Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաջին քայլը

Մայիս 10,2019 12:00

Զինադադարի հաստատումից անցել է 25 տարի

Մայիսյան այս օրերին լրանում է ղարաբաղյան պատերազմում կնքված Զինադադարի 25-ամյակը: Վերջին ամիսներին այս փաստաթուղթը սկսել է ավելի ու ավելի հաճախ հիշատակվել: Հայաստանի ներկայիս իշխանությունները երբեմն քննադատվում են այն պատճառով, որ կարծես, մոռացության էին մատնել այս կարեւոր փաստաթուղթը, որը ստորագրել էին Արցախը, Հայաստանն ու Ադրբեջանը: Իսկ որ այդ փաստաթուղթը հայկական կողմը որպես հաղթաթուղթ կարող է օգտագործել Ալիեւի բանակցություններում՝ միանշանակ է:

Վերհիշենք, թե ինչ պայմաններում, ինչ մթնոլորտում եւ ինչպես է կնքվել Զինադադարի փաստաթուղթը:

1994թ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի կնքմանը հասնելուն զուգահեռ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները իրենց առջեւ նպատակ էին դրել` ռազմական հաջողություններն ամրապնդել նաեւ դիվանագիտական ձեռքբերումներով:

1994թ. մայիսին մեծ դժվարությամբ հաստատված ու տարիներ շարունակ բացառապես հակամարտող կողմերի դրսեւորած քաղաքական կամքի շնորհիվ պահպանված զինադադարը, բոլորի համար էլ պարզ է, որ փխրուն էր, քանի դեռ կար ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը: Ի վերջո, ունեցանք 2016թ. ապրիլյան պատերազմական գործողություններ, այսօր էլ այդպիսի գործողությունների վերսկսումը, նույնիսկ լայնածավալ պատերազմի բռնկումը շատերը չեն բացառում:

Մայիսի 12-ին կլրանա ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 25 տարին: Ինտենսիվ մարտերի եւ հարաբերական անդորրի հաջորդական փուլեր անցած ծանր պատերազմը անդառնալի կորուստներ եւ բազում տառապանքներ էր պատճառել կողմերին, հյուծել էր հակամարտող կողմերի մարդկային եւ տնտեսական ուժերը: Հայտնի է, սակայն, որ Ադրբեջանը տեւական ժամանակ ընդդիմանում էր զինադադարի հաստատմանը, եւ հասկանալի է, թե ինչու` տարածքային զգալի կորուստներ կրած կողմի համար զինադադարի ամրագրումը նշանակում էր տարածքային կորուստների «լեգիտիմացում»:

1993թ. դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի սանձազերծած եւ մինչեւ 1994թ. գարուն շարունակվող ռազմական գործողություններում ադրբեջանական զինված ուժերի պարտությունները հօդս ցնդեցրին ռազմական ճանապարհով իրավիճակը իրենց օգտին փոխելու հույսերը: Բաքուն հարկադրված էր համաձայնել զինադադարին:

Հարկ է ընդգծել, որ 1994թ. հայկական կողմի համար զինադադարը հաստատվել է անվիճելի ձեռքբերումներով՝ Արցախը ոչ միայն ազատագրվեց, այլեւ նրա շուրջը ստեղծվեց հուսալի անվտանգության գոտի: Նորանկախ Հայաստանի ղեկավարությանը, որը կողմնակից էր ռազմական գործողությունների դադարեցմանը եւ զինադադարի հաստատմանը՝ հաջողվեց ռազմական հաջողություններն ամրապնդել դիվանագիտական հաջողություններով:

Ղարաբաղյան հակամարտության ողջ պատմության մեջ 1994թ. նշանակալի տարի է եղել: Ադրբեջանական զորքերը ռազմաճակատի ամբողջ երկայնքով անընդմեջ հարձակումներ էին գործում: Հայկական բանակի ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում էին: Հաշվի չառնելով կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստները՝ ադրբեջանական բանակի հրամանատարությունը նոր գրոհներ էր ձեռնարկում:

Նկատենք, որ մինչեւ 1994թ. հունվարը ներկայացվել էին խաղաղության հաստատման նախաձեռնություններ թե՛ ԵԱՀԽ-ի (այժմ` ԵԱՀԿ), թե՛ Ռուսաստանի կողմից, եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ էր անում համախմբել ջանքերը եւ հույս հայտնում, որ ժամանակի հետ դրանք կմիահյուսվեն, քանի որ ոչ թե հակասում, այլ` լրացնում են իրար: Թեեւ ԵԱՀԽ-ի եւ Ռուսաստանի պլանները բազմաթիվ հարցերում համընկնում էին, սակայն ունեին էական տարբերություն՝ ռուսական նախաձեռնությունում առկա էր խաղաղարար ուժեր տեղաբաշխելու հարցը՝ որպես ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիք: Հատկանշական է, որ ԼՂՀ-ն եւ ՀՀ-ն համաձայնել են այդ երկու պլաններին, իսկ Ադրբեջանը մերժել է դրանք: Սա հաստատել է նաեւ ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 1994թ. հունվարի 10-ին ռուսաստանյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում. «Մասնակցում ենք բոլոր խաղաղարար ձեռնարկումներին, որոնք առաջարկվում են ԵԱՀԽ-ի կամ ՌԴ-ի կողմից, ոչ մի անգամ ղարաբաղյան կողմը չի հրաժարվել բանակցություններին մասնակցելուց», «հիմա ճիշտ կլիներ սառեցնել պատերազմը, եթե անհրաժեշտ է` մտցնել բաժանարար ուժեր, որոնք պարզապես կկանգնեցնեին մարտնչող կողմերին, եւ ընթանային բանակցություններ կարգավիճակի, փոխհարաբերությունների շուրջ, գտնվեին փոխընդունելի որոշումներ, Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանագրային հարաբերություններ»:

Պատերազմական գործողությունների շարունակման պատճառով թե՛ հայաստանցիները, թե՛ արցախցիները լարել էին իրենց ուժերը: Ղարաբաղյան ուժերը կասեցնում են ադրբեջանցիների հարձակումները: Երկու կողմերն էլ ծանր կորուստներ են կրում: Այդ օրերին Եվրամիության նախագահը դիմում է Ադրբեջանին եւ մտահոգություն հայտնում հակամարտության ընդլայնման վտանգի առիթով: Նա կողմերին կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, կատարել ՄԱԿ-ի բանաձեւի պահանջները եւ վերսկսել բանակցությունները ԵԱՀԽ Մինսկի խմբի շրջանակներում:

1994թ. հունվարի 28-ին Երեւան է ժամանում ՌԴ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Օդանավակայանում ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանի հետ բանակցություններից հետո նա անմիջապես մեկնում է Ստեփանակերտ: Ստեփանակերտում Կազիմիրովի գտնվելու պահին ադրբեջանական օդուժը խախտում է ԼՂՀ օդային տարածքը: Վերադառնալով Երեւան՝ Վլադիմիր Կազիմիրովը Դավիթ Շահնազարյանի, ԱԳ նախարար Վահան Փափազյանի, այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ քննարկում է կարգավորման ռուսական նախաձեռնությունը, որի իմաստը փետրվարի 1-ից ռազմական գործողությունների դադարեցումն է: Հայկական կողմերի պատասխանը դրական է, իսկ պաշտոնական Բաքուն նախապայման է դնում. «Եթե Հայաստանը պարտավորվի իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ապա մենք մեր հերթին պատրաստ ենք անհապաղ ձեռնամուխ լինել բանակցությունների եւ համաձայնագիր ստորագրել» (Ադրբեջանի ԱԳ նախարար Հ.Հասանով): Անզիջում կեցվածք է արտահայտում նաեւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գծով պետնախարար Վ.Գուլուզադեն. «Ադրբեջանական կողմը մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները, քանի դեռ հանրապետության տարածքը զավթված է հայկական ուժերի կողմից»:

Այսպիսով, Վ. Կազիմիրովի հունվարյան առաքելությունը տապալվում է ադրբեջանական կողմի մեղքով: Դա արձանագրում է Դավիթ Շահնազարյանը՝ տարածած հայտարարությունում: «Ադրբեջանը հերթական անգամ ձախողեց ԼՂ-ում ժամանակավոր եւ համընդհանուր հրադադար հաստատելու Ռուսաստանի նորացված նախաձեռնությունն այնպես, ինչպես որ Բաքվի կողմից մերժվել էին ԵԱՀԽ-ի խաղաղարար ջանքերը», – ամրագրվում է հայտարարությունում եւ արվում տրամաբանական եզրակացություն՝ «Ադրբեջանը փնտրում է ղարաբաղյան հարցի բացառապես ռազմական լուծում»:

1994թ. փետրվարի 8-ին պաշտոնական այցով Լոնդոն ժամանած Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնում է, որ կարգավորման փոխզիջումային տարբերակն ավելի իրական է, սակայն առկա հոգեբանական պայմաններում ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմը պատրաստ չէ փոխզիջման, եւ մինչեւ չավարտվի պատերազմը՝ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ վեճերը է՛լ ավելի կխորացնեն զինված հակամարտությունը: Նա նաեւ հաստատում է ադրբեջանական բանակում հազարավոր աֆղան մոջահեդների, նախկին խորհրդային օդաչուների, տանկիստների, թուրք ռազմական խորհրդականների ու սպաների առկայությունը ղարաբաղյան պատերազմում:

Փետրվարի 18-ին ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացվում են բանակցություններ` նոր ծրագրի շուրջ, որոնց մասնակցում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովը, ԼՂ բանակի ներկայացուցիչ Բ. Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը եւ Վ. Կազիմիրովը: Ձեռք է բերվում քառակողմ պայմանավորվածություն (Հայաստան, ԼՂ, Ադրբեջան, ՌԴ), ըստ որի՝ մարտի 1-ին ծրագրվում է զինադադարի հաստատում, կողմերի տարանջատում, բոլոր «օտարերկրյա զորքերի» եւ վարձկանների դուրսբերում հակամարտության գոտուց, պատանդների եւ ռազմագերիների փոխանակում: Ձեռք բերված համաձայնությունից օրեր անց նախ Երեւան, ապա Բաքու են ժամանում Վ. Կազիմիրովը եւ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատեւը` հայաստանյան ղեկավարության հետ մոսկովյան արձանագրությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

Հայկական կողմը կրկին խաղաղասիրաբար է տրամադրված եւ համաձայնություն է հայտնում մարտի 1-ից հրադադար հաստատելու առնչությամբ, իսկ ադրբեջանական կողմի վերաբերմունքը դարձյալ բացասական է, մասնավորապես` խաղաղարար ուժերի տեղակայման հարցում: Իսկ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ «կրակը թեժ պահելու» գործելաոճին. մարտի 1-ին գնդակոծվում են ոչ միայն ղարաբաղյան դիրքերը, այլեւ զինված բախումներ են հրահրվում Հայաստանի հյուսիսարեւելյան սահմաններում:

Մոսկվայի հովանու ներքո ընթացող բանակցությունները մտնում են փակուղի:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի մայիսի 10-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031