Երեկ հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործին եւ ասաց, որ ինքը դեմ է եղել, որ այդ գործը գնա ՀՔԾ:
Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանն այս առնչությամբ ասաց. «Այդ հարցը որոշում է դատախազությունը եւ ես որեւիցե հարցով չեմ դիմել վարչապետին, որ փոխեն նախաքննական մարմինը, որովհետեւ ես օրենքը լավ գիտեմ, Սահմանադրությունը լավ գիտեմ: Ես այդ հարցով չեմ դիմել պարոն վարչապետին: Իրականում այդ հարցը չի կարող վարչապետը որոշի, մենք դիմել ենք գլխավոր դատախազություն, դատախազությունը մերժել է, որը պետք է բողոքարկվի դատարանում»:
Հարցին՝ հիմա հիասթափություն կամ կաշկանդվածություն կա՞՝ նա պատասխանեց. «Իմ կյանքն անցել է պրոբլեմներով լի ճանապարհով եւ որեւիցե վայրկյան փոշմանելու առիթ չեմ ունեցել: Ես իմ քայլերը չեմ անում, որ որեւէ պաշտոն ստանամ ու պաշտոնով փորձեմ ծառայել: Ունենամ պաշտոն՝ կծառայեմ հայրենիքիս, չեմ ունենա՝ նորից կծառայեմ իմ գործունեությամբ»:
Դիտարկմանը, որ շատ են շահարկում, որ ովքեր քայլել են, նրանք պաշտոն են ստացել, այդ թվում դուք՝ Սանասարյանն էլ արձագանքեց, որ շատերն էլ կան, որ չեն քայլել, բայց պաշտոն են ստացել. «Այդ սկզբունքով չի եղել այդ ամեն ինչը: Մարդիկ, ովքեր հեղափոխության մեջ լուրջ մասնակցություն են ունեցել ու լուրջ պատասխանատվություն են կրել, մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալներ են ու ներկա իրենց գործով հայրենիքին են ծառայում»: Նա ասաց, որ ակնկալում է եւ այլ կասկած չունի, որ այս գործը պետք է կարճվի եւ արդարություն հաստատվի. «ՊՎԾ ղեկավար լինելն ինձ համար միջոց է եղել, ծառայել եմ երկրին»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը ինչպե՞ս կգնահատեք՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ ռեսուրսները շատ չեն ու այն, ինչ արել են, երկար ժամանակ պահանջող ուսումնասիրություն է եղել ու արդեն ավարտին է կարծես մոտենում. «Շատ կարեւոր աշխատանք է տարված եւ տարվում թե՛ ջրային ընկերություններում, թե՛ ՔԿՀ-ներում ու վարչությունում, Բժշկական համալսարանում»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Արսեն Թորոսյանի հետ առերեսում եք ունեցել, դա ձեզ համար բացասակա՞ն հետեւանքներ է թողել՝ Սանասարյանը պատասխանեց. «Չեմ ուզում խոսել այդ մասին, որովհետեւ նախաքննության փուլում ենք եղել»:
Հարցին՝ վարչապետից հանձնարարական եղե՞լ է դիալիզի գործով ուսումնասիրություններ անելու համար՝ նա պատասխանեց. «Վարչապետը տեղյակ է եղել»:
Հարցին՝ Հ1-ը հեղափոխության մասին ֆիլմ էր նկարել ու բոլոր առանցքային դեմքերը կային, բացի ձեզնից, այստեղ ենթատեքստ տեսնո՞ւմ եք՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ոչ մի ենթատեքստ չկա, ես շատ ֆիլմերում եմ նկարվել, որոնք դեռեւս չեն ցուցադրվել եւ իմ այլ ընկերներ չեն եղել: Որեւիցե խնդիր չեմ տեսնում: Հրավեր չի եղել, նորմալ եմ դա համարում, ինտրիգներ առաջարկում եմ ման չգալ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ վարչապետը երեկ 100 փաստ ներկայացրեց դրական փոփոխությունների, ձեր կյանքը կոնկրետ, որպես ՀՀ հպարտ քաղաքացի, ինչպե՞ս է փոխվել այդ փաստերից՝ նա պատասխանեց. «Փոփոխություններ տեսնում եմ: Ամենակարեւորը՝ համակարգային կոռուպցիա չկա, դա ամենամեծ հիմքն է, որ մենք կարող ենք ունենալ ուժեղ եւ զարգացած Հայաստան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ