Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսները տարբեր են լինում

Մայիս 09,2019 10:00

1992 թ. մարտի սկզբին Ստեփանակերտում մեր տարբեր ջոկատներին պետք է բաժանվեր խորհրդային նախկին 366-րդ գնդի տեխնիկան: Այդ օրերին, ի դեպ, ես առաջին անգամ տեսա այդ գնդի լեյտենանտ Սեյրան Օհանյանին: Զենքի «շահառուներից» մեկն էր Մոնթե Մելքոնյանի ջոկատը, որի հետ մենք՝ լրագրողներս, գնում էինք Մարտունի: Չգիտեմ՝ որքանո՞վ էր դժգոհությունն արդարացված, բայց ջոկատի տղաներին թվաց, որ նրանց տալիս են ոչ այնքան որակյալ տեխնիկա՝ այլ ջոկատների հետ համեմատած, եւ նրանց շարքերում տրտնջացող ձայներ լսվեցին: Մոնթեն (որին զինվորները Ավո էին անվանում), իսկույն կանխեց այդ տրտունջները՝ մի քանի անգամ կրկնելով՝ «իսկապե՛ս ամոթ է» եւ հետո հրահանգեց վերցնել այն, ինչ տալիս են, տեղափոխել եւ եթե տեղում՝ Մարտունիում անհրաժեշտություն առաջանա, վերանորոգել այդ տեխնիկան:

Հերոսին ես այդպես եմ պատկերացնում՝ զուսպ, առանց պաթոսի, առանց անձնական ինքնահաստատման ճիգերի: Ցավոք, ոչ բոլոր հերոսներն են այդպիսիք՝ խաղաղ ժամանակ նրանցից շատերն իրենց վատ են դրսեւորում: Մոնթեի վրա չեմ կասկածում, նա կապրեր Հայաստանի սովորական քաղաքացու համեստ կյանքով՝ այնպես, ինչպես ապրում է 1992-94թ. պատերազմի մասնակիցների մեծ մասը: Այդ մարդիկ իրենց «երկրապահ», «ֆիդայի» կամ «ազատամարտիկ» չեն համարում: «Պատերազմի ժամանակ ծառայել եմ հայկական բանակում», – ասում են նրանք եւ, որպես կանոն, որեւէ ցանկություն չեն ունենում զարգացնելու այդ թեման:

Այդպես էր նաեւ Հայրենական Մեծ պատերազմի վետերանների պարագայում: (Ի դեպ, զարմանում եմ, երբ 60-70 տարեկան մարդիկ, հատկապես Ռուսաստանում, ներկայանում են իբրեւ այդ պատերազմի մասնակիցներ՝ ռազմաճակատում կռված մարդիկ այսօր պետք է լինեն առնվազն 92 տարեկան): Պապս, որ պատերազմն ավարտել է Ռայխսթագի պատերի մոտ, երբեք չէր խոսում պատերազմի մասին, նաեւ ցուցամոլություն էր համարում մարտական պարգեւները փողոցում կրելը, իր շքանշանները հագնում էր միայն այն ժամանակ, երբ պետք է գնար որեւէ պաշտոնյայի մոտ՝ մարդկանց անարդարությունից պաշտպանելու համար: Իմ դասախոսներից Էդուարդ Փաշինյանը, որը կռվել էր լեգենդար Թամանյան դիվիզիայում, մեզ՝ ուսանողներիս հետ զրուցում էր հազար ու մի թեմաներից, բայց պատերազմի թեման մշտապես շրջանցում էր:

Այնպես որ՝ հերոսները կամ պարզապես պատերազմների մասնակիցները խիստ տարբեր են լինում: Բայց այսօր բոլորի տոնն է՝ թե՛ այն մարդկանց, ովքեր մշտապես պարկեշտ են մնացել, թե՛ նրանց, ովքեր սայթաքել են, չեն դիմացել զանազան գայթակղությունների:

Իմ միակ պետական պարգեւը՝ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալը ես ստացել եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ձեռքից: Անկախ նրանից, թե ինչ մեղադրանք է հիմա նրան առաջադրվել, անկախ նրանից՝ Օհանյանի մեղքը կապացուցվի, թե չէ, նրա ձեռքից պարգեւ ստանալը ես պատիվ եմ համարում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031