«Եթե գնայի Արցախ, ասելու էիք՝ բա ինչո՞ւ Երևանում չես»,- հարցին՝ ինչո՞ւ Արցախում չէ Երևանում՝ «Անմահ գունդը» խորագրով քայլերթին պատասխանեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
4-րդ տարին անընդմեջ անցկացվող քայլերթը կազմակերպեց «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:
Քայլերթը մեկնարկեց Արամ Խաչատրյանի արձանի մոտից, այնուհետև ընթացավ Մաշտոցի պողոտայով, քայլերթի մասնակիցները հետո թեքվեցին Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակից թեքվեցին Վազգեն Սարգսյան փողոց ու մուտք գործեցին Կիրովի անվան այգի, որտեղ Նելսոն Ստեփանյանի արձանի մոտ դրեցին ծաղիկներ ու լուսանկարներ:
Կարդացեք նաև
Քայլերթին մասնակցեցին նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ, որոնց հարազատները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երթին մասնակցեց՝ ձեռքին լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի լուսանկարը։ Նախագահի խոսքով` Վարդանյանն իր երկար տարիների շատ լավ բարեկամ էր, իսկ ժամանակին նաև իր խորհրդականն է եղել։
Այնուհետև նախագահը Մաշտոցի պողոտայում լքեց քայլերթի մասնակիցներին և այցելեց 99-ամյա վետերանի: Լրագրողների հարցին՝ անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, թե Արմեն Սարգսյանն այս կամ այն քաղաքական ուժի հետ բանակցությունների մեջ է, նախագահն այսպես պատասխանեց. «Խորհուրդ եմ տալիս անընդհատ տեղեկությունների չհավատալ: Գիտեք, դուք էլ հակառակն ասեք»:
Հարցին՝ ինչպիսի՞ գնահատական կտա ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում ձախողումներին, ՀՀ նախագահը չցանկացավ պատասխանել ու վրդովվեց. «Չեմ կարծում ոտքի վրա տրամաբանական է, որ ՀՀ նախագահը սկսի նման հարցերի գնահատական տալը: Եթե նաև կարդանք Սահմանադրությունը, կտեսնեք, որ նախագահի գործը չէ գործադիրին գնահատական տալը»:
Նշենք, որ «Անմահ գունդ» խորագրով քայլերթեր անցկացվեցին ՀՀ 9 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Կապանում, Ալավերդիում, Հրազդանում, Մասիսում և Քասախ գյուղում: Մասնակցեցին շուրջ 16 հազար անձինք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ