Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՛վ նալն է իրենց ձեռքին, ե՛ւ մեխը, կարող են փռել ասֆալտին, ծեփել պատերին, բայց մինչեւ ե՞րբ ու երկիրը ո՞ւր կտանեն՝ սա է հարցը». Իշխան Սաղաթելյան

Մայիս 09,2019 16:54

«Մեկ տարվա այդ փոփոխությունները բավարար չեն, այն բոլոր սպասումները, որ մեր հասարակությունն ուներ իշխանություններից, դեռ արդարացված չեն»,- Եռաբլուրի պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հարցին՝ այդ ի՞նչ էր ակնկալում հանրությունը, որը չի եղել՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Հանրությունը ակնկալում էր համակարգային փոփոխություններ, դեռ տեղի չեն ունեցել»: Դիտարկմանը, որ բազմաթիվ բացահայտումներ տեղի ունեցան, նախկին իշխանությունների ներկայացուցիչները, նրանց մերձավորները պատասխանատվության կանչվեցին, դա բավարա՞ր չէր՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Իհարկե, բավարար չէր: Ինչի մեր ժողովրդի ակնկալիքը միայն դա՞ էր: Մեր երկրում ժողովրդի պահանջով տեղի է ունեցել իշխանափոխություն, որ ՀՀ քաղաքացին ապրի ավելի լավ երկրում, ունենա աշխատանք, իր հարցերը կարողանա լուծել: Երկրում տնտեսական համակարգային բարեփոխումներ չեն իրականացվել»: Հարցին՝ 20 տարվա քանդածը մեկ տարում ո՞նց պիտի վերականգնեին՝ նա պատասխանեց, որ մեկ տարում գոնե սկիզբը պիտի դնեին: Հարցին՝ 100 փաստը բավարար չէ՞ր՝ նա պատասխանեց. «Ոչ, տպավորություն էր, որ սկզբից որոշել են թիվը, հետո որոշել են տակը ինչ փաստեր դնեն, առաջիկայում այդ փաստերին կանդրադառնանք»:

Հարցին՝ ո՞րն է այս իշխանության ամենամեծ բացթողումը՝ ՀՅԴ-ականը պատասխանեց, որ իշխանությունն ուներ բացառիկ շանս հասարակությանը համախմբելու. «Ցավոք, իշխանությունը սկսեց սեւերի-սպիտակների, հեղափոխականների-հակահեղափոխականների մի ընթացք, որը մեր երկիրը տանում է պառակտման, այլ ոչ թե համախմբման»: Հարցրեցին՝ թալանողի եւ թալանվողի մեջ ինչպե՞ս կարող է լինել ձեր ասած միասնությունը՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Երբ վարչապետն ընդդիմադիր գործիչ էր, ինքը գնում էր ոստիկանություն, նախարարի կամ որեւէ մեկի վրա մատ էր թափ տալիս եւ ցույց էր տալիս, որ ինքը շատ դուխով քաղաքական գործիչ է իբրեւ ընդդիմադիր, դա հասկանալի էր, բայց իբրեւ վարչապետ երբ կծեփեմ պատին, կփռեմ ասֆալտին, բռունցքիս հարվածը կզգաք ձեր ծնոտին, դա մեզ համար անընդունելի է: Մենք շատ լավ նաեւ հասկանում ենք, որ եւ նալն է իրենց ձեռքին, եւ մեխը, ոնց որ նախկին իշխանություններն էին ասում, կարող են փռել ասֆալտին, ծեփել պատերին, բայց մինչեւ ե՞րբ ու այդ ճանապարհով մեր երկիրը ո՞ւր կտանեն՝ սա է հարցը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031