ԱԺ-ում այսօր Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց. «Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր քրեական հետապնդման են ենթարկվում պաշտոնյաներ, եղե՞լ են դեպքեր, որ նախորդ իշխանության պաշտոնյաները ձեզ հորդորեն, ճնշեն կամ խնդրեն ավելի մեղմ լինել՝ հաշվի առնելով այն փաստը, որ ձեզ նախորդ իշխանություններն են նշանակել»:
Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ինձ վաղուց չեն խնդրում, պարոն Կոնջորյան, վստահաբար եմ ասում: Մարդիկ գիտեն, որ եթե ինձ խնդրում են, դա հակառակ ազդեցությունն է ունենում»:
Կոնջորյանը նաեւ հարցրեց՝ «Պատրաստակա՞մ եք մինչեւ վերջ գնալ՝ անկախ նրանից, թե նախորդ իշխանությունից որ անձինք կհայտնվեն մեղադրյալի վիճակում»: Դավթյանն ասաց. «Որ պահին ինքս իմ մեջ բարոյական արգելք տեսնեմ, բարոյական չեմ համարի իմ պաշտոնավարումը շարունակելը: Որեւէ խոչընդոտ չունեմ»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ Արթուր Դավթյանին հարցրեց. «Ո՞ր արժանիքի համար 2016թ.-ին Սերժ Սարգսյանը ձեզ առաջադրեց գլխավոր դատախազի պաշտոնում: Եթե չլինեինք ռեժիմի կամակատարը, արդյոք կառաջադրվեի՞ք կամ կընտրվեի՞ք այդ պաշտոնում»:
Կարդացեք նաև
Արթուր Դավթյանը պատասխանեց. «Բացեք եւ տեսեք իմ կենսագրությունը դատախազության համակարգում եւ հետեւություններ կանեք: Իմ համար հարցի պատասխանը դա է, ես երբեւէ առաջարկողին չեմ հարցրել, թե ինչու է իմ թեկնածությունն առաջադրում, բայց ինձ հայտնի միակ պատճառն իմ ճանապարհն է դատախազության համակարգում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ