Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոլ Սթրոնսկի. Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Փաշինյանն անհրաժեշտ համարում քննադատել ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ը, ընդհանուր առմամբ, եղել է դրական և առատաձեռն գործընկեր Հայաստանի համար. «168 ժամ»

Մայիս 09,2019 14:36

«168 ժամը» մի քանի հարց էր ուղղել Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկիին, ում թվիթերյան գրառումն օրերս լայն քննարկման առարկա էր դարձել հայաստանյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Նա մասնավորապես գրել էր. «Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ը չի աջակցել Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո, պարզապես ճիշտ չէ հատկապես այն պարագայում, երբ իշխանափոխությունից հետո Հայաստանին տրամադրվել է հավելյալ 14 միլիոն դոլար միայն 6 ամսվա ընթացքում։ Բողոքելու, մեղադրելու փոխարեն Փաշինյանը վերջապես պետք է սկսի աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»։

Ի դեպ, վերջերս ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն դիրքավորել էր՝ որպես ԱՄՆ իշխանությունների ամենաակտիվ քննադատ։ Ավելի վաղ, ինչպես նաև երեկ տված ասուլիսի ընթացքում Փաշինյանը մանրամասնել էր ԱՄՆ ղեկավարությունից իր դժգոհության պատճառները։ «ԱՄՆ-ը շատ վաղուց հանդես է գալիս՝ որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում։ Ես ուզում եմ Ձեզ հարց տալ և բոլորիս, իսկ ԱՄՆ-ը ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական են, որևէ մեկը չի կարող կասկածել։ Իսկ ինչպե՞ս արձագանքեցին, ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին եմ ասել, որ համարում եմ, որ իրենք զրո արձագանք են տվել»,– ասել էր Փաշինյանն ավելի քան մեկ ամիս առաջ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ։

– Պարոն Սթրոնսկի, օրեր առաջ Դուք Ձեր թվիթերյան միկրոբլոգի էջում անդրադարձել Էիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան քաղաքականությանը՝ պնդելով, որ ՀՀ վարչապետը ոչ թե պետք է մեղադրի Միացյալ Նահանգներին, այլ աշխատի երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացքը ՀՀ-ում տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո։ Տեսնո՞ւմ եք արդյոք նոր ջանքեր այս ուղղությամբ։

-Ես կարծում եմ՝ ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները շարունակում են լինել լավ։ Եվ իմ թվիթերյան գրառումն անձնապես Փաշինյանին ուղղված քննադատություն չէր։ Ըստ իս՝ նա Հայաստանի զարգացման հիանալի տեսլական ունի, եւ ես լիահույս եմ, որ նա կհաջողի՝ վերափոխելով ՀՀ Կառավարությունը մի կառավարության, որը հաշվետու է իր քաղաքացիների առջև և որը օգնում Է բարելավել բիզնես միջավայրը, օրենքի գերակայությունը և կառավարումը։ Սա է նրա նպատակը։ Կարծում եմ՝ դա կբարելավի բիզնես միջավայրը, և հույս ունենանք, որ կստեղծի աշխատատեղեր, ինչը կնվազեցնի աղքատության մակարդակը Հայաստանում։ Սա արժանի նպատակ է, որը ես ողջունում եմ։

Իմ գրառումը պատասխան էր այն առանձնահատուկ հայտարարությանը, որը նա արել է լրատվամիջոցներից մեկին՝ պնդելով, որ նա եղել է ՀՀ այն ղեկավարը, որն ԱՄՆ-ին ամենավատն է քննադատել։ Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է նա անհրաժեշտ համարում քննադատել ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ը, ընդհանուր առմամբ, եղել է դրական և առատաձեռն գործընկեր Հայաստանի համար։ ԱՄՆ-ը պարտավորություններ չունի Հայաստանի առջև։ Մենք պայմանագրային դաշնակիցներ չենք, ոչ էլ ընդհանուր տնտեսական գոտում ենք գտնվում։ Բայց ԱՄՆ-ը 1991 . թվականից Հայաստանին որպես աջակցություն՝ տրամադրել է 1 միլիարդ դոլար։ Հայաստանը մեկ շնչի հաշվով ԱՄՆ-ից ամենամեծ աջակցություն ստացող երկրներից մեկն է։

Ավելին, ի տարբերություն այլ գործընկերների, ԱՄՆ-ը այդ աջակցությունը չի պայմանավորում ոչնչով, բացի լավ կառավարում քաջալերելուց։ Օրինակ, ԱՄՆ-ը աջակցություն է տրամադրում՝ առանց պարտադրելու ինչ-ինչ քաղաքական, տնտեսական կամ անվտանգության բլոկների անդամակցություն, այնինչ մի շարք այլ երկրներից աջակցությունը գալիս է այլ «թելերի» հետ կցված։ Ավելին, այդ 1 միլիարդ դոլարը միայն այն է, ինչը գալիս է ամերիկացի հարկատուի հաշվին պաշտոնական պետական աջակցության խողովակներով և չի ներառում աջակցությունը, որը տրամադրվում է մասնավոր հիմնադրամների, բարեգործությունների և հայ-ամերիկյան համայնքի կողմից։ Ուստի, ամերիկացի ժողովուրդը միանշանակ առատաձեռն և օգտակար է եղել տարիների ընթացքում։ Ենթադրում եմ, որ վարչապետ Փաշինյանն արել է այդ առանձնահատուկ հայտարարությունը ռուսական թերթին՝ փորձելով մեղմել Հայաստանի ռուս գործընկերների տրամադրությունները, որոնք կարծես թե անհանգստանում են բարեփոխումների օրակարգից և Փաշինյանի ժողովրդավարական հանձնառություններից։ Բայց մենք այստեղ Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում, իր քննադատությունը լսում ենք, և դա բարդացնում է Հայաստանի օգտին հանդես գալն այնպիսի մարդկանց համար, ինչպիսին, օրինակ, ես եմ։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031