Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» իշխանական խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, հայտարարեց, թե ինքը Ռ. Քոչարյանին քաղաքական բանտարկյալ է համարում։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանի իշխանությունները կարող էին Քոչարյանին վերագրվող քրեական գործը քննել առանց նրան կալանքի տակ վերցնելու։
–Պարոն Բադրյան, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նախօրեին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով։ Դատախազությունն էլ պատասխանել է, որ գործն արդեն գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար այդ դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից։ Դուք ճի՞շտ եք համարում Սահակյանի եւ Ղուկասյանի միջամտությունն այս գործին։
–Ես կարծում եմ՝ ճիշտ են վարվել, երբ Արցախի երկու նախագահները դիմել են, քանի որ երկու նախագահներն էլ չէին կարող անտարբեր մնալ Արցախի առաջին նախագահի հետ կատարվող իրադարձություններին։ Նամանավանդ հիմա, երբ գիտենք, թե ինչ վիճակ է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի գործերի մասով, այլ ընդհանրապես արցախյան հակամարտության հետ կապված։ Նախագահները չեն խնդրել, որ բաց թողնեն Քոչարյանին, ուղղակի խոսքը խափանման միջոցը փոխելու մասին է, առավել եւս, որ մայիսի 9-նն է, ու շատ նորմալ ու ճիշտ եմ համարում նրանց հորդորը, ցանկությունը, որպեսզի Արցախի բոլոր երեք նախագահները լինեն ժողովրդի հետ։ Իրենք միասին ժողովրդի հետ պետք է լինեն Ստեփանակերտում եւ Շուշիում, նշեն եռատոնը, մասնավորապես՝ Շուշիի ազատագրման օրը, որին ամենաակտիվ մասնակցություն է ունեցել հենց նույն Ռոբերտ Քոչարյանը եւս։ Այնպես որ, շատ բնական եմ համարում ու շատ տեղին։
–Տեղի՞ն եք համարում Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելը։ Արցախը փորձում է իր դիրքորոշմամբ ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Որքանո՞վ եք ճիշտ համարում նման հարցերին խառնվելը։
Կարդացեք նաև
-Ես չեմ կարծում, որ Հայաստանի ներքին գործերին խառնվելու որեւէ միտում կա։ Ի դեպ, ասեմ, որ առաջին կալանքի ժամանակ Արցախի մի խումբ պատգամավորներ այն ժամանակ էլ դիմել էին գլխավոր դատախազին, որպեսզի խափանման միջոցը փոխվի։ Այսինքն՝ այն ժամանակ է՛լ, հիմա է՛լ երկու նախագահներն էլ այն կարծիքին են, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով ազատության մեջ, որեւէ կերպ չի կարող խոչընդոտել քննությանը։ Իսկ եթե կպարզվի, որ իրոք ինչ-ինչ հարցերում Քոչարյանը մեղավոր է եղել, պատասխանատվության կենթարկվի, բայց ես կարծում եմ ու օր-օրի դրանում ավելի եմ համոզվում, որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է, գուցե նաեւ ինչ-որ տեղ անձնական վրեժխնդրություն։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում