Արցախյան պատերազմում տարած հաղթանակի 25-ամյակի տոնական միջոցառումներն ինչ-որ չափով ստվերվեցին։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը համատեղ ուղերձով դիմել Էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով (ինչը միասնականության եւ համերաշխության ազդակ կդառնար ամբողջ աշխարհի համար), գլխավոր դատախազն էլ տեղեկացրել էր, որ այդ հարցը դատախազության լիազորությունների տիրույթում չէ: Դժվար է ասել՝ ԼՂՀ ներկա եւ նախկին նախագահներին չէի՞ն հուշել այս իրավական նրբությունները, թե՞ կարեւորը բուն ուղերձի փաստն էր, բայց ամեն դեպքում՝ միջադեպը որոշակի անցանկալի նստվածք թողեց։
Իհարկե, Արցախի հետ կապված ցանկացած հարցում մեր միասնականությունն ամբողջ աշխարհին ցուցադրելն իսկապես չափազանց կարեւոր է, եւ իսկապես շատ ավելի ազդեցիկ կլիներ, եթե տոնական այդ օրը կողք կողքի կանգնած լինեին բոլոր նրանք, ովքեր ծանրակշիռ ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում։ Ու երեւի չարժե «մանրանալ» եւ հարցնել, օրինակ, թե այղ դեպքում ինչո՞ւ այդ նույն միասնականության ուղերձի շրջանակներում պաշտոնական հրավեր չէր ուղարկվել նաեւ այդ տարիների ՀՀ նախագահին։ Ըստ երևույթին հարցը պետք է դիտարկել այլ տեսանկյունից։
Եթե հարցին նայում ենք այն տեսանկյունից, որ «անարդար է, որ արցախյան հաղթանակում մեծ ավանդ ունեցող գործիչը տոնական այդ օրը գտնվի կալանքի տակ» (իսկ Քոչարյանի կողմնակիցները նաեւ այդպիսի շեշտադրումներ են անում), ապա պիտի հաշվի առնենք նաեւ հասարակական կարծիքը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում։ Իսկ կոնկրետ Ոոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային կարծիքը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում (հատկապես Արցախում) առավելապես հետեւյալն է՝ «այո, Ոոբերտ Քոչարյանը մեծ դերակատարում է ունեցել հաղթանակի կերտման գործում, բայց եթե նա իր կուտակած անձնական հարստության կեսի կեսը ծախսեր 150 հազար բնակչությամբ Արցախի վրա, այսօր Արցախը տնտեսապես կլիներ Շվեյցարիա, ռազմական առումով Իսրայել»։
Հարյուր տոկոսանոց ճշմարտություն է սա, թե ոչ այլ հարց է, բայց հանրային կարծի՛քն է այդպիսին։ Հետևաբար` այս հարցում հանրային կարծիքի (էմոցիաների) վրա հիմնվելն այնքան էլ ձեռնտու չպիտի լինի Քոչարյանի կողմնակիցներին։
Կարդացեք նաև
Իսկ եթե հարցին նայում ենք զուտ իրավական տեսանկյունից, ապա ԼՂՀ ներկա եւ նախկին նախագահները երեւի պիտի հստակեցնեն՝ իրենց կարծիքով Հայաստանի Հանրապետությունում բոլորը օրենքի առջեւ հավասա՞ր պիտի լինեն, թե՞ ոմանց դեպքում կարելի է նաեւ բացառություններ անել՝ հաշվի առնելով նախկինում նրանց մատուցած ծառայություններն ու անցած ուղին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում