Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի բերած 100 փաստերից առնվազն մեկը դժվար էր ստուգել

Մայիս 09,2019 19:20

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր Հայաստանի մասին 100 փաստ ներկայացրեց:

Դրանք, ըստ Փաշինյանի, կառավարության ձեռքբերումներն են: Բայց այդ 100-ի մեջ կային այնպիսիք, որոնք, կառավարության հատուկ միջամտությամբ չի պայմանավորված:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր: Ճիշտ է, վարչապետն էլ է խոստովանել, որ այս վիճակագրության հետ ինքը եւ կառավարությունն այնքան էլ կապ չունեն, այդուհանդերձ, Փաշինյանը գտնում է, որ երկրում հաստատված սիրո եւ համերաշխության մթնոլորտը դրականորեն ազդում է պոտենցիալ հանցագործների վրա: Վարչապետը այս հարցում էլ հույսը ոչ թե իրավապահ մարմինների վրա է դնում, որոնք կկանխարգելեն այդ դաժան հանցագործությունը, այլ՝ սիրո եւ համերաշխության մթնոլորտի:

Վարչապետի մատնանշած՝ նրա կորտեժը կարմիր լույսի տակ կանգնելու փաստերից մեկը, այսպես ասած, հին Հայաստանում էլ է եղել: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ճանապարհային երթեւեկության կանոններին հաճախ էր հետեւում. նրան էլ կարելի էր տեսնել կարմիր լույսի տակ կանգնած:

Վարչապետը ասաց, որ ինքը եւ իր ընտանիքի անդամներն աշխատում են կրել միայն հայկական արտադրության հագուստ՝ քաջալերելով ոլորտի զարգացումը եւ մասնագետներին: Երեկ էլ ասաց, որ ասուլիսին ներկայացել է ամբողջությամբ հայկական արտադրության հագուստով: Սա նրա կազմած ցանկի 100-րդ փաստն էր: Ամբողջությա՞մբ, սա այն փաստն է, որ դժվար էր ստուգել:

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերից մեկն էլ այն էր, որ 2018 թվականին Երեւանի գրախանութներում ռեկորդային թվով գիրք է վաճառվել: Նախ՝ վարչապետը համեմատության մեջ չներկայացրեց ցուցանիշները եւ պարզ չեղավ նախանցյալ տարի քանի՞ գիրք է վաճառվել, բայցի այդ գրահրատարակչությամբ զբաղվող կազմակերպությունները մասնավոր տնտեսվարողներ են եւ իրենց մարքեթինգի, գովազդի եւ այլ հմտությունների շնորհիվ են իրենց վաճառքներն ավելացնում:

Նիկոլ Փաշինյանի 100 փաստերից մեկն էլ, որը նույնպես Փաշինյանի եւ նրա թիմակիցների աշխատանքի հետ այնքան էլ կապ չուներ, այս տարվա առաջին եռամսյակում աճ գրանցած ամուսնությունների եւ նվազած ամուսնալուծությունների ցուցանիշն էր. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ըստ վարչապետի, այս տարվա առաջին երեք ամիսներին 5 տոկոսով ավելի շատ են ամուսնացել, ամուսնալուծություններն էլ նվազել են 17 տոկոսով:

Փաշինյանն այս փաստը, նույնպես, մթնոլորտով պայմանավորված քաղաքացու բարձր տրամադրությամբ է բացատրում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031