Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք կարող են խաղաղություն բերել Հարավային Կովկասում. Foreign Policy

Մայիս 09,2019 22:15

Տասնամյակներ տևած պայքարից հետո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հունվարին համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ պատրաստ են «իրենց բնակչություններին պատրաստել խաղաղության»: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, որոնք միջնորդություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում, շարունակում են մնալ ԱՄՆ-Ռուսաստան համագործակցության այն քիչ օրինակներից մեկը: Եվ Հայաստանում փոքրիկ ընդդիմադիր կուսակցությունը վերջերս ժողովրդական անհամաձայնության խաղաղ շարժումը վերածեց խորհրդարանական հաղթանակի, ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականում գրում է Սթոնհիլ Քոլեջի (ԱՄՆ) քաղաքագիտության պրոֆեսոր Աննա Օհանյանը:

Այնուամենայնիվ, էլիտայի քաղաքական շրջանակներից դուրս Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները մնում են նախկինի պես բաժանված: Փաստացի, նրանք արագորեն սկսում են տարբերվել գաղափարական, մշակութային ու նաև սերունդների առումով:

Անցյալ ամիս Հայաստանի՝ լրագրողից առաջին տիկին դարձած Աննա Հակոբյանը բարձր մակարդակով նոր հանրային դիվանագիտության արշավ սկսեց՝ «Կանայք խաղաղության մեջ» նախաձեռնությունը Վաշինգտոնում, որը մեկնարկել էր Մոսկվայում անցյալ տարի: Ոգեշնչման համար Հակոբյանը հետ է գնացել 1970-ականների Հյուսիսային Իռլանդիա, որտեղ բողոքականների և կաթոլիկների հաշտեցման հարցում պաշտոնական անհաջող ջանքերը և Բելֆաստում երեք երեխաների սպանությունը մղեցին երկու կնոջ՝ Բեթի Ուիլիամսին և Մեյրիդ Կորիգանին սկսել խաղաղ խաղաղության շարժում՝ երկու կողմերի մայրերի և կանանց մասնակցությամբ: Նրանց աշխատանքը հիմք հանդիսացավ Հյուսիսային Իռլանդիայում խաղաղության գործընթացի և ամբողջ աշխարհում կանանց խաղաղության շարժումների համար: 1976թ. նրանք Նոբելյան մրցանակ ստացան իրենց աշխատանքի համար:

Այդպիսի գործակցությունը բացակայում է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Չնայած կանանց իրավունքների պաշտոնեությամբ զբաղվող խմբերը ակտիվ են երկու երկրներում էլ և հենց Լեռնային Ղարաբաղում, հակամարտության հարցով գործակցությունները թվով քիչ են և ունեն ֆինանսավորման, տեսանելիության և քաղաքական աջակցության կարիք: «Կանայք հանուն խաղաղությանը» կարող է դա փոխել, կարծում է Աննա Օհանյանը:

Հայաստանում կանայք սկսել են ցույց տալ իրենց ուժը՝ ձևավորելու քաղաքական արշավներ կամ կոտրելու դրանք: Նախկին վարչակարգի ժամանակ հիմնականում դուրս մնացած լինելով քաղաքականությունից՝ կանայք միավորվել են քաղհասարակության մեջ: Ինչպես Տրոյական ձի ռեժիմի դեմ՝ նրանք հաղթանակով ավարտեցին 2018թ. թավշյա հեղափոխությունը:

Անցյալ տարվա ապրիլին թավշյա հեղափոխության ժամանակ մեծ թվով կանանց մասնակցությունը նպաստեց, որպեսզի շարժումը պահպանի խաղաղ բնույթը: Եվ որովհետև դրանք խաղաղ էին՝ մարդիկ հանգիստ էին զգում փողոց դուրս գալ: Եվ քանի որ հեղափոխությունն այդքան մասշտաբային էր, նրա սերմանած ժողովրդավարությունը, թվում է, երկար կպահպանվի:

Այնուամենայնիվ, չնայած քաղաքական դաշտը Հայաստանում բացվել է, չկան կանանց կողմից դիվանագիտական ջանքեր՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման:

Մասամբ դրա պատճառն այն է, որ ընդհանուր առմամբ բացակայում են այդ պառակտվածության հաղթահարմանն ուղղված  քաղաքացիական ջանքերը: Նախքան թավշյա հեղափոխությունը Հայաստանի կառավարությունը ընտրողաբար էր մոտենում վստահության ամրապնդման քայլերին՝ որպես միջոց պահպանելու վերահսկողությունը խաղաղության գործընթացի նկատմամբ: Եվ Ադրբեջանում էլ մարդկանց շփումները խստորեն վերահսկվում են, իսկ քաղհասարակության տարածությունը 2008թ-ից գնալով նեղանում է: Ադրբեջանը նույնպես նման նախաձեռնություններին սկեպտիցիզմով է վերաբերվել՝ հավատալով, որ իրենք կկարգավորեն ստատուս քվոն, որը հայերի օգտին է գործում: Քանի որ երկրներից ոչ մեկ շահագրգռված չէ խաղաղությամբ, դիվանագիտությունը մղվել է երկրորդ պլան:

Բայց վերջին շրջանում, երբ ակտիվացել են վստահության ամրապնդման միջոցներին ուղղված միջազգային կոչերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանում նոր կառավարության ձևավորման գործոնը, Բաքուն և Երևանը սկսել են զգուշորեն բացվել: Ընդ որում, կանայք կարող են դառնալ բնական առաջնորդներ խաղաղության կառուցման նախաձեռնության մեջ: Փաստերն ապացուցում են, որ կանանց ներգրավվածությունը կհանգեցնի ավելի լավ արդյունքների: Քաղհասարակության, այդ թվում կանանց կազմակերպությունների մասնակցությունը խաղաղության համաձայնագրերը դարձնում է կրկնակի ավելի հավանական և մեկ երրորդի չափով՝ ավելի կայուն: Այն համաձայնագրերը, որոնք ստորագրվում են կանանց պատվիրակությունների կողմից, ներառում են ավելի շատ դրույթներ՝ ուղղված քաղաքական բարեփոխումներին և այդ դրույթների իրականացման ավելի մեծ հավանականություն ունեն, գրում է Աննա Օհանյանը:

Նման հաջողության հիմքում ընկած է երկու գործոն: Առաջին, կանանց ներգրավվածությամբ խաղաղության ջանքերը օգնում են մեղմացնել հակամարտությունները, ինչը փոքր ձեռքբերում չէ մի տարածաշրջանում, որը տասնամյակներ շարունակ ներքաշված է սպառազինությունների մրցավազքում: «Մեր ուղերձն այն է, որ ոչ մի ծնող, անկախ ազգությունից, չպետք է երեխայի կորուստի ցավ ապրի, և մենք հույս ունենք, որ այս ուղերձը լուրջ ճնշում կլինի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համար»,- ասել է Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության բացմանը:

Երկրորդ, նման նախաձեռնությունները կանանց ցանցեր ստեղծելու ճանապարհով հնարավորություններ են բացում քաղհասարակության այլ խմբերի համար, որպեսզի իրենք էլ միանան խաղաղության գործընթացին:

Բայց մարտահրավերները դեռ շատ են:

Նախ, Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության գործընթացում մինչ այժմ գերակշիռ դեր են ունեցել կառավարող էլիտաները և միջազգային բանակցողները, որոնք աշխատել են գաղտնիության պայմաններում: Բայց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո երկու կողմերի էլիտաները ցանկություն են դրսևորում բանակցությունները բացել քաղաքացիական հասարակության խմբերի համար, որոնք աշխատում են շփման գծում:

Երկրորդ, Ադրբեջանում «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության նկատմամբ արձագանքը միանշանակ չէր. խաղաղաշինության գործում ներգրավված որոշ խմբեր իրենց աջակցությունը հայտնեցին, մինչդեռ առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևան դատապարտեց այդ ջանքերը: Այնուամենայնիվ, չնայած քաղաքական ազատությունների լայն ճնշմանը, երկրի ներսում ուժգնացող ճնշումները և միջազգային հանրության կողմից դատապարտումները կարող են մղել կառավարությանը թույլատրել, որպեսզի ակտիվանան փոքր ռիսկեր պարունակող նախաձեռնությունները, ինչպիսն է կանանց միջև գործակցությունը:

Ի վերջո, հանրային դիվանագիտության ջանքերը, մասնավորապես այնպիսիք, որոնք գլխավորում են տեղի բարձրաստիճան անձինք, տարբեր պատմություններ ունեն:

1990-ականներին Աֆրիկյան պետությունների առաջին տիկինների խաղաղության առաքելությունը սկզբնապես կենտրոնացված էր ամբողջ մայրցամաքում խաղաղաշինության գործում կանանց գործակցության վրա: Երկու տասնամյակ անց, առաքելության հավակնոտ օրակարգն արդյունք չի տվել: Տեսանելիության պակասը, ցածր կարգավիճակը և սահմանափակ նպատակները այն պատճառներն են, որոնք նվազեցնում են դրա ազդեցությունը:

Աննա Հակոբյանի նախաձեռնության առջև ծառացած մարտահրավերները նման են դրան: Նա ոչ թե կոչ արեց կանանց լիարժեք մասնակցություն որոնումների կայացման գործում կամ գենեդերային հավասարություն տարածաշրջանում՝ փոխարենը կենտրոնանալով ոչ բռնի ջատագովության վրա:

Չնայած շարժման այդ նեղ նպատակը նույնպես գովելի է, երկարաժամկետ կտրվածքով հաջողության հասնելու համար նախաձեռնությունը պետք է ավելին պահանջի՝ գենդերային հավասարություն Հարավային Կովկասում: Ամբողջ աշխարհում հետազոտությունները ցույց են տվել, որ  այն պետությունները, որոնք ունեն ընդհանուր գենդերային առավել բարձր հավասարության մակարդակ, ավելի ամուր աջակցություն են ցուցաբերում ոչ բռնությանը և առավել մեծ հնարավորություններ են ունենում միջազգային դիվանագիտության համար: Եվ Հարավային Կովկասում դա հենց այն է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու համար: Եթե «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը աշխատի, դա կլինի ևս մեկ լավ լուր տարածաշրջանի ցուցակում, եզրափակում է Աննա Օհանյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031