Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի երկրորդ եւ երրորդ նախագահները չէին պահանջել Ռոբերտ Քոչարյանին արդարացնել»

Մայիս 09,2019 17:30

Արամ Սարգսյանի սիրտը չի գոհացնում ՀՀ-ի եւ Արցախի ղեկավարների փոխհրաձգությունը

«Ղարաբաղի երկրորդ եւ երրորդ նախագահները չէին պահանջել Ռոբերտ Քոչարյանին արդարացնել կամ, ընդհանրապես, ազատ արձակել: Այլ ցանկացել էին, որ խափանման միջոցը փոխվեր: Մարդկային առումով, այս հանգամանքը համարում եմ շատ նորմալ. այդ մարդիկ միասին աշխատել են, միասին որոշակի ճանապարհ են անցել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն`անդրադառնալով Արցախի նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի`կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված նամակին: «Եթե խնդիր կա խափանման միջոցի մասով եւ հնարավորություն կար դիմելու ու իրենք չդիմեին`դա շատ ավելի վատ կլիներ»,- կարծում է Արամ Սարգսյանը`հավելելով, որ այո, օրենքի առաջ բոլորն են հավասար, բայց ընկերությունն ու միասին անցած ճանապարհն էլ մարդկային լավագույն հատկանիշներ են, իսկ մարդկանց նաեւ դրանցով են գնահատում: Այս առումով, մեր զրուցակիցը միանգամայն բնական է համարում, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով: Առհասարակ, առաջարկում է գործընթացներին նայել անմեղության կանխավարկածի տեսանկյունից`ցանկացած դեպքում`սկսած ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի անմեղության կանխավարկածից, մինչեւ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, առաջարկելով, որ պետական պաշտոնյաները ձեռնպահ մնան տարբեր գործերով կարծիքներ հայտնելուց`դա թողնելով դատական իշխանությանը:

«Բայց ես նաեւ շատ կուզենայի, որ եթե Արցախի նախագահներն ինչ-որ հարցով դիմում են Արցախի իշխանություններին, նախապես ճշտեն`այդ դիմումը կհարգվի՞, թե`ոչ: Ինձ համար անթույլատրելի եւ տխուր է, որ Արցախի նախագահը դիմի Հայաստանի նախագահին եւ մերժում ստանա: Շատ վատ է: Արցախը Հայաստանն է. ՀՀ դատախազն էլ հայ է, Արցախի եւ Հայաստանի ղեկավարներն էլ հայ են, իրենք հեռախոսներ ունեն»,- ասաց մեր զրուցակիցը`նկատելով, որ աշխարհաքաղաքական իրողություններում միմյանց հակադարձումները ոչ մի լավ տեղ չեն տանում, մանավանդ եռատոնի օրերին հրաձգություններն Արամ Սարգսյանի սիրտը չեն ուրախացնում:

Հիշեցնենք, երեկ, մամուլի ասուլիսում, անդրադառնալով այդ հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արցախի նախագահի իրավախորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդ տան, քանի որ դատախազության իրավազորության տակ չէ այդ հարցը, գործը դատարանում է գտնվում. «Հիմա բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ նրա համար չեն միջնորդում, ինչո՞ւ չեն պահպանում սկզբունքը: Հնարավո՞ր է Արկադի Ղուկասյանի կամ Բակո Սահակյանի նախագահության օրոք Արցախի հերոս բանտարկված լիներ: Եթե նրանց թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում են: Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

09.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031