Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր շարունակվում են եռատոնի`Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, արցախյան պատերազմի հաղթանակի եւ Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումները: Միջոցառումներին մասնակցում են հայկական երկու պետություններ ղեկավարները, քաղաքական եւ ռազմական գործիչներ: Միջոցառմանը մասնակցում են նաեւ նախկինում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից երթը դեպի արցախյան պատերազմում զոհվածների հուշահամալիր գլխավորում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թեեւ Ստեփանակերտում է, սակայն, պաշտոնական միջոցառումներին չի մասնակցում: Խոսակցություններ կան, որ նա հուշահամալիրի կայցելի ավելի ուշ, հավանաբար երեկոյան: Երթին մասնակցում են նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՅԴ բյուրոյի անդամներ եւ այլք:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նույնպես չի մասնակցում պաշտոնական միջոցառումներին: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամվել Բաբայանին հրավեր ուղարկվել է:
Կարդացեք նաև
Վիտալի Բալասանյանն անդրադարձավ նաեւ Արցախի նախագահների`ՀՀ դատախազին ուղղված դիմումին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ եւ դրան հետեւած արձագանքներին: Վիտալի Բալասանյանը կարծում է, որ ՀՀ ղեկավարները պետք է հարգեին Արցախի նախագահների դիմումը, գոնե այս տոնական օրերին եւ փոխեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:
Ավելի ուշ մոտենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին`Վիտալի Բալասանյանը լրագրողներին հորդորեց այդ հարցն ուղղել ՀՀ վարչապետին: Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց` երեկ այդքան խոսեցի, բավական չէ՞ր:
Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը ծաղիկներ դրեցին արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին: Ապա Շուշիում ծաղկեպսակ դրեցին նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Իսկ Շուշիի Թթենիների պուրակում արդեն տոնակատարությունները շարունակվեցին տոնական սեղանների շուրջ, ռազմահայրենասիրական ու ազգագրական երգ ու պարի ուղեկցությամբ: Այստեղ Նիկոլ Փաշինյանը նաեւ պարեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ