր հայտնի չեն, այդ թվում՝ դատախազներ: Բայց ինչ վերաբերում է ձեր ասածին, պաշտոնապես հայտարարում եմ՝ ներկայիս դատախազությունում դա բացառված է: Առաջինն իմ օրինակով կարող եմ փաստել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031