Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոհվելու մասին մայրս չի իմացել, քանի որ «սեւ թուղթը» պահել է պապս՝ խնայելով նրան

Մայիս 09,2019 16:00

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից հայրենական պատերազմ են մեկնել 227-ը, զոհվել են 102-ը:

Լալայանների ընտանիքից ռազմաճակատ մեկնած Սերգո Լալայանը, նրա երկու եղբայրները՝ Համազասպն ու Արտեմը, նույնպես զոհվել են: Հրապարակագիր Ալբերտ Հովհաննիսյանն իր «Մենամարտ թշնամու խրամատում» գրքում գրել է Սերգո Լալայանի մասին, իսկ «Փառքի հուշարձաններում» այն գերեզմանատեղին է, որի վրա գրված է հերոսի անունը:

Հայրս՝ Սերգո Գրիգորի Լալայանը, ծնվել է Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում 1909 թվականին: 1941-ին մեկնել է ռազմաճակատ, իսկ 1942 թվականին վիրավորվել է Դոնեցկի մարտերում: Նրան տեղափոխել են Թբիլիսիի զինվորական հոսպիտալ, ապաքինվելուց հետո վերադարձել է գյուղ, որտեղ անհամբեր սպասում էին կինը՝ Հայկանուշ Լալայանը, մանկահասակ աղջիկը՝ Ռոզան, որդին՝ Շահնիյարը: Կարճ ժամանակ անց 1942 թվականի աշնանը նորից մեկնել է ռազմաճակատ, ապա գրել. «Տանում են Կերչ-Գելանջիկ-Նովոռոսիյսկ»: Մարտնչելով մինչեւ 1943 թ. ապրիլի 30-ը՝ Նովոռոսիյսկ քաղաքի մոտ՝ Միսխակո գյուղի մոտ զոհվել է արիաբար: Հայրս 34 տարեկան էր:

Զոհվելու մասին մայրս չի իմացել, քանի որ «սեւ թուղթը» պահել է պապս՝ մորս հայրը, մտածելով, որ աղջիկը չի դիմանա այդ հարվածին: 1978 թվականին՝ Նովոռոսիյսկի ազատագրման 35-ամյակին, Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությունից ստացանք հեռագիր՝ հերոս քաղաքի ազատագրման տոնակատարությանը մասնակցելու համար: Պարզվեց, որ հայրս, որին անհետ կորած էինք համարել, մահացել է 1943թ. ապրիլի 30-ին, նա թաղված է Միսխակո գյուղի եղբայրական գերեզմանում, որտեղ գրված էր նրա անուն-ազգանունը: Մեր այցը նկարվեց եւ ցուցադրվեց Կենտրոնական հեռուստատեսությամբ: «Մալայա Զեմլյա» գեղարվեստական ֆիլմի 2-րդ սերիայում մորս, ինձ էին նկարահանել «եղբայրական գերեզմանում»: Այդ տարիներին ֆիլմը հաճախակի էին ցուցադրում, իսկ մեր տեղական թերթերը հաճախակի էին տպագրում մայրիկիս ու իմ այցը հայրիկիս գերեզմանին:

1978թ. սեպտեմբերի 16-ին, երբ Նովոռոսիյսկի ազատագրման 35-ամյակին Կենտրոնական հեռուստաընկերության աշխատակիցները «Ռաֆ» մեքենայով ինձ ու մայրիկիս տարան եւ ցույց էին տալիս Մալայա Զեմլյայի դաշտերը, այգիները, այդ ժամանակ խաղողի բերքահավաք էր: Հիշում եմ՝ մեզ հրավիրեցին Միսխակոյի սովխոզ, մորս խաղող հյուրասիրեցին, ինչից նա հրաժարվում էր:

Այդ ժամանակ սովխոզի դիրեկտորն ասաց՝ այս խաղողի այգիները զոհված մարտիկների արյամբ է, իսկ տարեց գյուղացիներից մեկն էլ դիմելով մայրիկիս, ասաց՝ օգտվիր, այս խաղողի արմատները բացառված չի, որ սնվել են ձեր ամուսնու արյունով:

Այդ բնիկ ծերունին պատմում էր, որ այդ օրերին Սեւ ծովը «վառվում էր»:

Ամեն անգամ հուզմունքով եմ կարդում նամակները՝ Հայաստանից Նովոռոսիյսկ ռազմաճակատ, Սերգո Լալայանին, որտեղ գրված է. «աչքդ լույս, Սերգո, որդի ես ունեցել», մյուս նամակը Նովոռոսիյսկից Հայաստան՝ Հայկանուշ Լալայանին. «Ձեր ամուսինը՝ Սերգո Լալայանը, զոհվել է 1943թ. ապրիլի 30-ին՝ հանուն հայրենիքի, Միսխակո գյուղի անհավասար մարտերում»: Ահա եւ «սեւ թուղթը»: Հորս զոհվելուց տասն օր հետո ծնվել եմ ես՝ չտեսնելով հորս: Ես արդեն 76 տարեկան եմ, ճիշտ այդքան՝ հանգուցյալ հայրս 76 տարի հերոս է:

Մայրս ապրեց հարյուր տարի:

ԱՐԱՄԱՅԻՍ ԼԱԼԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

09.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031