ՀՀ արդարադատության նախկին նախարար, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, 2011-14 թթ. Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում որոշ «փակագծեր» է բացում:
– Պարոն Մանուկյան, կա՞ տպավորիչ որեւէ դրվագ մանկությունից, որ երբեք չեք մոռանում:
-Պապիս պատմությունները: Հիշում եմ, փոքր էինք, մի 7-8 տարեկան, գյուղում, երբ հավաքվում էինք, պապս, երբ տրամադրությունը տեղն էր լինում, խմբում էր թոռներին ու պատմում էր անցած օրերից: Հիշողություններիս մեջ հատկապես մնացել են հուշեր Երկրորդ աշխարհամարտ մեկնելու, թշնամուն գերի ընկնելու, գերեվարված տարիների մասին:
Սակայն ամենացնցողն այն պատմությունն էր, թե ինչպես է պապս՝ այն ժամանակ փոքրիկ երեխա, Արևմտյան Հայաստանից՝ Մուշից, կոտորածի տարիներին եկել հայրենիքի ավելի ապահով հատված, ինչպես է գետանցման ժամանակ պապիս հորաքույրը կորցրել իր դստերը, բայց կարողացել է իր և եղբոր որդիներին փրկել և ապահովել 2 օջախի, 2 ազգանվան շարունակողներին: Իսկապես հուզիչ և հիշվող պատմություններ են…
Կարդացեք նաև
-Ի՞նչ հոբի, նախասիրություններ, սովորություններ, հաճելի «թուլություններ» ունեք:
– Կյանքի հաճույքներից մեկը ճանապարհորդելն է, նոր երկրներ, նոր մշակույթ, նոր մարդկանց տեսնել և ճանաչել: Սա անփոխարինելի նախասիրություն է: Ընդ որում, շատ կարևորություն չեմ տալիս հարմարավետությանը, բարձրակարգ հյուրանոցում գիշերելուն: Երբեմն, տեղաբնակի տանը գիշերելը կամ, ասենք՝ անապատի բեդուինին հյուրընկալվելն ու ուղտի խաշլամա ուտելը շատ ավելի հաճելի ու տպավորիչ է, քան Michelin-ի աստղ ունեցող ռեստորանում ճաշելը:
Հոբին՝ հնաոճ իրերի նկատմամբ սերն է, որն ինձ ստիպեց կոլեկցիոներ դառնալ, և հիմա չկա մի քաղաք, որ ես լինեմ ճանապարհորդելիս կամ գործերի բերումով, և չգնամ տեղի, այսպես կոչված, блошиный рынок-ը և մի երկու հին բան չգնեմ: «Թուլություններիս» մասին խոստովանությունը հենց այստեղ էլ ավարտենք (ժպտում է-Գ.Հ):
– Կհիշե՞ք որեւէ դրվագ, իրավիճակ, որ հաղթահարել եք հումորի միջոցով:
-Կառավարության նիստում հարց եմ զեկուցում՝ զագսի բլանկների տպագրության համար լրացուցիչ ֆինանսավորման մասին: Անհրաժեշտություն էր առաջացել տպագրել ամուսնալուծության ձևաթղթեր, քանի որ դրանց պլանավորված քանակը սպառվել էր՝ ամուսնալուծությունների թվի աճի պատճառով: Զեկույցը լսելուց հետո՝ վարչապետը մտահոգ հայացք է նետում ինձ վրա, տալիս հետևյալ հարցը. «Իսկ ի՞նչ պատճառով են ամուսնալուծությունները շատացել»: Մի պահ լռություն կախվեց դահլիճում, և հնչեց իմ պատասխանը. «Պարոն վարչապետ, մի բանում Ձեզ վստահաբար կարող եմ հավաստիացնել, որ ամուսնալուծությունների աճը մեր նախարարության գործունեության հետ ուղղակի կապ չունի»…Կրկին լռություն, և մի քանի վայրկյանից լսվում է Հրանուշ Հակոբյանի քրքիջը, ինչից հետո բոլորը սկսում են ծիծաղել: Արդյունքում ժպիտ է հայտնվում նաև մինչ այդ մտահոգ հայացք ընդունած վարչապետի դեմքին: Որոշումը միաձայն ընդունվեց…
– Ի՞նչ է պաշտոնը մարդու համար, այն ձեզ երբեւէ փոխե՞լ է:
-Նայած ո՞ր մարդու: Մեկի համար ինքնահաստատման միջոց է, մյուսի համար՝ հնարավորությունների կրկնապատկում: Մեկ այլ մարդու դա հնարավորություն է իրագործել իր գաղափարները:
Ինձ համար, թերևս, պաշտոնը գործիք է՝ սոսկ իմ գաղափարները կյանքի կոչելու համար: Չկա մարդ, որին պաշտոնը ժամանակի մեջ չփոխի, պարզապես կան մարդիկ, որոնք զգում են այդ նուրբ պահը և ժամանակին դադար վերցնում, բայց դրանք եզակիներն են: Հիմնականում մարդիկ մեր երկրում դառնում են պաշտոնի ստրուկը:
– Լավ ընկերության ձեր բնորոշումը, ինչպիսի՞ մարդիկ չեն կարող լինել ձեր ընկերը:
-Ընկերությունն այն է, երբ լավ ես զգում այդ մարդու հետ ցանկացած իրավիճակում՝ լինի դա սեղանի շուրջ, ճանապարհին, տխրության կամ ուրախության ժամերին: Բայց ընկերության խորքային էությունը սեփական շահն ընկերության կամ ընկերոջդ շահերին ստորադասելու կարողությունն է: Ես բաց մարդ եմ, կարող եմ շատերին մոտ թողնել, բայց միևնույն ժամանակ կորցրած վստահությունն ինձ մոտ վերականգնելու ջանքերն անիմաստ են:
– Ձեր զավակների դաստիարակության ժամանակ հատկապես ի՞նչն եք շեշտադրել, ինչպե՞ս եք վերաբերվում երեխաներին «երես տալուն»:
-Աշխատասիրությունը…: Փորձել եմ ու փորձում եմ ապացուցել, որ աշխատանքն է ամեն բարիքի աղբյուրը: «Երես տալ»` դա մեր ընտանիքի լոզունգը չէ, իմ երեխաները մեծացել և մեծանում են համեստ, չափավոր և բարեկիրթ միջավայրում:
– Լավատե՞ս եք դուք էությամբ, եւ ընդհանրապես ինչի՞ց կարող եք ոգեւորվել կամ հիասթափվել:
-Անուղղելի լավատես եմ: Ոգեւորվում եմ՝ դժվարությամբ, հիասթափվում՝ հեշտ և արագ: Այսպես` կյանքն ավելի բարդ է, սակայն սա միշտ ստիպում է կատարելագործվել և առաջ գնալ:
– Պարկեշտության ձեր բնորոշումը…Ո՞րն է պարկեշտ մարդը, պաշտոնյան, քաղաքական գործիչը, քաղաքացին:
-Գիտեք, ժամանակի մեջ կյանքի և բարոյականության պատկերացումները դինամիկ փոփոխվում են: Այսօր պարկեշտ մարդ ես կանվանեմ առաջին հերթին բարի մարդուն: Բարությունը կփրկի (եթե, իհարկե, նման փրկություն հնարավոր է) աշխարհը, և ոչ թե գեղեցկությունը…
Իսկ պետական, քաղաքական գործչի պարկեշտությունը դա նրա նվիրումն է գործին, երկրի շահին, կարողությունը սեփական շահը մի կողմ դնելու՝ անկախ որևէ գայթակղությունից:
– Դուք տարբեր պաշտոններ եք զբաղեցրել, ի՞նչ եք մտածում չորրորդ իշխանության մասին:
-Ես չորրորդ իշխանության մասին ոչ թե մտածում եմ, այլև կոնկրետ քայլեր եմ անում դրա կայացման ուղղությամբ: Հայաստանում լրագրությունը լուրջ դժվարություններ ունի և կայացման բարդ ճանապարհ, բայց ուժեղ անհատներ կան այս ոլորտում: Գործիչներ, որոնց ռեսուրսը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է լուրջ գործ անել այս դաշտում:
– Ձեր սիրած ուտեստը, որը սիրով ինքներդ էլ եք պատրաստում:
-Իմ քիմքը նուրբ է և շատ դժվար է ինձ զարմացնել խոհանոցում: Բայց շատ խոհանոցներ փորձելով՝ ես հիմա կրկին վերադառնում եմ մեր ավանդական խոհանոցին: Սիրածս ուտեստն արդեն երկու տասնամյակից ավելի տոլման է, հատկապես մեր տան ավանդական Մշո տոլման, որի բաղադրատոմսը պապիցս է մնացել:
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները` Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան էջից: