Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մալայանի կլինիկայում դեղորայքից «կուրացած» հիվանդների մոտ բարդությունները վերացված են

Մայիս 09,2019 17:55

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հիվանդների մոտ դեղամիջոցից առաջացած կուրության մասին կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Պացիենտների մոտ բոլոր բարդությունները վերացված են»:

Պարոն Մալայանն ասաց, որ 7 հիվանդ, որոնք այցելել էին կենտրոն՝ աչքի մեջ ներարկում ստանալու, շաքարախտով հիվանդներ են: Իսկ խնդիրն առաջացել է, ըստ բժշկի, ինֆեկցիայի պատճառով. «Հիվանդները վիրահատված են, տեսողությունը վերականգնված է: 5-ը վիրահատվել են, 2-ի վիճակը դեղորայքային բուժումով ենք լավացրել: Կուրություն չկա»:

Արդյոք պատճառն, ինչպես լրատվամիջոցներից մեկն է գրել, «Նատալի Ֆարմի» ներմուծած «Ավեսին» դեղամիջոցն է, մեր այս հարցին Մալայանը հստակ չպատասխանեց: Բժիշկը վստահեցրեց. «Հետազոտությունները տրված են, ցանկերը տրված են, այս պահին չեմ կարող այլ բան ասել: Գործը քննվում է, վաղը արդյունքները պարզ կլինեն եւ այդ մասին կհայտարարենք»: Մեր ճշտող հարցին՝ հիվանդներին միայն «Ավեսին» դեղամիջո՞ց են ներարկել, Մալայանը պատասխանեց. «Հիմնականում մի տեսակի դեղամիջոց են ներարկում: Բայց հիմա դա ենթադրություն է, որ «Ավեսինն» է պատճառը»:

Այս պահին քննությունը փորձում է պարզել՝ դեղորայքի խնդիրն առաջացել է այն տեղափոխելո՞ւ պահին, թե՞ բացելուց հետո:

Առողջապահության փոխնախարարն այցելել է հիվանդանոց եւ հանդիպել բուժող բժիշկներին եւ հիվանդներին: Նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ փոխնախարարը վստահեցրել է. «Մի պացիենտի անձամբ է հանդիպել, նրա մոտ կուրություն չկա: Բժիշկներն էլ փոխանցել են, որ մյուսների մոտ էլ չկա կուրություն»:

Նիկողոսյանի փոխանցմամբ՝ «Պացիենտների մոտ ախտորոշվել է հետներարկային ախտահարում, որից հետո նրանք վիրահատվել են: Հիվանդներին ներարկում է արվել, որից հետո գանգատով դիմել են կլինիկա: Այս պահին հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնն ու դեղերի փորձագիտական կենտրոնն աշխատում են պատճառը պարզելու ուղղությամբ: Փորձագետներն այնտեղ են եւ ուզում են հասկանալ՝ դեղի պատճառահետեւանքային կապը՝ արդյոք դրանից է առաջացել խնդիրը: Արդյոք դեղը փակ ժամանա՞կ է խնդիր ունեցել, թե՞ բացվելուց հետո»:

Նիկողոսյանը վստահեցրեց. «Ներարկում ստացած այդ հիվանդները նորմալ տեսնում են, կուրություն չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031