«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քիչ առաջ Եռաբլուրում էր:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ նախկին իշխանությունների ժամանակ դուք բողոքում էիք, որ մեր բանակը գյուղացիա-բանվորական բանակ է, հիմա գիտե՞ք՝ մեր բանակը հարուստների՞ բանակ է, թե՞ էլի գյուղացիա-բանվորական է մնացել: Նա պատասխանեց. «Այդ առումով որեւէ բան չի փոխվել, որովհետեւ դա մեծ համակարգային փոփոխությունների արդյունք պետք է լինի եւ շատ վաղ է դրա մասին գնահատականներ տալ: Մեկ տարվա մեջ չի կարող բանակի ներքին կառուցվածքը, զորակոչի տրամաբանությունը փոխվել: Այն, որ այս օրերին դժվար է փողով կամ այլ ձեւերով բանակից ազատվելը, դրանում վստահ եմ, արատավոր այդ երեւույթների սողանցքները պետք է փակել եւ փակվում են»:
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ մնաց անցյալում այն, որ ինչպես վարչապետն ասաց, զինվորը «մայկա-տռուսիկ» չուներ, բայց իշխանությունները միլիոնատերեր էին՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը «մայկա-տռուսիկ» չունենար: Կարծում եմ, վարչապետը փոխաբերական իմաստով էր ասում: Հիմա էլ են ուղարկում ծնողները, միշտ ուղարկել են եւ ուղարկելու են: Չենք կարող արգելել ծնողին: «Մայկա-տռուսիկ» ասվածի մեջ փոխաբերական իմաստ կա, բայց որ մարդիկ միլիարդատերեր են դարձել եւ օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ մենք Արցախում մի զրույց ունեցանք, զրույցի հիմնական իմաստն այն էր, որ եթե օրինակ 100 մլն դոլարի ներդրում արվեր առաջնագծի վրա, այդքան զոհ չէինք ունենա: Մոտավորապես մեկ զոհի դիմաց 1 մլն դոլարի ներդրում էր պետք, չի արվել, բայց մարդիկ հարյուրավոր միլիոն դոլարներ են աշխատել»:
Հարցին՝ ասացիք հիմա էլ են ծնողներն ուղարկում, կարիքը կա՞ դրա, թե՞ զոռով ուղարկում են՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Զինվորներ կան, որ ասում են ուղարկեք, ծնողներն էլ ուղարկում են: Պետությունը չի կարող դա արգելել, բայց պետությունն իր մասով դա ապահովում է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ նման բացթողումներ ունենք, բայց քառօրյա պատերազմի համար որեւէ մեկը քրեական պատասխանատվության չենթարկվեց, դա ձեզ չի՞ մտահոգում՝ Մարուքյանը պատասխանեց. «Հայտարարություններ են արվում, բայց անհետեւանք: Կամ չպիտի նման բաներ հայտարարեն, կամ եթե հայտարարում են, պետք է լինեն քրգործեր, մեղադրյալներ, ամբաստանյալներ, դատապարտվածներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ