Շուրջ մեկ ամիս նստելուց հետո հայտարարվեց «Սպայկա» ընկերության սեփականատիրոջը հանկարծակի կալանքից ազատելու մասին: Դա պատճառաբանվեց նրանով, որ վերացել են նրան փակի տակ պահելու հիմքերը: Քրեական գործի շրջանակներում միասնական հաշվեհամարին է փոխանցվել 1 մլրդ դրամ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում Է կայացվել խափանման միջոցը փոխելու մասին»:
Նախ՝ անհասկանալի է, թե ի՞նչ միասնական հաշվեհամարի մասին է խոսքը, որին փոխանցվել է 1 մլրդ դրամը: Եթե դա վերաբերում է բյուջեի միասնական հաշվին, ապա պետք է ենթադրել, որ գործ ունենք, այսպես ասած, պարտադրված կանխավճարի կամ գերավճարի իրականացման հետ:
Ամեն դեպքում, դա դեռ պետության գումարը չէ և այդպիսին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարկային պարտավորությունների դիմաց չի գանձվել պետական բյուջե: Դրա համար անհրաժեշտ կլինի, որպեսզի ընկերությունը ներկայացնի ճշտված հաշվետվություն՝ նախկինում իրականացված տնտեսական գործունեության և գոյացած հարկային պարտավորությունների վերաբերյալ, կամ այլ օրինական ձևերով հիմնավորվի, որ այդպիսիք կան:
Ո՞ր տարբերակը կընտրվի, այնքան էլ էական չէ: Կարևոր չէ նաև այն, որ «Սպայկա» ընկերությանը ներկայացվել էր շատ ավելի մեծ գումարի հարկային պարտավորություններ թաքցնելու մեղադրանք, քան վճարված 1 մլրդ դրամն է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ խոսքն ավելի քան 7 մլրդ դրամի մասին էր, ընդ որում, միայն մեկ տարվա կտրվածքով, ու այն, ինչպես բազմիցս հայտարարվել է տարբեր պաշտոնյաների կողմից, դեռ կարող է մի քանի անգամ ավելանալ:
Հիմա ի՞նչ փոխվեց: Եթե կարելի էր 1 մլրդ դրամ վճարելով՝ խուսափել մարդուն կալանավորելուց, նրա տնտեսական գործունեությունը վտանգելուց և հասարակության ու տնտեսության մեջ բացասական սպասումներ ձևավորելուց, ինչո՞ւ դա չարվեց հենց սկզբից: Առանց այդ էլ, ընկերության սեփականատերը ժամանակին պատրաստ էր վճարել այդ գումարը:
Որ պետությունից գողացված գումարները պետք է վերադարձվեն, միանշանակ է: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց պարտադի՞ր էր մարդուն բռնել, նստեցնել, այդքան աժիոտաժ սարքել, տնտեսական հատվածի մյուս մասնակիցների շրջանում լարվածություն ու խուճապ առաջացնել, նոր հասկանալ, որ նա կարող է նաև ազատության մեջ լինել:
Ինչի՞ համար էր այդ ամենը: Գուցե այդքան ժամանակ էր պետք իշխանություններին՝ հասկանալու, որ առանց այդ ընկերության՝ չեն կարող գլուխ հանել մթերումներից, հատկապես՝ գյուղատնտեսական ապրանքների մթերումներից, որոնց մեկնարկը սարերի հետևում չէ:
Թե՞ նպատակը խոշոր ներդրումային ծրագիրը վիժեցնելն էր: Ինչպես հայտնի է, «Սպայկայի» սեփականատիրոջ ձերբակալման պատճառով որոշ գործընկերներ հայտարարեցին սկսված ծրագրերը սառեցնելու մասին:
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում