«Ժողովուրդի հանճարը նրա լեզուն է, որով
դատում են նրա լուսաւորութեան աստիճանը,
յատկութիւնների, բարքերի, սովորութիւնների,
արժանիքների ու արատների մակարդակը։
Կարդացեք նաև
Աւելի հաւաստիօրէն է Ճանաչւում մի ժողովուրդ
իր լեզուով, քան պատմական յուշարձաններով»։
Միքայել Նալբանդեան
Կացութիւնը աննախադէպ էր եւ գայթակղեցուցիչ՝ նողկալի աստիճանի, երբ Ռուսաստանի վարչապետը եւրասիական պետութիւնների համագումարի ընթացքին, որ նախագահում էր հայ վարչապետը, անվայել կեցուածքով նշեց Փաշինեանի ոչ-բարձր մակարդակի ռուսերենով ելոյթը։ Յիշեցի մանկութեանս տարիներին ընթերցած «Թագաւորը մերկ է» հեքիաթը, որի մանկան դերը կատարել, յանձնառու էր եղել բազմահզօր երկրի վարչապերտը՝ իր անվայել կեցուածքով։ Ասացի աննախադէպ, բայց յիշեցի, որ ընդամէնը մի քանւ տարի առաջ մէկ այլ ռուս բարձր պաշտօնեայ Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից խրոխտանքով գրեթէ պահանջեց, որ հայերը ռուսերէնը որպէս երկրորդ պետական լեզու ընդունեն եւ գործածեն սահմանադրութեամբ։
Ինչո՞ւ զարմանալ, եթէ այդ գերիշխանական ու մեծառուսական (վելիկոռուսսկի) հոգեբանութիւնը մեր երկրում տիրող է եղել ռուս-պարսկական պատերազմից (1829) ի վեր եւ այսօր դեռ պահպանւում է որոշ հայ քաղքենի ընտանիքներում կամ շրջանակներում։
Այն կարծիքի չեմ, թէ ռուս իշխանաւորները մասնաւոր ատելութիւն ունէին հայերի նկատմամբ, այնուամենայնիւ նաեւ պատահական չէր, որ ցարի հրամանով բռնագրաւում էին հայ եկեղեցական կալուածները եւ փակում հայկական դպրոցները՝ ինչը տեղի չունեցաւ մեր սերտ դրացի վրացիների հետ (ըստ իմ ունեցած տեղեկութեանց), իսկ անկախութեան հռչակումից առաջ երեւանեան ռուսական դպրոցների քանակը բացառապէս գերազանցում էր հայկականներին։
Արդ պատահական չէ, որ այսօր հայկական դպրոցներում հայերէնի ուսումնառութիւնը հեռու, շատ հեռու է բաւարար լինելուց, իսկ որպէս ապացոյց՝ բացեք համացանցային որեւէ հաղորդակցութեան ցանց եւ կարդացէք փոխանակուած գրութիւնները։ Անակնկալ չի լինի հիասթափութիւնը, եթէ լեզուի նկատմամբ մի փոքր սրտացաւ էք։ Ահա այստեղ է գաղտնիքը, թէ ինչու վարչապետի գործածած ռուերէնը կատարեալ չէր եւ չէր կարող լինել, քանի որ նրա մայրենին արդէն ոչ միայն կատարեալ չէ, այլ նոյնիսկ անվայել է ե՛ւ իր դիրքի, ե՛ւ ունեցած կրթութեան համեմատ։
Ընթերցողին պիտի խնդրեմ, որ այս գրութիւնը չհամարի ոչ հակառուսական քարոզչութիւն եւ առաւել եւս ոչ Նիկոլի դէմ ունեցած որեւէ դիրքորոշում։ Քաւ լիցի։ Ոչ մէկը եւ ոչ միւսը, եւ միեւնոյն ժամանակ շեշտեմ, թէ որեւէ ձեւով դաս տալու եւս տրամադիր չեմ։
Ռուս-հայկական յարաբերութիւնների մասին հատորներ են գրուել եւ նրանց չեմ անդրադառնայ։ Ինչ վերաբերում է Նիկոլին, շատ աւելի կարեւոր է, քանի որ նա ամբողջ մի սերունդի կարգավիճակն է ներկայացնում եւ մեր ներկայ հասարակայնութեան ու տիրող համակարգի արդիւնքն ու հետեւանքն է։ Երբ, հսկայական ցախաւելը ձեռքն առած, Փաշինեանը երկրում արմատացած փտածութիւնից մաքրելու գործունէութիւնը նախաձեռնեց՝ կարծում եմ, թէ շատ քիչ էին դժգոհները։ Քայլը ճիշտ տեղին էր, եւ փառք ու պատիվ հեղինակին։ Այստեղ է, որ իմաստութիւնն ու խելահասութիւնը պիտի իրենց տեղում լինեն՝ բացառելու համար յաջողութիւններից առաջացող գլխապտոյտները։ Իշխանութիւն ունենալու տենչանքը շատերին է մոլորեցրել եւ բացառութիւն եւս չէ, երբ ոմանք մոլորուել ու շեղուել են։
Որեւէ երկրի բարձրագոյն պաշտոնատարը զգօն լինելու պարտականութիւնը երբեք պիտի չանտեսի, քանզի բարեկամ ու համակիրների թիւը աւելի քիչ է, քան հակառակորդ ու թշնամիներինը։
Ի՞նչ լաւ է եղել, որ ռուս վարչապետը հայերէն չգիտէր, եթէ ոչ աւելի տխրահռչակ միջադէպի կարող էինք հանդիպել։
Մեր վարչապետը ոչ միայն պէտք է, այլ պարտաւոր է իր խօսքը եւ խօսելաձեւը դնել անհրաժեշտ մակարդակի, ինչպէս նաեւ պահանջել իր անմիջական եւ դրացի միջավայրին՝ անել նոյնը։
Ազգային Ժողովում եւ անհատական ելոյթներում գարծածուած այն պաշտօնական պետական լեզուն, որ հնչում է այսօր, ոչ միայն պատիւ չի բերում, այլեւ ծայրայեղ ամօթալի է նոր երկիր կառուցող հանրութեանը։ Բոլորին չթուելու համար, քանի որ ցանկը շատ երկար կը լինի, նշենք միայն, որ ինչպէս ինքը Նիկոլը, այնպէս էլ իր ամենավստահելի զինակիցը, որ ԱԺ- նախագահի աթոռն է գրաւում, առանց որեւէ անյարմարութեան զգացումի ու պատասխանութեան ունեն արմատացած սխալ դիմելաձեւ, եւ ռուս վարչապետը տեղում չէ նկատողութիւն անելու, իսկ մեր հայրենաբնակները այքան խնդիրներ ունեն լուծելու, որ լեզուականը հիմնական եւ կարեւոր չէ։
ԴԵՌ ՈՒՇ ՉԷ ՞ յուսալ, թէ մի օր այն եւս կը դառնայ կարեւոր։
Ռուբէն Յովակիմեան