Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրենց լսեք, աշխարհն իրենցից է սկսել, եկեք հանգիստ թողենք, գնան պատմության գիրկը». Արայիկ Հարությունյանը՝ Աշոտյանին

Մայիս 09,2019 16:19

Որպես իշխող ուժի ներկայացուցիչ, այսօր բանակում տեղի ունեցող փոփոխությունները ձեզ բավարարո՞ւմ են: Այս հարցին ի պատասխան այսօր կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բանակում դրական փոփոխությունների համար առավելագույնը պետք է անեն. «Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, միտված են բանակն ուժեղացնելու, որովհետեւ թե՛ դպրոցից, թե՛ բուհերից, թե՛ միջին մասնագիտական հաստատություններից բանակ գնացողները պետք է լավ գիտելիք ունենան, բանակը դրա կարիքն ունի»:

Հարցին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ այն բանակը, որն ունեինք նախկինում՝ գյուղացիա-բանվորական էր եւ այդ առումով փոփոխություն չկա, ի՞նչ պետք է անել այս ուղղությամբ՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բանակում այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, որակական փոփոխություններ են: Գիտեք գիտական վաշտի ստեղծման մասին, մենք պարբերաբար նախարար Տոնոյանի հետ քննարկում ենք գիտական վաշտը մեծացնելու, ուժեղացնելու մասին, որովհետեւ այսօր դպրոցն ավարտում են շատ լավ գիտելիքներ ունեցող երեխաներ, որոնք պետք է իրենց գիտելիքն օգտագործեն նաեւ բանակում»:

Երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վկայակոչած դրական փոփոխությունների 100 փաստին, ասաց, որ մի լավ բան նկատել է այդ փաստերի մեջ, կրթօջախներին մշակութային հաստատությունների տոմսերի տրամադրումն է, որն ասաց, որ իրենք էին մտածել, այսինքն, ձերը չէր՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Եթե իրենց լսեք, աշխարհն իրենցից է սկսել, բան չունեմ, Աշոտյանին ի՞նչ մեկնաբանեմ, եկեք հանգիստ թողենք, գնան պատմության գիրկը»:

Հարցին՝ նաեւ քննադատում էին ձեզ՝ ասելով, որ իրենց իշխանությունը իսկանդեր է բերել, ձեր իշխանությունը ոչ փոխաբերական, ոչ ուղիղ իմաստով իսկանդեր չի բերել, ի՞նչ կասեք այս մասին՝ նախարարը պատասխանեց. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ իսկանդերը կարողանանք այստեղ արտադրել: Նկատի չունեմ հենց բուն այդ զենքը, այլ բոլոր ոլորտներում կարողանանք այդ ոլորտի իսկանդերներ արտադրել ու այն բարեփոխումները, որ տեղի են ունենում մասնավորապես կրթության մեջ, միտված են դրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031