«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր այցելել էին Եռաբլուր: Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, Արայիկ Խանդոյանի, քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին եւ գլուխ խոնարհեցին:
Մենք հիշեցրինք, որ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր, որ եթե բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք չեն ծառայել, գոնե իրենց երեխաները պետք է գնան բանակ, ուստի հարցրեցինք՝ այսինքն, մենք պիտի սպասենք, որ, օրինակ, Մխիթար Հայրապետյանը ամուսնանա, երեխա ունենա, երեխային ուղարկի բանակ, որ մենք բավարարվա՞ծ զգանք՝ Մարուքյանը պատասխանեց. «Մենք պետք է ավելի խիստ լինենք եւ պետական պաշտոններ զբաղեցնելիս հաշվի առնեն նաեւ մարդկանց՝ ԶՈՒ-ում ծառայելու հանգամանքը, բայց նախորդ իշխանությունների օրոք դա հաշվի չի առնվել, այս իշխանությունների օրոք էլ չի առնվում: Ես կարող եմ մի բան խոստանալ, որ մենք իշխանության գանք՝ մենք հաշվի կառնենք»:
Հետաքրքրվեցինք՝ ձեր բանակային կյանքից մի հետաքրքիր դրվագ կհիշե՞ք, որ երիտասարդներին խրախուսեք բանակ գնան՝ Մարուքյանը պատասխանեց, որ բանակային կյանքը երկու տարի հետաքրքիր կյանք է. «Ես մի անգամ ասել եմ, որ եթե բանակում ծառայած չլինեի, չէի լինի այն, ինչ կամ: Բայց կա կարծիք, որ երկու տարի կյանքից կտրվում ես, ով չի ծառայում քեզանից առաջ է ընկնում, աշխատանքային փորձ է ունենում, այդ հանգամանքը միշտ շահարկվել է, բայց մենք օրինակ ենք ցույց տվել, որ ծառայել ենք՝ ոչ մեկից հետ չենք ընկել, ընդհակառակը՝ առաջ ենք ընկել»:
Նա կոչ արեց, որ հայրենիքի պաշտպանության գործում բոլորը մասնակցեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ