Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս պատերազմ

Մայիս 09,2019 22:00

Գրողը, երևի, պատերազմներին չի կարող չանդրադառնալ: Ես էլ, գրեթե երբեք դա գլխավոր նյութ չդարձնելով, բայց առնվազն չորս պատերազմի անդրադարձել եմ. 1918 թ., 1939-1945 թթ., 1989-1993 թ. և 2016 թ.: Ահա պատերազմների մասին հատվածներ չորս տարբեր գործերից:

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Ա. «Անաստված» կինոթատրոնը (հատված կինովիպակից)

Բաքու, բոլշևիկյան կոմիսարիատ, 1918թ.

― Դուք ունեք մի կարևորագույն պարտիական հանձնարարություն, ― ասում է Շահումյանը:

― Լսում եմ, ― ասում է քեռի Ղազարը:

― Մեր ընկերոջը պետք է շտապ շրջափակումից դուրս բերել, նա կարևոր գաղտնի հաղորդագրություն ունի ընկեր Լենինին հասցնելու:

― Լսում եմ, ― ասում է քեռի Ղազարը:

― Կարո՞ղ եք:

― Ճիշտ այդպես, ― ասում է քեռի Ղազարը:

Քեռի Ղազարը երկու տակառ բեռնած սայլով, որ մի եզ է քարշ տալիս, գնում է Բաքվի խուլ փողոցներից մեկով: Ինքը հագնված է թաթար գյուղացու զգեստ: Սայլը մտնում է մի բակ: Երեկո է: Քեռի Ղազարը տակառներից մեկի կափարիչը բացում է, միջից պարկով խնձոր հանում:

Հետո շրջվում դեպի բակի խորքի փոքրիկ տունը և կանչում.

― Ընկե՛ր:

Տնից դուրս է գալիս Միկոյանը: Նա նույն տարիքի ու տեսքի է, ինչ երեսնականներին: Փոքրիկ, համազգեստով ու սապոգներով: Զինվորական քայլվածքով մոտենում է:

― Մտե՛ք այստեղ, խնդրեմ:

Միկոյանը բեղերը սղալում է, մագլցում սայլի վրա, նայում տակառի մեջ, հոգոց հանում, մտնում մեջը, կծկվում:

Քեռի Ղազարը սայլի հատակից վերցնում է մի կափարիչ (մեջը ծակեր կան), դնում Միկոյանի վրա, վրան դատարկում պարկի խնձորները, տակառը փակում գլխավոր կափարիչով: Տկտկացնում է պատը: Տակառի պատի մեջ էլ մի քանի քիչ նշմարելի ծակ կա:

― Նորմա՞լ է:

Պատասխան տկտկոց է գալիս:

Բաքվից դուրս տանող ճանապարհն է: Քեռի Ղազարը սայլն է քշում ու շվշվացնում: Դիմացը դուրս են գալիս երկու զինված թաթար զինվոր:

― Դեյենդը՛րդըր: Նե՛ գյոթերսեն:

Քեռի Ղազարն աշխուժորեն սկսում է զրուցել նրանց հետ, բացում հենց այն տակառը, որի մեջ Միկոյանն է, խնձոր հանում դրանից, հյուրասիրում զինվորներին, մի երկու քֆուր տալիս գյավուր հայ բոլշևիկներին:

Ասքյարները պտտվում են սայլի շուրջ, ծղոտի մեջ խրում իրենց խանչալները, մեկը նույնիսկ մյուս տակառն է բացել տալիս, խնձորի մեջ խրում խանչալը, պտտեցնում: Խանչալի ծայրին կարմիր խնձոր է հանում, գոհ տանում բերանը, խռթոցով կրծում:

Ճամփի կողքի կրպակից, որ նրանց պահակակետն է, կանչում է սպիտակ անգլիացի օկուպանտը.

― Ֆի՛նիշ դեթ: Ուի ար նոթ հիըր թու սպենդ թայմ օն իննոսենթ փեյզընտս: Ուի նիիդ թու լուուք ֆոր դը րի՛ըլ էնեմի՝ մուսաֆաթս:

Ասկյարները չեն հասկանում, բայց մի կողմ են քաշվում.

― Գե՛չ, գե՛չ:

Քեռի Ղազարն ուրախացած ու շտապով քշում է առաջ, հո՜, հո՜ ասելով, հետո հասկանում, որ այդպես հայերն են եզներին քշում: Բայց արդեն ուշ է:

Ասկյարները նայում են ետևից, չհասկանալով: Քեռի Ղազարը ետ չի նայում, բայց զգում է նրանց հայացքները:

Ասկյարներից մեկն ուզում է նրան կանգնեցնել, բայց այդ պահին անգլիացի օկուպանտը նորից է ձայն տալիս, ասկյարը թքում ու գնում է դեպ կրպակը:

Քեռի Ղազարը հոգոց է հանում, տկտկացնում տակառի կոնքը:

Մի գեղատեսիլ գետի ափին նա տակառը շուռ է տալիս: Տակառը գլորվում է սայլից ներքև: Միջից խնձորները թափվում են, տնքալով դուրս է սողոսկում Միկոյանը: Բեղիկներն ուղղում է, համազգեստը թափ տալիս, ամուր սեղմում քեռի Ղազարի ձեռքը.

― Ես երբեք դա չեմ մոռանա, ընկեր: Կյանքս փրկեցիր:

― Իսկ ի՞նչ է եղել, ― ասում է քեռի Ղազարը:

― Չեմ կարող ասել, հույժ գաղտնիք է: Սակայն քեզ կասեմ. Բաքվի վրա հարձակում է նախապատրաստվում, մերոնց բոլորին սպանելու են:

― Իսկ ինչու՞ նրանք չեն փախչում:

― Բոլշևիկները չեն փախչում, ― ասում է Միկոյանը: ― Ինչ է, Այա՞քսը պիտի փախչի: Не дождутся!

Իսկ ինչու՞ դու փախար, մտովի հարցնում է քեռի Ղազարը:

Որովհետև նրանք մարտիրոս են, իսկ ես՝ պողոս-պետրոս, պողոսից պետրոս, ծիծաղելով, նույնպես մտովի պատասխանում է Միկոյանը, շուռ գալիս ու կորչում թփերի մեջ:

Հաջորդ կադրում լաստանավն է, վրան՝ Շահումյանն ու մնացած 25 կոմիսարները, թոկերով կապկպված, տախտակամածին ընկած:

― Մի՞թե Միկոն մեզ չի ազատագրի, ― կամացուկ ասում է Ֆիոլետովը Ջափարիձեին:

― Եթե Կրասնովոդսկում կարողացել է ստեղծել բջիջ՝ ուրեմն կստացվի, ― խոհեմաբար ասում է Շահումյանը:

Ազիզբեկովն անհույս ուսերն է թոթվում:

― Միայն Լենինը գիտի…

― Լռե՛լ, ― գոռում է նավաստու համազգեստով թուրքմենը՝ նրան բոթելով հրացանի ծայրի սվինով: ― Ազգի դավաճա՛ն:

Ազիզբեկովը շանթահարված լռում է, և բոլորն էլ:

Լաստանավը ճոճվում է Կասպից ծովի հանդարտ մակերևույթին:

2017

«Անաստված կինո թատրոն» ժողովածուից (2018)

Բ. «Պալիմպսեստ» (հատված վեպից)

Հայկին  պատմել  էին` բայց ինքը  չէր  տեսել. ոտքի մեջտեղի դատարկ տեղը քեռին ցույց չէր տալիս, շալվարի փողքի տակ էր պահում: Պատերազմի ժամանակ  Բարսեղ  քեռին  ձեռքի  գնդացրորդ  է  եղել: Այսինքն սողացել, դիրք ընտրել, ամրացել, փամփուշտները սփռել, սպառել  ու  նորից  է  սողացել`  նոր  դիրք  ընտրելու:  Սողալու  ժամանակ  ականի  է  հանդիպել:  Ականը  պայթել  է  փաստորեն իր տակը, և հետո նրան մաս առ մաս սոսնձել են ու կարկատել, բայց սրունքի ոսկորի ու մկանի արանքում դատարկ տեղ է մնացել, միսը  չի  հերիքել, առանձին են ապաքինվել ոսկորն  ու  մկանը:  Դա  ինչպես  է  լինում`  Հայկը  չէր  պատկերացնում,  փշաքաղվում  էր:  Երբ  հիշում  էր  Բարսեղ  քեռու  կաղը`  իր  ատամները  կրճատում  էին,  իր  ոտքերը  թուլանում,  սկսում  էին  ներսից  քոր  գալ,  ծառս  լինել,  մրմռալ:

Բարսեղ քեռին աշխատանքից հետո տուն էր գալիս խոժոռ, ճաշում էր լուռ ու միայնակ խոհանոցում ու պառկում քնելու: Եվ եթե քեռիենց տանն էր`ինքը`սուսիկ- փուսիկ, գիտակից  Հայկոն, չէր վազվզում: Նա, ասենք, երբ ինքնագլուխ էր` համարյա միշտ ինքնամփոփ էր ու վազվզան չէր: Նա հարցնում էր` Քեռին  հանգստանու՞մ   է:  Պետք  է  զգու՞յշ  լինել:

Շալվարի  փողքով  քողարկված  ոտը  չէր  երևում,  բայց դրա  փոխարեն  ճաղատավուն  գանգի  վրա  մի  ծուռ  ցից  կոն կար,  որի  աջ  կողմի  մաշկը  մանուշակագույն  էր,  իսկ  ձախ կողմինը`  սովորական  մարդկային  ճաղատի  գույնի:  Հայկը ենթադրում էր, որ դա «նստեցրած մաշկ»  էր  կամ նույնիսկ գլխի մի  ամբողջ  «նստեցրած»  պատառ` պատվաստած  մսի  կտոր, որն ազդարարող բեկյալ սպին նման էր այն ատամնավոր գծին` որով  իրար  են  ագուցվում գանգի առանձին դետալները, որից էլ  հենց,  ասում  են,  ծնվել  է  ճակատագրի  լեգենդը:

Տարիների ընթացքում այդ ամենը մաշվել էր, հարմարվել, իրար  եկել,  աչք  չէր  զարնում,  սակայն  երբ  նա  հուզվում  էր` մանուշակագույն կտորը կաս կարմիր էր կտրում:  Անտեղյակին կարող էր թվալ, թե խալ է այդպիսի, բայց դե մենք հո գիտեինք, թե  դա  ինչ  է:

– Ու-ու՞ֆ: «Քնած  է, հա քնած  է», – մի անգամ բարկացած ասաց  նրա  դուստրը`  Կարինեն,  երբ  իրենց  որերորդ  անգամ նկատողություն  արվեց,  թե  «մի  աղմկեք»: – Ինչ  հետաքրքիր  մարդի՞կ  են:  Չեն  թողնում  խաղանք:

– Նա պատերազմի  ժամանակ  մարդ  է  սպանել:  Եվ  նրան նույնպես: Նրա գլուխը միշտ ցավում է: Նրա ոտքը միշտ ցավում է: Նա հոգնած է: – Հայկը զգաց, որ  իր  կատարին ցավի մի սունկ է  բուսնում:

– Հետո՞ ինչ: Օ-ո՞ֆ, նրանք բոլո՞րն էլ մեզանից վատն են, – իր  իրավունքին  վստահ`  ուսը  ծուլ  արեց  Կարինեն:

Մեծահասակներին հեշտ  էր  խոտանել, բայց  Հայկն այդչափ  չէր  շտապում: Իսկ աշխատանքի տեղը Բարսեղ քեռին չէր  հիշում,  չէր  կարողանում  մտաբերել  վերևիններին: «Սկլերոզ»,  ձեռքը  ճակատին  զարնելով,  ինքն  իրեն  ներում  էր  նա  և  ներկաներից  ներում էր  հայցում:  Բայց  մեկ- մեկ, անկեղծորեն,  Հայկը  նրա  փոխարեն  ուղղակի  անհարմար  էր զգում  ստորադրյալների  առջև,  երբ  վերջիններս  սկսում  էին շարել  ամեն  տեսակի  մեծ -մեծ  պաշտոնների  անուններ,  հայրանուններ,  մականուններ  ու  տեղափոխություններ,  իսկ նա  միայն  ներողություն  հայցողի  անկապ  ժպիտով  գլուխն  էր  տմբտմբացնում`  «դա,  իհարկե,  շատ  հետաքրքիր  է,  այո, շատ…»:  «Հիմա-հիմա  նրան  կմերկացնեն,  կպարզեն,  որ  իր ղեկավար մասնագիտությունից բան չի հասկանում», տարիներ շարունակ այդ վախն ու զարմանքը` որ ոչ ոք կարծես թե չի պատրաստվում նրա իրավասությունը ստուգել, հանգիստ չէին տալիս  Հայկին: «Հիմա-հիմա կհասկանան,  թե  ինչ  եթերային  է իր  զորությունը,  կհասկանան,  որ  խաբված  են» … Քննության կկանչեն, երկու կնշանակեն: Հայկն իրեն ապահով չէր կարողանում  զգալ:

Ստորադրյալներին ունկնդրելիս` Բարսեղ քեռին հաճախ նրանց խոսքը կտրում եւ սկսում էր իր անվերջ զինվորական պատմություններից մեկը: Այն մասին, թե ինչպես էին իրենց զորամասի տղաները առնետ որսում կամ ինչպես իր ընկերը մեխված մնաց էլեկտրական  փշալարերի  վրա, կամ  նման  մի  բան:

-Կանչել  է  գրասենյակ,  ինձնից  մի  երկու  տարի հազիվ  մեծ լինի, շան լակոտը (բայց դե իմ հալումաշ տեսքն ուր` իր վարդագույն թշերն ուր), դուրս է բերել արևի տակ կանգնեցրել, ավտոմատը թափ է տալիս ու  էշի  պես  գոռում. Զգա՜ստ, շնե՜լ, էլ եսիմ  ինչ  զահրումար… Ասացի` չփախնե՞մ, ասացի` արա, հը՞, ի՞նչ ես կարծում, արի ու փախնեմ, գաղտագողի շուրջս եմ նայում` իսկ ինքս այդ ընթացքում ամբողջ դեմքովս մեկ բարեհամբույր, լայնսիրտ ժպտում եմ հիմարին, մարդ չէր` բայց իմ չափ տղա էր, ինձնից էլ կարճ: Մեկ էլ տեսնեմ` ավտոմատը փորիս է հենել, բայց հանկարծ ինքն էլ սկսեց ժպտալ: Չգիտեմ, երևի` չդիմացավ, դեղնակտուցը: «Իխ լիբե դիխ, կամրադ», ասում եմ ու վախենում`  հանկարծ  ուրիշ  բան  չմտածի՞:  Կարկամեց  ու  չկրակեց: Տեսքից էլ երևում էր, որ մարդ խփելու գործում ինձնից անփորձ… Հանկարծ զգացի, որ թքած ունեմ, կորցնելու բան չէր մնացել, բացի իմ շղթաներից, ավելի վատ էլ ի՞նչ պիտի լիներ. – շուռ եկա ու բաց, արձակ դաշտով վա՜զզեցի: Վազում եմ ու մտածում. իրենք կարծում են ես թփերի կողմը կվազեմ, իսկ ես, ահա, հակառակը` ուղիղ բաց արևի տակով… Զգում եմ` կրակում են: Բա՜ն չեմ լսում: Զգում եմ` կողքովս ինչ-որ ուժեղ թափեր են վզզում: Մտածում եմ` «չեն կպնում, երևի»: Մտածում եմ` հիմա շեղվեմ… Լրիվ գժվել եմ. խուճապահար մտածում եմ. «հիմա իրենք երևի մտածում են, որ ես, ինչպես ամեն նորմալ մարդ, բեկյալներով  եմ վազում, որ գնդակից խուսափեմ, և, երևի, բեկյալաձև  են  կրակում:  Իսկ  ես` խնդրեմ, հիպնոսված  նապաստակի պես  ուղի՜ղ  գծով»… Այդպես  էլ  չխփեցին, փախա, չգիտեմ չկպավ, թե դիտմամբ չէին ուզում խփած լինել, չհասկացա, ետ նայելուց վախենում էի…

Դա, երևի, այդպես  էլ  եղել  է, – հետո մտածում  էր  Հայկը: – Թեև այդպիսի դեղին տափաստան, և դեղին արև, և հատուկենտ, չես էլ հասկանում թե ինչու, ինչի շնորհիվ կանաչ – թփուտներ… Թեև այդպիսի վազք – ոնց նապաստակը ավտոմեքենայի դեղին լուսարձակների  թունելում, ճգնելով ու դուրս փախչել չզորելով փոշոտ ճամփամիջից,  նախորդ  ավտոմեքենաների  անուշադիր  փորած  ակոսներից, – ոչ  աջ,  ոչ  ձախ` ուղիղ… Թեև  այդպիսի  սարահարթ, եւ այդպիսի վազք, և այդպիսի նապաստակ  ա յ ն տ ե ղ `  որտեղի՞ց: Բայց դա եղել է: Դա եղել է շնորհիվ հենց նրա, որ դա չէր կարող այդպես եղած չլինել,  եթե  դա  պատմվում   է  ա յ դ պ ե ս  … Անհետաքրքիր,  առանց հետաքրքրելու  հույսի իսկ, առանց ոչ մի կաթիլ հարգանքի` իր` հերոսի, ոչ էլ իր` հեղինակի, ոչ էլ իրեն հրամայողի, ոչ էլ իրեն ունկնդրողների նկատմամբ: Այդօրինակ պատմություններից հետո տևում է քար լռություն, ընդմիջված` շփոթված քմծիծաղով, և ունկնդիրները մտածում  են. «Ինչի՞  համար  էր  պատմվում  այս  պատմությունը,  ի՞նչ հետևություն կարելի է անել»: Տձև, անարժեք, անկյանք դառը ծաղրանքով, կյանքը հերքող հեգնանքով, փնթի ներողամտությամբ  միայն լի պռնկեպռունկ – այդ բոլորի նկատմամբ, և՛ նրա` ինչը եղել  է և ինչը արժան է կարծես թե լոկ մոռացման, թաղման, որպես ապրված – սպառված կյանքի թափոն, և, թվում է, գիշերը քնելուց առաջ եթե հիշեիր` պիտի շուռումուռ գայիր ու քունդ փախչեր, պիտի երազեիր հնարավոր  չափ արագ մոռանալ, վերացարկվել… և՛ նրա,  ինչը  հիմա է լինում  (հիմա՞, հիմա՞) – ինչը  ստիպում  է  այնուամենայնիվ  պատմել, չթաղել, ի պատասխան սրամիտ առակի, ուրիշի դժբախտության կամ բախտաբերության լուրն առնելուն ի անկապ պատասխան, – կարծես նրան ասեն «բարև» իսկ ինքն ասի «ո՞վ` ե՞ս»: Չէի՞ր կարող լռել, ինչ է, եթե պատմելու բան չունեիր, ինչու՞ էիր ուրիշների սրամիտ առակը կտրում… «Իսկ  մի  անգամ  ես»… «Իսկ  մի  օր  ինձ  այնտեղ»… Չէ, դա իրոք եղել է, որովհետև այլապես ինչի՞ պիտի նրան աքսորեին… Թեև` աքսորել են ոչ թե նրան, այլ Մարիետտային… Նա պարզապես հարսնացուի ետևից գնաց կամավոր… Այո, դա եղել է, որովհետև  եթե  դա  չի  եղել այդպես` ապա դա պարզապես անհնարին կլիներ  պատմել  այդպես  –  ոչ  մեկի  մասին,  ոչ  մեկի  համար,  միակ անհնարին  բառերով,  միակ  ամենաանշահավետ  ձևով,  այն,  ինչ  գովերգվում  է  որպես հերոսություն` նապաստակացնելով, – որովհետև եթե դու հավատում ես դրան, հավատում ես, որ դա հենց այդպես էլ եղել է և այնուամենայնիվ համարում ես, որ դա հերոսություն է` ավելի լավ է լռես, քեզ համա՛ր է ավելի լավ, որ համոզի՛չ լինի հավատդ: Մանավանդ՝ եթե դա այդպես էլ եղել է: Իսկ եթե չի եղել և պատմում ես հենց այնպես և հենց այդպես էլ ապրում ես… ապա դա պարզապես աստծո խարան է քո ճակտին, – որ  ո՛չ  դու, ո՛չ  որևէ  մեկը` քեզ  իշխող,  ո՛չ  մեկնումեկը` քեզնից առաջ կամ քեզնից հետո, – ո՛չ ոք զորեղ է ցանկալու և վճռելու և գործելու իր կամքին համաձայն այնպես, որ հետո ինքը կամ մեկնումեկը  կողքից  իրավունք  ունենան  արձանագրելու. – «Եւ եղեւ»: Եվ  այդ  դեպքում  արդեն  դա – այն, ինչը նա պատմում  է, – իրո՛ք եղել  է: Եվ այդ դեպքում արդեն այդ բացարձակ բացառումն այնչա՛փ անհույս  է, այնչա՛փ քամիչ  ու  անիմաստ, և այնչափ, ուրեմն, դարեդար  է  ներծծվել քո գեների մեջ սերնդեսերունդ, որ դա կարելի է անվանել լոկ աստծո պատիժ, – մտածում էր Հայկը հետո, շատ հետո, հասկանալ ճգնելով, թե  ինչ  է  ուզում  ինքը  զգալ,  ինչ  է  խլրտում  իր  մեջ:

անտիպ, 1985

Գ. «Մասնավոր պատերազմ՝ Կենձաբուրո Օեի ժամանակներում» (հատված պատմվածքից)

Պատանեկիկը խորը հոգոց հանեց, ալարկոտ նստեց և ջինջ, կապույտ հայացքը հառեց օազիսից այն կողմ, մինչև հորիզոն ձգվող անապատին: Հետո միացրեց ռադիոհեռախոսը և զեկուցեց իր հեռավոր, բայց չքնաղ երկրի թագավորին.

-Լև Ալփարսլանովիչ, վիժու ցել:

-Ի՞նչ է անում:

-Գալիս է իր համար… Կաղալով մոտենում է, էլի… Ու ձեռքին էլ ինչ-որ բան կա: Հա. ամբողջ ուժով ինչ-որ սպիտակ ռումբ է պտտեցնում: Ի՞նչ անեմ:

-Գործեք ըստ կանոնակարգի: Խուճապի մի մատնվեք: Եվ ինձ այդպիսի մանրուքներով մի զբաղեցրեք:

-Լսում եմ:

Լև Ալփարսլանովիչը լսափողը կախեց և իսկույն վերցրեց մյուս լսափողը:

-Մազուտ Խամոևիչ, էտօ վի՞. դոկլադիվայու. շտոյ-տո վաշի մալչիկի շալյատ ապյած:

-Ի՞նչ է որ:

-Լավ չեն պահում իրենց: Անհանգիստ են ինչ-որ: Խլրտում են: Ռումբերով են սպառնում տեղի բնակչությանը: Վախեցնել են ուզում: Բնակչությունը բողոքում է, մեզնից պահանջում է` միջամտել, հազիվ ենք տակից դուրս գալիս, որ մեր տղաներին չտրամադրենք:

-Չի կարող պատահել: Շատ շնորհակալություն, Լև Ալփարսլանովիչ, արժեքավոր ինֆորմացիայի համար. ես հիմա կիմանամ, և եթե իրոք այդպես է` մեղավորներն անպայման կպատժվեն:

-Այո, դե դու այնտեղ տես, էլի…

-Եղավ, Լև Ալփարսլանովիչ, իսկ կարագի հարցը…

-Եղավ:

-Ի՞նչ պիտի լինի, Լև Ալփարսլանովիչ… Ես Ալփարսլան Լվովիչի հետ խոսեցի` ասաց դուք իրեն չեք հրահանգել:

-Հասկացա, հասկացա, էլի: Եղավ: Եղավ-եղավ:

Լև Ալփարսլանովիչը լսափողը կախեց ու խոր հոգոց հանեց. «Շտոյ-տո էծի մազուտովցի խիտրյատ ապյած… Բոմբամի պուգայուտ… Ուժ նե ատոմնոյ լի»…

…Խարտյաշը ռադիոհեռախոսը խնամքով ծալեց, մի կողմ դրեց: Հետո վեր կացավ, ձգմգվեց, ծղոտիկի միջով դիտեց կապույտ, անամպ, կուրացուցիչ երկինքը, հետո իջեցրեց փողը, նայեց մոտեցող կերպարանքին, սպասեց մի քիչ ու ձգանը սեղմեց: Ընդ եղեգան փող բոց ելանեց:

-Մալադեց, գյավուր: Խառոշ: Ցեննի գյավուր. պոլուգյավուր, – գովեց կողքինը:

-Նե սափսեմ նաշ, նե չյոռնի` նո ի նե գյավուր:

-Դա վաշ յա, վաշ, – ձանձրանալով ձեռքը թափ տվեց արժեքավոր անհավատը:

Կողքինը խնձորի ծառի ամենամեծ խնձորը պոկեց ու մեկնեց խարտյաշին:

-Յա – շտո՞,- ասաց խարտյաշը, առույգանալով. – յա – սալդատ. ա սալդատ – սպիտ – սլուժբա – իձյոտ:

Հուռ¬ռա՜, գոռաց ուղղահավատների հզոր բանակը և, շարասյուն առ շարասյուն, կանոնավոր կարգով, կազմակերպվածությունը պահպանելով, տնով, տեղով, ցեղով, սելով, արշավեց հրթիռի ետևից ու տեղափոխվեց գրավելու այն ամրացված դիրքը, որը մինչ այդ գրավում էր այն մարմինը, որը երբևէ անվանակոչվել էր Կենձաբուրո Օե գումարած երկու գուրզ:

-Հուռռա՜, – գոռաց առաքելականների թիմը և արշավեց դեպ մրցակցի դարպասը:

-Ծխելը պիտի թողնեմ, – ասաց մի վերակացուն մյուսին, գնդակը ոտքերի մոտ, ձախ ձեռքով փողկապը պահած` վազելով դաշտի երկայնքով:

-Խա՛բս տուր, – գոռաց գուրզերի վերակացուն: – Մե՛կը: Մյու՛սը: Հանգի՜ստ,- հորդորեց: – Ուղի՛ղ խփիր, ուղի՛ղ:

-Հոյակապ կազմակերպիչ է, – ասաց առաքյալներից մեկը մյուսին, խաղի ընթացքին հետևելով: – Շատ մարդամոտ բնավորություն ունի, – հաստատեց մյուսը. – թիմի լավ մարզիկ կլիներ. տղաները նրան լավ հասկանում են:

Օեն պառկած էր բաց դաշտում: Սպիտակ գուրզը կողքը, սևը` գլխատակին: Իր մասնավոր պարտքի համար սիրտը հանգիստ էր` գիտեր, աշխարհը մեծ է, մեկնումեկը կստանա, տղերքը կառնեն, դեռ տոկոսն էլ վերադիր, քանի դեռ թեկուզ մի ՏՂԱ կա` պարտքը համարիր առնված է: Եվ միակ բանը, որ թեթևակի անհանգստացնում էր` թե արդյոք իր առթիվ եռօրյա՞ սուգ կհայտարարվի, թե՞ առօրյա:

1992

«Հրապարակ նկուղ» ժողովածուից (2012)

Դ. «Քամու պանրիկ-մածնապանրիկ» (հատված պատմվածքից)

Մարիամը ձանձրացավ, վեր կացավ գնաց խոհանոց։ «Արմեն ջան սուրճը բերես», գոռաց Արամը։ Արմենը զբաղված էր ինչ-որ կաթսաների մեջ բան-ման խառնելով։ «Ես կանեմ», ասաց Մարիամը, մեծ ջըզվեները վերցրեց, հարցնելով գտավ սուրճը, շաքարը, որքան որ պետք էր բաժին՝ բոլ-բոլ դրեց, դրեց կրակին, խառնեց, եփեց, գավաթիկների մեջ լցրեց, սերը խնամքով տարաբաշխելով յուրաքանչյուր գավաթիկին (մեկից միայն սերը փախավ, Մարիամը նեղվեց, այդ մեկը, ներողամտություն ակնկալելով, որոշեց հյուրընկալին՝ կեսրարին տալ), սկուտեղի վրա տարավ կիսամութ հյուրասենյակ, «Օ, նաշա նեվեստա նամ կոֆե սվարիլա, օսոբեննո վկուսնո, սպասիբո բոլշոյե», գավաթիկները բաժանեց, սկուտեղը հետ տարավ խոհանոց ու դուրս եկավ լույս աշխարհ:

Դրսում շոգ էր ու կտրող շլացուցիչ լույս՝ քարանձավի մթությունից հետո, փղոսկրագույն շալը վրայից հանեց, ուզում էր կրկին իշուկին մոտենալ՝ կարոտել էր, մեկ էլ տեսավ մայրուղուց շտապ օգնության մի մեքենա եկավ, կտրուկ շրջադարձ արեց, կանգ առավ վետերոկի դեմ: Ետևի դուռը բացվեց, սպիտակ խալաթով տղան դուրս եկավ, ջերմուկի դատարկ շիշ ձեռքին՝ մտավ վետերոկ: Մարիամը մոտեցավ, բաց դռնից ներս նայեց. սև արյան լաքաներով համազգեստի կուրծքը պատած՝ տղա էր պառկած, գլուխը բինտով կապած, երեսը՝ մրոտ, կողքին սպիտակ խալաթով մեկ այլ տղա, երեսը մրոտ, ինչ-որ սարք էր ձեռքին պահել: Մարիամի ձեռքը գնաց բերանին: «Շտապում ենք,― ասաց վարորդը,― Գորիս պիտի հասցնենք, մի ժամ առաջ են խփել, ջուր է ուզում»: Վետերոկ մտած սպիտակ խալաթավորը դուրս եկավ, լիքը շիշը ձեռքին՝ նստեց տեղը, ետևից Արամն ու Արմենը դուրս եկան, գերմանացին, դրսում կանգնած հերթապահող երկու զինվորիկը մոտեցան, վարորդը ձեռքը թափ տվեց ու նրանք շարժվեցին:

― Լեռնակամարի վրա են խփել,― ասաց Արամը,― էնտեղ վիճակը վիճակ չի:

Հետո շուռ եկավ ու զինվորիկիներից մեկին ինչ-որ բան հրահանգեց, սա վազելով գնաց դեպի վիլլիսը:

Արամը նայեց Մարիամին.

― Ո՞նց ես, հարսիկ ջան, հեսա հետ կգնանք: Արի ներս, արի, արի նստի մի քիչ էլ՝ ու գնանք:

Մարիամը զգաց, որ ոտները փաթ են լինում, կողքին կանգնած, երեսը սև մրապատ զինվորիկը հազիվ հասցրեց իրեն բացակա գոտկատեղից գրկել ու պահել, Արամը վազեց դեպ նա, բայց Մարիամն ուժը հավաքեց ու զինվորիկից հետ քաշվեց, «բան չկա, լավ եմ», նայեց նրա համազգեստավոր կրծքին՝ սև թաց լաքա դեռ չիք, սևուկ իշուկը հանգիստ արածում էր կրկին, արևը վերևը լավ թեք՝ դեռ տաք ու շոգ, շտապ օգնության մեքենան չկար, ներսում ծերուկն էլի կենաց էր ասում, «պյու էտոտ ունիկալնի քյարաունջ շտոբի վաշիխ ժեռտվ մալադիխ բոլշե նե բիլո», խոսքի կեսին հանկարծ փռշտաց կամ արաղը նենց չգնաց՝ փռթկաց, Մարիամը զգաց սարսափելի դատարկություն ու անիմաստություն, զգաց, որ ոչ ինքը, ոչ ոք ոչնչի չի տիրապետում, բրիգադիր Արամն ու իր Սուրիկը մանկիկ են՝ հրացաններով ու ավտոներով խաղացող, սևի մանկլավիկ, խամաճիկ, ծերուկը՝ քյանդրբազ անող փահլևան, փռշտալիս բարիանում է, կողքին կանգնած զինվորիկները՝ էս սև իշուկի պես անտեսանելի պարանով իրենց արածելու տեղից կապված, թե գայլը հարձակվեց՝ հազիվ քացով պաշտպանվեն մի քիչ, գայլն էլ սոված՝ մի գլուխ գայլիկների մամա, գերմանացին ու իտալացին՝ վայ թե թաքուն կամ բացահայտ գեյ, Մարիգ տատը՝ մածնապանրիկի գաղտնիքը մոռացած, իր սիրելի Նայիլյային կորցնելուց հետո, խոհարար Արմենը՝ ոչ միայն մածնապանրիկ, այլ նույնիսկ քյործա, նույնիսկ քարահունջ այլևս չունեցող ու էլ երբեք էլեկտրականություն չտեսած, Վալոդը՝ էն հանդում ընկած մեռած եռաֆազի հարվածից, Յուլյան՝ Ռուսաստան գաղթած, Սիրուշոն՝ Վահագնիկին շալկած ու Լոս գաղթած, Գևորիկից բաժանված, սագերի լողավազան պակռիշկան քիրվու կիսաքանդ այգում՝ դատարկ, Արամն այլևս անվիլլիս, անկարող՝ ոտքով նույնիսկ էդ քարուքանդ իր հանգրվանը ներքևից հասնել, քարայծները՝ մորթված, խունացած ժապավենները՝ Ալբավանքի կիսագմբեթի ետևը հրդեհված, վայրի մրգենիները՝ սև չոփ, արմավենիները՝ տկլոր բուն, փշատը, կիվին, գետնախնձորը, թութն ու պոպոքը, մոռն ու մոշը, դրախտախնձորը, այդ առատությունը՝ որից մարդու ուղեղ էր բլթբլթում, կարծես թթուջուր, սև սպառված, խխունջ ու կրիա, թռչուն ու գազան փախած, բայց բլթբլթիկն էլի թթու ջուր էր շատրվանում, դարերով, անկանգ, ով էլ գար ավիրեր ասպատակեր, ով էլ գնար՝ միակ կենդանի շունչը մնացող, մնացած, մնալիք բլթբլթիկ, Մարիամը հանկարծ զգաց ուժեղ ծակոց, բլթբլթոց փորի ձախ կողմում, կարծեց գուցե Արամիկն է քացի տալիս, բայց ոչ, ձեռքով փորը բռնեց, ուզեց այդտեղ չլինել ու փախնել, բայց աղաչական հայացք չնետեց անազատ ու անուժ պնդուկ կիսրարոջը, փոխարենը լրիվ դատարկ կրկին մտավ ներս, նստեց իր տեղը, չտեսնող հայացքով նայեց մթության մեջ, գնդապետներից մեկն էր կենաց ասում. «Շտոբի վի, գասպաձին Ֆիշերենկո, կրեպկո ժիլի, շտոբ զդառովյե կրեպկոե, սեմյա, ի շտոբ վսե, կտո զանիմաեցա նաշեյ պռաբլեմոյ, տակիե բիլի բի պանիմայուշչիե ի ուվաժաեմիե, խածյա բի նա տրիցած պռացենտով, կակ վի»:

― Սպասիբո,― ասաց սպիտակամորուս ծերուկը,― յա վիձիլ պերվիի ի ուվիժու պասլեդնիի, սպասիբո: Կագդա յա նաչալ ձիժուրիծ, էտա բառադա բիլա մալադա, դվադցած լետ նազադ, ի յեսլի վ մեսյաց աձին վիստրել սլուչալսյա, էտո բիլո չեպե: Ա ծիպեր վ ձեն նեսկոլկո տիսյաչ վիստրիլով բիվայետ: Օչեն պլոխո: Կուդա՞ վսյո դվիժեցա:

2016

«Անաստված կինո թատրոն» ժողովածուից (2018)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031