Մեր երկրի աղջիկների նման ինձ բախտ վիճակվեց մասնակցել Հայրենական պատերազմին: 1938թ. ավարտել էի Լենինականի Ա. Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը եւ աշխատանքի անցել Արթիկի շրջանի Սարատակ գյուղի միջնակարգ դպրոցում: Իրականացել էր տարիների փայփայած երազանքս՝ մանկավարժ էի: Ինչպիսի խանդավառությամբ էի աշխատում, որքան էի սիրում աշակերտներիս: Միաժամանակ հեռակա կարգով սովորում էի Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում:
Բայց շատերի պես իմ երազն ընդհատվեց……1941թ. հունիսի 22-ին պետք է գնայի Երեւան՝ հեռակա ուսուցման դասընթացներին, դեռ նախորդ օրը պատրաստել էի ճամպրուկս, դասավորել գրքերս, հագուստս: Հայրս վերադարձավ շատ հուզված եւ ասաց՝ չգնաս Երեւան, գերմանացիները հարձակվել են մեր երկրի վրա, պատերազմ է: Լացակումած դուրս եկա փողոց, կանայք լաց էին լինում, իրար հույս տալիս, թե միգուցե լուրը ճիշտ չէ: Անորոշությունը, կասկածները վերացան, երբ երեկոյան շրջկենտրոնից եկան պատասխանատու անձինք, գյուղխորհրդի գրասենյակի մոտ հավաքված գյուղի բնակչությանը հայտնեցին Գերմանիայի հարձակման մասին: Սկսվեց զորահավաք: Պատերազմ ուղարկվեցին նրանք, ում տարիքը համապատասխանում էր, ով կարող էր զենք վերցնել: Օրեցօր սարսափելի լուրեր էինք լսում, մեր զորքերը նահանջում էին, քաղաք քաղաքի հետեւից թողնելով թշնամուն, որն ավելի էր հուսահատեցնում մեզ:
Աշնանը թերթերից մեկում կարդացի Մոսկվայի 209 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Զոյա Կոսմոդեմյանսկայայի մասին, որը կամավոր ռազմաճակատ էր գնացել, դարձել պարտիզան, եւ մարտական առաջադրանք կատարելիս ընկել գերմանացիների ձեռքը, որոնք կախաղան էին բարձրացրել: Թերթում տպագրված էր Զոյայի նկարը՝ կախաղանի վրա, կրծքին փորագրված աստղով: Ես այնպես էի հուզվել, որ ողջ օրը որեւէ մեկի հետ չշփվեցի, ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, ինչ եմ անում ես՝ ուսուցիչս, երբ դպրոցականների արյունն էր թափվում ռազմաճակատում……Դպրոցում առաջվա նման չէր լսվում երեխաների ծիծաղն ու ձայնը: Որոշեցի դիմել զինկոմիսարիատ՝ խնդրելով ինձ ուղարկել ռազմաճակատ:
47-ամյա հայրս կամավոր մեկնել էր պատերազմ: Նրան թե տարիքի, թե 7 երեխաների համար կարող էին եւ չտանել, զինվորագրում էին մինչեւ 45 տարեկաններին, սակայն Սարդարապատի հերոսամարտին մասնակցած հայրս մեկնեց, որպեսզի կանխեր ինձ: Միայն թե չիմացավ, որ իրենից հետո ես եւ եղբայրս նույնպես մեկնելու էինք ճակատ, իրենից չորս օր հետո:
Կարդացեք նաև
1942թ. դեկտեմբերի 2-ին Լենինականի երկաթուղային կայարանից մայրերը պատերազմ էին ուղարկում իրենց փափկասուն աղջիկներին: Եկավ գնացքը. չորս օր առաջ հորս էինք ճանապարհել նույն այս կայարանից: Հասանք Թբիլիսի, որտեղից տարան հավաքատեղի: Մեր աղջիկներին միացան Ռուսաստանի տարբեր քաղաքներից եկած ռուս աղջիկներ: Վերցրեցին մեր հագուստները, տվեցին զինվորական հագուստներ: Դեկտեմբերի 4-ին իջանք Բաթումիի կայարանում: Մեզ տեղավորեցին քաղաքի ծայրամասերում գտնվող զորանոցներում: Երկու-երեք օր զինվորական կարգուկանոնին ծանոթանալուց հետո մեզ բաժանեցին առանձին խմբերի ու տարան դեպի քաղաքը շրջապատող բարձունքները, որտեղ գտնվում էին հրետանային մարտկոցները: Երկու շաբաթ հետո սովորեցինք հրետանին, ծանոթացանք զինտեխնիկայի հետ:
Հայաստանից գնացած 504 հայ աղջիկներ համալրեցինք նոր կազմավորված 352 զենիթային հրետանային գունդը: Ինձ մեր շրջանի 8 աղջիկների հետ ուղարկեցին նույն գնդի 3-րդ դիվիզիայի 9-րդ մարտկոցը: Առաջին անգամ փակեցինք թշնամու ինքնաթիռների ճանապարհը դեպի քաղաք 1943թ. հունվարի 15-ին: Մենք գիտեինք՝ ինչ նշանակություն ուներ Բաթումի նավահանգիստը: Այդ ժամանակ արժանացա եֆրեյտորի կոչման, պարգեւատրվեցի «Գերազանցիկ հրետանավոր» կրծքանշանով:
Բաթումիից հետո հասանք Վլադիվաստոկից 120 կմ հեռավորության վրա գտնվող Սիսոեւկա բնակավայր, ապա Ճապոնիա, Հեռավոր Արեւելք: Զորացրվեցի 1945թ. հոկտեմբերին: Ինձ սպասում էին ետպատերազմյան դժվար, զրկանքներով լի օրերը:
ՌՈԶԱ ՄԻՆԱՍՅԱՆ
Հետմահու, «Անտիպ հուշերից»
«Առավոտ» օրաթերթ,
09.05.2019