Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյանը վարչապետի 100 փաստերից մի քանիսին հակադարձում է՝ պետական սեկտորի բազմաթիվ աշխատողների կենսամակարդակն էականորեն նվազել է

Մայիս 09,2019 21:03

«Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էի, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի։ 2019 թ. առաջին եռամսյակում 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով կամ 64.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով»,-սա 100 փաստերից մեկն է, որը, որպես Նոր Հայաստանի կառավարության ձեռքբերում, երեկ մատնանշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկ տարվա առիթով հրավիրած ասուլիսում:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, սակայն այս փաստը չի համարում ձեռքբերում, քանի որ, ըստ նրա, ի սկզբանե, 2019 թվականի պետական բյուջեով շատ քիչ էր նախատեսվել. «Իհարկե, ՀՆԱ հարաբերակցությունն ավելի ցածր էր 2019 թվականին քան 2018 թվականին, այսինքն՝ նրանք իսկզբանե նախատեսել էին ցածր պլանային ցուցանիշ, հիմա հաղթահարել են կամ կարող են ապահովել այդ պլանային ցուցանիշը եւ փորձում են դա ներկայացնել, որպես ձեռք բերում»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին պարտքի նվազման վերաբերյալ արված հայտարարությանը, որը եւս 100 փաստի ցանկում էր, եւ ըստ որի 50 միլիոն դոլարով նվազել է արտաքին պարտքը, ապա պարոն Պարսյանը ասաց. «Արտաքին պարտքի գնահատում որեւիցե ամսվա կամ եռամսյակի կտրվածքով ճիշտ չէ կատարվել, քանի որ նույն կառավարությունը 2019 թվականի պետական բյուջեով կանխատեսել էր, որ պետական պարտքն ավելանալու էր կես միլիարդով՝ դառնալով 7,5 միլիարդ դոլար: Եվ խոսել 50 միլիոն դոլարի նվազման մասին, սխալ է»:

Աշխատավարձերի կամ կենսամակարդակի բարձրացման՝ վարչապետի մատնանշած փաստի առնչությամբ էլ Սուրեն Պարսյանը վստահեցրեց, որ 2018 թվականի ընթացքում պետական սեկտորի աշխատավարձերն ավելի քիչ են աճել, քան՝գնաճի  տեմպն է եղել. «Ինչի հետեւանքով պետական սեկտորի բազմաթիվ աշխատողների կենսամակարդակն էականորեն նվազել է 2018 թվականի ընթացքում: 2019 թվականի պետական սեկտորի աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է մի քանի ուղղություններով, այսինքն՝ ոչ բոլոր, ինչը թույլ չի տալիս խոսել էական սոցիալական ձեռքբերումների մասին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031