Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը

Մայիս 10,2019 17:30

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սվիններով չի ընկալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ժողովուրդը ՀՀ որեւէ իշխանության չի պատվիրակել` ինչպե՞ս պետք է լուծի Արցախի հարցը` երբ իշխանության առաջին դեմքին ուղարկում է բանակցությունների: Հիշեցնենք, օրերս Երեւանի պետհամալսարանում, տնտեսագիտական ֆակուլտետում հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետն անդրադարձավ Արցախի հարցին, դրա կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է հստակ ձեւակերպենք՝ Ղարաբաղի հարցի լուծումն ինչպե՞ս ենք տեսնում. «Ինչպիսի՞ երկիր ենք ուզում տեսնել 20, 30, 50, 100 տարի հետո։ Մենք, ըստ էության, այսպիսի համազգային կամ, առնվազն, պետական մակարդակով ձեւակերպված պատասխան չունենք ու իմ կարծիքով, գիտե՞ք, ինչն է դրա պատճառը, որովհետեւ այս հարցը, այս տեսլականը ձեւակերպելու համար, մենք պետք է ձեւակերպենք, թե, օրինակ, Ղարաբաղի հարցի պատկերացումը մենք ո՞նց ենք տեսնում։ Էական չէ՝ ինչ տարբերակով կձեւակերպենք, ես հիմա չեմ ասում, որ մենք պետք է ձեւակերպենք հետեւյալ կերպ: (…) Մեկն ասում էր՝ «էսինչն են ծախել», մյուսն ասում էր՝ «եթե չի ծախել, հեսա կծախեն», մեկը գրում էր՝ «այ հենց նոր ծախեցին պրծան»։ Ես պարզ հարց էի տալիս՝ իսկ էս ամբողջ խոսակցությունը ոչ միայն իմ վերաբերյալ, այլեւ Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների մասին ինչի՞ պետք է լինի, ինչի՞ կա էդ խոսակցությունը։ Որովհետեւ դուք բոլորդ, երբ որ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ «այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես էսպես»։ Հայ հանրությունն ու ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ «այ գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը՝ կարդա, պատմի, անգիր արա, կգնաս այ սենց կլուծես հարցը»։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելել էր. «Երբ ես ասում եմ, որ Ղարաբաղի հարցի սեփականատերը որեւէ կառավարություն չի, վարչապետ չի, այլ դա համազգային հարց է, այդտեղից բխում է հետեւյալ հաջորդ հարցը՝ իսկ ազգը, ժողովուրդն ու նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ պատրա՞ստ է կրել Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ տարբերակի պատասխանատվությունը»։

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը քննադատվեց նախկինում իշխող ՀՀԿ-ի եւ արտախորհրդարանական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից` որակվելով` իբրեւ հասարակության եւ ժողովրդի ետեւում թաքնվելու փորձեր, այն պարագայում, երբ Հայաստանում իշխող ուժը չի ներկայացրել Արցախի հարցի կարգավորման իր տեսլականը: Հիշեցնենք, որ այս քննադատություններին ի հակադրություն, Նիկոլ Փաշինյանը բերում է Արցախը բանակցությունների շուրջ վերադառնալու, «եթե նոր պատերազմ, ապա նոր տարածքներ» եւ համանման հայտարարություններն ու դրանց միտված իշխանությունների քայլերը:

«Կարծում եմ, ՀՀ վարչապետը ոչ թե կոնկրետ նկատի է ունեցել` ինչ թեմայի կամ հարցերի շուրջ, այլ, նկատի է ունեցել այն, որ այսօր կոնկրետ մի իրավիճակ է, երբ մենք գտնվում ենք բանակցային գործընթացը փակուղի ունենալու խնդրի առջեւ: Այսինքն, ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի իրական բանակցությունները սկսվեն, ի՞նչ պետք է մենք անենք, որ բանակցությունների էությունը ճիշտ ձեւաչափի վրա դրվի եւ բանակցային ձեւաչափը վերականգնվի: Հավանաբար, ավելի շատ սրան էր ուղղված»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ղեկավարը: Եվ այս համատեքստում, Աշոտ Ղուլյանը վստահ է, որ մենք բոլոր այս տարիներին` սկսած 1988-ից, «ինչ որ ունեցել ենք, ինչը որ կարողացել ենք երեւացնել, որպես համաժողովրդական կամք` ներկայացրել ենք»: Դրա դրսեւորումները, ըստ մեր զրուցակցի, Սահմանադրության ընդունումն է, դրա փոփոխությունները, եւ տարբեր թեմաներով հանրաքվեները. «Սրանք այն բյուրեղացված կարծիքներն են, որ մեր ժողովուրդն այսօր այլ բան չի տեսնում, բացի նվազագույնը` Արցախի անկախությունից, նպատակում ունենալով` Հայաստանի հետ վերամիավորումը»:

Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգ առաջարկել Ադրբեջանին, մինչդեռ, Ադրբեջանը իր քաղաքական ագրեսիվ վարքագիծը շարունակում է պնդել: Վերջերս, անգամ խախտելով Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի` վերելակում ձեռք բերված պայմանավորվածությունը` առաջնագծում լարվածության թուլացման մասին, պարբերաբար ավելացնում է լարվածությունն առաջնագծում: Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ սա մեզ համար մշտապես եւ վտանգ է, եւ ահազանգ է, ինչը երբեք չպետք է մոռանանք: «Ադրբեջանի կողմից իր քաղաքականության որեւէ վերանայում չի եղել: Կարծում եմ, ցանկացած բանակցությունների արդյունքը եւ իմաստը պետք է լինի վերջնական խաղաղությունը: Սա է եղել այն փիլիսոփայությունը, որ այս տարիներին մենք խոսում ենք մեր նպատակի` խաղաղ, բանակցային ճանապարհով հիմնախնդրի լուծման մասին: Պարզապես վերանորոգվել է այս քաղաքական դիրքորոշումը: Միանշանակ է, որ Ադրբեջանը դրան` ոչ երեկ, ոչ այսօր համարժեք չի պատասխանում: Մենք մեր քայլը արել ենք եւ կարծում եմ, պետք է միշտ շարունակենք` մտքում պահելով այն, որ գոնե նշաններ չկան, որ Ադրբեջանը կարող է փոխել իր քաղաքական դիրքորոշումը»:

Հետաքրքրվեցինք` լարվածության աճով, միգուցե, Ադրբեջանը փորձում է «հին մեթոդներով» աշխատելով` ճնշո՞ւմ գործադրել` բանակցություններում իր ցանկալի ուղղությունը առաջ տանելու համար: «Ամեն ինչ կարելի է ենթադրել, պարզապես, պետք է նաեւ ընդունենք, որ Ադրբեջանը բոլոր կարեւոր մեզ համար, տոնական, համազգային նշանակության օրերին, միշտ փորձում է որեւէ ձեւով մթնոլորտը շիկացնել: Մենք միշտ պատրաստ ենք դրան եւ միշտ պատրաստ ենք լինելու»,- ասաց Աշոտ Ղուլյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

09.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031