Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուրջս հայտնվեցին նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները ու շրջապատեցին ինձ». Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցմունքը

Մայիս 09,2019 21:52

Ներկայացնում ենք 2008 թվականի մարտի 1-ի գործով վկա առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցմունքը:

«2008 թվականի մարտի մեկի վաղ առավոտյան, երբ քնած էի Ազատության հրապարակում գտնվող մեքենայի մեջ, ինձ արթնացրին. սովորաբար 7-ին էի արթնանում, ինձ արթնացրին վեցին, ասացին, որ Փարաքարից եւ Դավիթաշենից ներքին զորքերի եւ հատուկ զորամասերի շարժ կա, առանց տեխնիկայի: Ինձ հաղորդեցին, որ մարդատար մեքենաների հետեւից բեռնատար մեքենաներով զինվորներ են մոտենում Ազատության հրապարակին, որտեղ այդ ժամանակ կլիներ մոտ 1000 ցուցարար, ես վեր կացա, զրուցեցի հրապարակում գտնվող մարդկանց հետ: Չէի կարծում, որ իշխանությունները կարող էին բռնություններ կիրառել ու ցրել հավաքի մասնակիցներին, քանի որ ուժային կառույցների  շարժերի մասին տեղեկություններ մենք գրեթե ամեն գիշեր ստանում էինք: Մտածեցինք, որ հերթական շարժն  է եւ հանգիստ էինք, բայց, բոլոր դեպքերում, միացրինք միկրոֆոնները, որ հարկ եղած դեպքում կարողանայինք ժողովրդի հետ խոսել: Ժամը 6:40-ի սահմաններում երեւացին ոստիկանական ուժերը, որոնք նախ պտտվեցին հրապարակի շրջակայքում, ապա  անմիջապես հայտնվեցին Ազատության հրապարակում. ես միկրոֆոնի  միջոցով դիմելով  ցուցարարներին՝ խնդրեցի պահել հանդարտություն, չընդվզել, չբղավել, ասացի՝ սպասեք, տեսնենք՝ ոստիկանությունը մեզանից ինչ է ուզում: Խնդրեցի, որ ոստիկանության հետ ոչ մի շփում չունենան, սա եղել է իմ վերջին խոսքը: Դրանից հետո Ազատության հրապարակ ներխուժած ոստիկանական շարքերը շարժվեցին առաջ ու սկսեցին ուղղակի մահակներով ջարդել հավաքված ցուցարարներին: Ոստիկանության կողմից նախապես ոչ մի զգուշացում չի եղել, ժամանակ չի տրվել ցուցարարներին: Իմ ելույթի վերջին խոսքերից  10-15 վայրկյան անց շուրջս հայտնվեցին նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները՝ Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ ու շրջապատեցին ինձ: Սարգիսովը միանգամից մի կողմից թեւանցուկ արեց ինձ, մյուս կողմից ինձ թեւանցուկ արեց մի ուրիշ տղամարդ, ում չէի ճանաչում: Ինձ իջեցրին հարթակից ու փորձեցին դուրս հրավիրել հրապարակից: Ինձ ձերբակալեք, այնտեղից դուրս կգամ միայն ձեռնակապերով կամ ձեռքերս ոլորելով, ասացի՝ խնդրեմ, դիմեք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե դուք սա համարում եք անօրինական հավաք, ապա այն ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխանատու չկա, եւ միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից:

Այդ ընթացքում արդեն 10-15 րոպեի ընթացքում ոստիկանական ուժերը հրապարակը մաքրել էին ցուցարարներից, այնտեղ մարդ չէր մնացել, հրապարակն ամբողջությամբ լցված էր ոստիկանական ուժերով, որոնք սկսեցին ավերել հարթակի դինամիկները, պոկել ցուցարարների վրանները, անմիջապես սկսեցին ինչ-որ ձողեր փնտրել, այնինչ անձամբ տեսել եմ, որ Ազատության հրապարակ մտնող ոստիկանական սպաների ձեռքին են եղել նման ձողեր: Ազատության հրապարակում մնացել եմ մինչեւ 8:30 –ի կողմերը, այդ ընթացքում նստած եմ մնացել նստարանին, ինձ ոչ ոք չի մոտեցել, ծխել եմ եւ նստած հետեւել կատարվող իրադարձություններին: Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը ղեկավարող անձանցից ճանաչել եմ միայն Թամամյան Հովիկին, մյուս ղեկավարների մասին տեղեկություն չեմ կարող հայտնել:

Որոշ ժամանակ հետո ինձ կրկին մոտեցավ Սարգիսովն ու ասաց՝ պետք է հեռանամ այդտեղից, կրկին նրան ասացի՝ միայն ուժով կարող են հեռացնել ինձ: Մի քանի անգամ, գնաց, եկավ, միգուցե խորհրդակցեց իր վերադասների հետ, որից հետո մոտեցավ իր  աշխատակիցների հետ, թիկնապահներիս մի կողմ տարան, ես մնացի մենակ, ու Սարգիսովը պահանջեց նստել ոստիկանական մեքենան, որը մոտեցել էր մեզ: Հրաժարվեցի, ասացի՝ խնդրեմ, եթե ուզում ես, ձեռքերս ոլորի տար, նա այդպես էլ արեց, թեւս ոլորեց, մյուս ձեռքով էլ ուսիցս բռնած՝ հարկադրաբար նստեցրեց ոստիկանական ավտոմեքենայի հետեւի նստատեղին: Սարգիսովը նստեց վարորդի կողքին, իսկ իմ երկու կողքին նստեցին  ավտոմատավոր անձինք ու ինձ արագորեն տարան Ծիծեռնակաբարեդի խճուղում գտնվող իմ տուն:

Ես մտա տուն, որից հետո պարզեցի, որ իմ տան երկու դարպասների մոտ պահակակետեր են ստեղծված մոտ 30 հոգանոց զինված անձնակազմով՝ Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ, որն իմ տան մոտ մնացել է մինչեւ երեկոյան 16-17-ի սահմաններում: Այդ ընթացքում իմ թիկնազորի պետ Սմբատ Գասպարյանին ուղարկեցի, որ Սարգիսովից ճշտի, թե ինչ կարգավիճակով եմ պահվում իմ տանը, արդյոք իմ նկատմամբ տնային կալանք կա, թե՝ ոչ:

Նա պատասխանել էր, որ նման սանկցիա, հրաման չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալ, եւ ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալ: 2008 թվականի մարտի մեկին ինձ տանը կարողացել են այցելել Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Գալուստ Գամազյանը՝ տեղեկանալու իմ որպիսությամբ: Դրանից հետո ես տնից կարողացել եմ դուրս գալ միայն մեկ անգամ, մարտի 5-ին, երբ 4 ավտոմատավորի ուղեկցությամբ ներկայացել եմ Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքների բողոքարկման հետ կապված իմ դիմումի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու համար: Դրանից հետո այլեւս հնարավորություն չեմ ունեցել տնից դուրս գալ, իմ տան մոտ այդ զինվորական պահակակետերը պահպանվել են մինչեւ 2018 թվականի մարտի 24-25-ը»:

Հարց- ինչ կարող եք հայտնել 2008 թվականի մարտի 1-ի գիշերը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ:

Պատասխան- …իմ համակիրներից մոտ հարյուր հոգի մեղադրվեց եւ դատապարտվեց տարբեր ժամկետների բանտարկության, բայց նրանցից ոչ մեկին զենք կրելու, զենք օգտագործելու, խանութ թալանելու մեղադրանք չի ներկայացվել: Կարծում եմ՝ այս փաստով արձանագրված է ամեն ինչ:

Հարց-Ազատության հրապարակում եղած ցուցարարների մոտ Դուք զենք, մետաղյա ձողեր կամ բռնություն կիրառելու համար նախատեսված այլ առարկաներ, տեսել եք, թե ոչ:

Պատասխան- Բացառված է, նման իրեր չեն եղել:

 

Պատրաստեց՝ Արփինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031