Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց սպիտակ բծերի

Մայիս 10,2019 10:00

«Ինձանից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, նրա վարկանիշը, բոլորս գիտենք։ Հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել նախագահ բառը, որովհետեւ նրանք երբեւէ չեն ընտրվել որպես նախագահ»,- երեկ ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Երկրորդ նախագահի «ընդդիմադիր» հավակնությունների մասին լրագրողի հարցին: Առաջին դիտարկումն ինձ ճիշտ է թվում, բայց դրա մասին՝ վաղը: Իսկ անվանե՞լ, թե՞ չանվանել նախագահ Երկրորդ եւ Երրորդ նախագահներին՝ հիմք ընդունելով, որ նրանք չէին ընտրվել, այս հարցին կփորձեմ նայել, այսպես ասած, պատմական հայացքով:

Կար մի կարկառուն բոլշեւիկյան գործիչ՝ Լեւ Տրոցկի, որն իրենց հեղափոխության գլխավոր «շարժիչներից» մեկն էր եւ Կարմիր բանակի ճարտարապետը: Լուսանկարներում նա պատկերվում էր այլ բոլշեւիկների կողքին: Բայց երբ նրա եւ Ստալինի միջեւ հակասություններ առաջացան, լուսանկարներում նրա գլխի փոխարեն սպիտակ բիծ հայտնվեց: Այնուհետեւ այդ սպիտակ բծերը շատացան. «բացակայեցին» Զինովեւը, Կամենեւը, Բուխարինը եւ այլք: Հարյուրավոր այլ լուսանկարների վրա նույնպես հայտնվեցին բազմաթիվ սպիտակ բծեր՝ գուցե ոչ այնքան հայտնի եւ բարձրաստիճան բոլշեւիկների «բացակայող» դեմքերի փոխարեն: Սպիտակ բծերի միջոցով հակառակորդներին կամ անհաճո մարդկանց «մոռացնել տալը» հնուց եկող ավանդույթ է, եւ դա կապ չունի այն հանգամանքի հետ, թե որքանով էին այդ բացակայողները ճիշտ կամ սխալ:

Մինչեւ 1998 թվականը Արցախյան ճակատում մեր հաջողությունները պայմանավորվում էին, մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումով, քանի որ նա Հայաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարն էր, եւ դա այսօր էլ է ինձ անառարկելի պատմական ճշմարտություն է թվում: 98-ից հետո Քոչարյանը եւ նրա կողմնակիցները (մասնավորապես՝ Դաշնակցությունը) փորձում էին ապացուցել, որ բոլոր հաջողությունները ձեռք են բերվել ի հեճուկս Տեր-Պետրոսյանի, որ Առաջին նախագահն ամեն ինչ հանձնում էր, իսկ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ ամեն ինչ ազատագրում, ինչը, կարծում եմ, հակասում է պատմական իրողություններին: Հիմա, պատմական անիվի հերթական շրջապտույտից հետո, պաշտոնական տեսակետը դարձյալ փոխվում է 180 աստիճանով՝ Առաջին նախագահն ազատագրում էր, Երկրորդն ու Երրորդը՝ «ծախում», եւ դա, իմ համոզմամբ, դարձյալ պատմականորեն սխալ գնահատական է: Պատմությունը, քաղաքական կանյունկտուրայից ելնելով, 20 տարվա ընթացքում, ականատեսներիս կյանքի օրոք խեղաթյուրվել է երկու անգամ: Պատկերացնո՞ւմ եք, ինչ է լինելու մոտակա 50 կամ 100 տարում:

Հիմա ստացվում է, որ 20 տարի Հայաստանը նախագահ չի ունեցել, եւ այն մարդիկ, որոնք միջազգային պայմանագրեր են ստորագրել, օրենքներ են վավերացրել, հրամանագրեր են ստորագրել, իրականում «դե ֆակտո» նախագահ չէին: Բայց պետության պատմությունը շարունակական գործընթաց է, այստեղ «սպիտակ բծեր» չեն կարող լինել:

Ի դեպ, ինչպե՞ս վարվել Տեր-Պետրոսյանի դեպքում, որը 1991-ին ընտրվել էր, իսկ 1996-ին, շատերի կարծիքով, չէր ընտրվել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garo says:

    Բայց դե բանակի գերագույն հրամանատարն էր: Իսկ բանակը 18տարեկան զինակոչիկներիցեր բաղկացած:
    Իսկ Շուշին ազատագրում էին կամավորական ջոկատները, դաշտային հրամանատրները որոնք առաձնապես գերագույնին չէին ճանաչում ու չէին ենթարկվում:

    Հիշացնեմ որ գերագույն հրամանատարը առաջին անգամ Արցախ գնացելա 93-ի հունիսի համոզելու հանձնել Քելբաջարը:
    1992-ին երբ Ադրբեջանը Արցախի կեսը չէր գրավեցին, Արծվաշենը գրավեցին գերագույնը չգնաց ճակատ զորքին ոգեվորելու:
    Նենց որ հաղթանակները վերագերլ են Լևոնին զուտ նրա համար որ ֆորմալ ինքը համարվում էր մի քանի առաջ ստեղծված բանակի գերագույնը մի տեսակ էն չի:
    Լևոնը հիմնականում արտաքին քաղաքակությամբ էր զբաղվում ռազմական հաղթանակների հետ կապ չունի, բերեք քարը փեշներիցս թափենք ու ընդունենք էտ փաստը:

    Հայաստանի կողմից Վազգեն Սարգսյանը որ կորդինացնում էր Հայստանի կամավորական ջոկատներին մահապարտների գունդ հավաքեց ուղարկեց:

    Բայց իմ համար Քոչարյաննա ամենակարևոր ֆիգուրը, քանի որ պատերազմի ամենադժվար պահին հենց ինքը պատասխանտվությունը վերցրեց իր վրա ստանձնեց վարչապետի, պաշտպանության կոմիտեյի ղեկավարի պաշտոնները Արցախում հայտարարեց մոբիլիզացիա ու ամեն ինչ արեց պատերազմի ընթացքը բեկելու համար:

    Էն դեպքում երբ Հայաստանում մեծ մասը արդեն համակերպվել էին Արցախը կորցնելու մտքին, մի մեծ մասնել գզվրտոցով էր զբաղված թե ով ծախեց Շահումյանը ու Մարտակերտը:

  2. Հ.Շ. says:

    Հեշտօրէն կարելի է նկատել թէ այժմու Ազգային Ժողովի անդամներին եւ հետեւաբար վարչապետի ընտրութիւնները, զուտ իրաւացիութեան գետնի վրայ, վիճելի են: Քանզի նախկին Խորհրդարանը, պահ մը վերածուած բառացիօրէն պատանդի, զրկուած էական ազատ կամքից, ջլատուեցաւ բռնի ուժով, սպառնալիքների ներքոյ: Ապա ժողովրդային քուէարկութիւնը տեղի ունեցաւ բնակչութեան արտակարգօրէն փոքր տոկոսի մասնակցութեամբ, եւ այդ ալ, մթնոլորտի մը մէջ, ուր քուէարկողի կամքը էականօրէն պղտորած էր ծայրայեղ յուզականութեամբ: Ոնց որ, օրինակի համար, հարբած անձը պայմանագիր ստորագրէ…Դա օրինապէս կարող է չեղեալ նկատուիլ: Իսկ ոմանք ալ, դէմ լինելով նորելուկներին, չքուէարկեցին, որովհետեւ վախենում էին:

    Բայց այս ամէնը երկրորդական է, որովհետեւ կը խօսինք տակաւին չկազմուած պետութեան մը մասին: Հարցը այլ տեղ է: Այժմու իշխանաւորները կը սիրեն յայտնել թէ այս կամ այն անձը անջատուած է իրականութիւնից: Իրողութիւնը այն է սակայն որ իրենք է որ մեկուսացած են իրենց փոքրիկ պղպջակին մէջ, երջանիկօրէն կտրուած՝ շատ մը կարծր իրականութիւններէ: Անոնցմէ մէկը այն է թէ, ինչ որ ել լինի կամ չլինի, Ռոբերտ Քոչարյան մը աւելի խորապէս յարգուած պիտի ըլլայ մեծաթիւ հայերի կողմէ, կամ թէ Նիկոլ Փաշինյան մը: Իսկ վերջինիս պոռոտախօս, շփացած եւ ինքնահաւան մանկլավիկների նուազագոյն հետքը, շուքը իսկ չի մնար, Հայոց Պատմութեան մէջ:

    Յատկապէս, բնաւ չէք պատկերացնում թէ ինչ է զգում եւ մտածում դասական Սփիւռքը:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://haytougchamlian.blog/

  3. henri says:

    50 և 100 տարիներ ետքն ալ մենք /որպէս հայ/ միշտ պիտի ունենանք Իրաւականի և Զգացականի խառնաշփոթութիւն ստեղծող տեսակէտներ – որքան ալ Հին Հռոմայեցիներուն ասացուածքը ճիշդ ըլլայ / contra factum non valet argumentum/
    ՛՛ Իրականութեան դիմաց պատճառաբանութիւնը աւելորդ է՛՛
    մենք պիտի չփոխուինք ; Մէկ լուծում կայ այս կացութեան – Սպասենք որ մեր պատմութիւնը գրեն անգլիացիներ կամ գերմանցիներ , անկիր և չափուած բառերով որ բան մը հասկնանք ; Մեր կողմէն ալ մասնակցի Պ.Ա.Աբրահամեանը որ ինձ կը թուի հասած է այդ մակարդակին ;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031