Այսօր Եռաբլուր էր այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը: Նա լրագրողների հարցին՝ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ տարվող գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008-ի Մարտի 1-ի իրադարձություններից հետո ձեր քաղաքական ուժը կոալիցիա կազմեց այդ ժամանակվա իշխանությունների հետ, պատասխանեց. «Այսօր չկա Մարտի 1-ի բացահայտման գործընթաց: Սպանությունների մասով որեւէ առաջընթաց չկա, մնացած ամեն ինչը քաղաքական լիրիկա է»:
Հարցին՝ Քոչարյանին որ մեղադրանք է առաջադրվել, Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին, դա գործընթաց չէ՞՝ նա պատասխանեց. «Դա կապ ունի՞ սպանությունների բացահայտման հետ»: Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրավական հարթության մեջ եթե խոսում ենք, ավելի ուշ մանրամասն կանդրադառնա դրան, եթե քաղաքական հարթության մեջ ենք խոսում՝ դա քաղաքական լիրիկա է. «Եթե խոսում ենք սպանությունների թեմայով, ապա այսօր սպանությունների բացահայտման թեմայով չկա առարկայական քայլ, վե՛րջ»:
Հարցին՝ ցուցմունքները առարկայական քայլ չե՞ն, այն ցուցմունքները, որոնք տրվել են բազմաթիվ գեներալներ, առանցքային դեմքեր՝ Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ «Ասե՞լ են՝ ովքեր են սպանել: Որեւէ հրապարակային փաստաթղթում, այն, ինչ ներկայացվում է նախաքննական շրջանակներում փաստաբանների կողմից, մեղադրողների կողմից, ես չեմ լսել որեւէ մի հայտարարություն, մի փաստ, թե ովքեր են սպանողները: Մնացած առումով լուրջ թեմա է, որ պետք է քննարկենք»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ անցյալ տարի են դեռ ասել՝ սա չպետք է թողնի քաղաքական հետապնդման տպավորություն ու այսօր վերահաստատում են այդ հայտարարությունը եւ ասում. «Այն, ինչ քաղաքական մակարդակում արվում է, դա քաղաքական լիրիկա է ընդամենը»: Դիտարկմանը, որ հրաման տվողներին են կալանավորել՝ Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Ի՞նչ հրաման, հրաման է տրված, որ սպանե՞ք: Դուք այդպիսի բա՞ն եք լսել: Սահմանադրական կարգի տապալում եւ այլն, եւ այլն…Դրա համար եմ ասում՝ հրավիրում եմ գրասենյակ, նստենք, իրավական, քաղաքական վերլուծության ենթարկենք»:
Ի դեպ, Եռաբլուրում Արծվիկ Մինասյանը հանդիպեց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին ու ողջագուրվելով նրա հետ՝ ասաց. «Շառից, փորձանքից հեռու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ