Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեղամիջոցը նախատեսված չէր ներակնային ներարկման համար». Մալայանի Բ/Կ-ում աղմուկ հանած միջադեպի մասին

Մայիս 09,2019 20:05

«Նատալի ֆարմ» ընկերությունը Մալայանի ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին հայտարարություն է տարածել:

Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոնում որոշ հիվանդների աչքերում դեղորայքի ներարկումից հետո նրանց մոտ առաջացած տեսողական խնդիրների մասին բուժկենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն ասել է, որ 7 հիվանդ, որոնք այցելել էին կենտրոն՝ աչքի մեջ ներարկում ստանալու, շաքարախտով հիվանդներ են: Իսկ խնդիրն առաջացել է, ըստ բժշկի, ինֆեկցիայի պատճառով:

Ըստ բժշկի՝ «Հիվանդները վիրահատված են, տեսողությունը վերականգնված է: 5-ը վիրահատվել են, 2-ի վիճակը դեղորաքային բուժումով ենք լավացրել: Կուրություն չկա»: Հիվանդների հարազատները հայտարարել են, որ դեղի ներարկումից հետո հիվանդների մոտ կուրություն է առաջացել: Մալայանը մեզ հետ զրույցում վստահեցրել է, որ խնդիրը վերացվել է, հիվանդները վիրահատվել են եւ տեսողությունը վերականգնվել է:

Խոսքը Avastin դեղամիջոցի մասին է, որը ներմուծում է «Նատալի ֆարմը»: Մալայանը, թեեւ դեղամիջոցի անուն չի տվել, նշելով՝ այս պահին քննություն է գնում, վաղը ուսումնասիրության արդյունքները պարզ կլինեն:

Այս առնչությամբ «Նատալի ֆարմ» ընկերությունը հայտնում է. «Avastin դեղամիջոցը նախատեսված չէր ներակնային ներարկման համար: Այսօր տեղեկացանք, որ Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոնում 8 բուժառու կանգնել են տեսողության բարդ խնդրի առաջ՝ «Նատալի ֆարմ» ընկերությունից ձեռքբերված դեղամիջոցի կիրառման արդյունքում»։ Ըստ ընկերության հայտարարության՝ լրատվամիջոցներից մեկը նշել էր, որ հետազոտման արդյունքում դեղի մեջ հայտնաբերվել է ինֆեկցիա, ինչն էլ հանդիսացել է հիվանդների մոտ տեսողության վատացման պատճառ. «Մենք տեղեկացանք, որ խոսքը Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։
Նախ` պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներակնային ներարկման համար եւ, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։​

Պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես​ սրվակը բացելուց հետո եւ դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել։​

Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում, եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա​ անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե «Նատալի ֆարմ» ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ Շվեյցարական Ռոշ ընկերությանը։​​

Ցանկացած դեպքում «Նատալի ֆարմ» ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն։​

Ցավում ենք հիվանդներին հասցված առողջական վնասի համար եւ մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031