«Տրամադրությունս տոնական է, շատ ուրախ, հաղթական և պինդ»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպիսի՞ն է տրամադրությունը «Անմահ գունդը» խորագրով քայլերթին այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
4-րդ տարին անընդմեջ անցկացվող քայլերթը կազմակերպեց «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:
Քայլերթը մեկնարկեց Արամ Խաչատրյանի արձանի մոտից, այնուհետև ընթացավ Մաշտոցի պողոտայով, քայլերթի մասնակիցները հետո թեքվեցին Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակից թեքվեցին Վազգեն Սարգսյան փողոց ու մուտք գործեցին Կիրովի անվան այգի, որտեղ Նելսոն Ստեփանյանի արձանի մոտ դրեցին ծաղիկներ ու լուսանկարներ:
Կարդացեք նաև
Քայլերթին մասնակցեցին նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ, որոնց հարազատները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին:
Հայկ Մարությանը քայլերթին մասնակցում էր պապիկի՝ Գարեգին Քրքրյանի լուսանկարով: Այս առիթով նա պատմեց. «Իմ պապիկը 1941-ին մեկնել է պատերազմ մինչև 1945 թվականի ամառ և վերադարձել տուն: Նա Կուրսկի տակ մեծ ճակատամարտին է մասնակցել, արևմտյան ճակատի պատերազմական բոլոր գործողություններին: Ես հպարտ եմ իմ պապիկով և հայազգի բոլոր հերոսներով, որոնք մեծ ներդրում ունեն Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի մեջ»:
Հայկ Մարությանից նաև հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է փակ աշխատում, քանի որ դժգոհություններ կան, որ քաղաքապետարանում չեն կարողանում քաղաքապետի հետ շփվել, նա պատասխանեց. «Իսկ ներսում ինձ հակառակն են ասում, որ այսքան շատ երբեք քաղաքապետի մոտ չէինք մտնում: Այնպես որ, իմ լսած կարծիքը ձեր հայտնածից լրիվ տարբերվում է»:
Հայկ Մարությանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իր աշխատավարձը չի բարձրացել, և աշխատակազմի աշխատավարձերը բարձրացրել են նրա համար, որ որակյալ կադրերով համալրեն քաղաքապետարանը:
Մեր այն դիտարկմանը՝ ինչո՞ւ Հայկ Մարությանն իր՝ ՔՊ-ական թիմակիցների զանգերին չի պատասխանում, Երևանի քաղաքապետն արձագանքեց. «Անհնար է, ես բոլոր զանգերին ի պատասխան հետ եմ զանգում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ