Նաիրա Զոհրաբյանի եւ Մանե Թանդիլյանի իմիջը՝ մասնագետի աչքերով
Հասարակության զարգացման ողջ ընթացքում իմիջը նշանակալի դեր է խաղացել քաղաքական գործընթացների ընթացքի վրա: Քաղաքական իմիջը քաղաքական գործչին վերաբերող բնորոշում է, որը կարելի է սահմանել որպես հասարակական կարծիքի ինքնատիպ արտահայտում: Մասնագետները պնդում են, որ առանց անհրաժեշտ իմիջ ստեղծելու՝ քաղաքական գործիչը հաջողության չի կարող հասնել:
«Առավոտի» հետ զրույցում սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Լիլիթ Շաքարյանը վստահեցրեց՝ քաղաքական իմիջի կերտումն արվեստ է, որը պետք է համահունչ լինի քաղաքական կյանքի կողմից թելադրվող կանոններին: Կանոններ, որոնք առանցքային են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Լիլիթ Շաքարյանը մանրամասնեց. «Քաղաքական իմիջի կառուցվածքում այսօր նշանակալի դեր ունի հաբիթար իմիջը՝ արտաքին տեսք՝ հագուստ, դիմահարդարում, սանրվածք»:
Այս համատեքստում անդրադարձանք երկու կին քաղաքական գործիչների՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հաբիթար իմիջների վերլուծությանը: Լիլիթ Շաքարյանի կարծիքով՝ Նաիրա Զոհրաբյանի իմիջը յուրօրինակ բեկումնային փոփոխության է ենթարկվել վերջին ժամանակաշրջանում. «Նախկին մշտապես մուգ գույների մեջ հանդես եկող հնաոճ կերպարի փոխարեն, որը հաճախ էր քննադատվում քաղաքական գործչին ոչ հարիր ոճի տեսանկյունից, այսօր տեսնում ենք նորաձեւ հագուստներով հանդես եկող կերպար, որն անտարբեր չի թողնում ոչ մեկին: Նախկինում Նաիրա Զոհրաբյանի կերպարը մշտական քննադատության էր ենթարկվում ոչ միայն հագուստի, այլ նաեւ հնաոճ դեկորների ու նախշազարդերի, անպատեհ դիմահարդարման՝ սեւ սուրմայով ընդգծված աչքեր, որը հոգնած, նույնիսկ զայրացած էր դարձնում նրան, ու քաղաքական գործչին ոչ հարիր սանրվածքի համար: Այնինչ ներկայում տեսնում ենք նորաձեւ կնոջ կերպարով եւ նոր սանրվածքով հանդես եկող քաղաքական գործչի, որը նաեւ ցուցադրում է հայտնի սիրիահայ դիզայներ եւ մոդելյոր Գեւորգ Շադոյանի՝ «Վերածնունդից-Անկախություն» նորաձեւ հավաքածուն՝ հիմք դնելով քաղաքական գործիչների եւ նորաձեւ ինդուստրիայի համագործակցությանը: Ներկայումս Նաիրա Զոհրաբյանը շեշտն առանձնակի դնում է հաբիթար իմիջի տարրերի վրա եւ հանդես է գալիս նորաձեւ կերպարով»:
Կարդացեք նաև
Ըստ փորձագետի՝ Նաիրա Զոհրաբյանի դեպքում առանցքային փոփոխությունները մասնավորապես կապված են հաբիթար իմիջի հետ, իսկ կինետիկ իմիջը՝ խոսքը, ժեստերը, դիմախաղը, շարժուձեւը, չի փոխվել: Նաիրա Զոհրաբյանը շարունակում է հանդես գալ կտրուկ գործելաոճով ու ելույթներով: Ըստ փորձագետի՝ կոշտ հաղորդակցային մշակույթ ներկայացնելով հանդերձ՝ Նաիրա Զոհրաբյանի խոսքը բավականին հստակ է, սահուն եւ գրագետ, սակայն գերհագեցած է էմոցիոնալ դրսեւորումներով. «Նաիրա Զոհրաբյանի պարագայում կիրառվող ժեստերը ներկայացնում են ինքնավստահություն եւ գերիշխանություն, սակայն քաղաքականության մեջ ողջունելի է էմոցիաների կառավարումը, քանզի նմանատիպ պահվածքը ինքնավստահ կերպար ստեղծելով հանդերձ՝ երբեմն կերպարը դարձնում է չափազանց պաշտոնական եւ ոչ «յուրային»։
Ըստ Լիլիթ Շաքարյանի՝ Մանե Թանդիլյանն այն կին քաղաքական գործիչներից է, որ միշտ խնամված տեսք ունի եւ հետեւում է իր հագուկապին. «Մանե Թանդիլյանը գրեթե միշտ ներկայանում է ֆորմալ դասական ոճի մեջ: Նախընտրում է տարբեր գույների կոստյումներ՝ կապույտից մինչեւ բաց վարդագույն եւ համադրում դրանք մեծամասամբ սպիտակ վերնաշապիկների հետ: Մանե Թանդիլյանն ականջօղերի ու շարֆերի սիրահար է, ինչը յուրօրինակ եւ տարբերող է դարձնում նրա հաբիթար իմիջը: Թանդիլյանի իմիջի առանցքային տարրը նրա ժպիտն է, որը տվյալ գործչի այցեքարտն է: Ժպիտն, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն ունի: Այն փոխանցում է համակրանք ու վստահություն, եւ այս համատեքստում ժպտացող քաղաքական գործիչներն ընկալվում են որպես համոզող: Ժպիտի չարաշահումը կարող է ձեւավորել անլուրջ տպավորություն, իսկ բացակայությունը կարող է դիտվել որպես սառնասրտություն»:
Ըստ Լիլիթ Շաքարյանի՝ Մանե Թանդիլյանի իմիջն ամբողջացնում են նրա ակնոցները, որոնք նա հաճախ է ուղղում՝ կիրառելով դրանք որպես հանգստացնող ազդակ. «Բացի ակնոցն ուղղելու ժեստից, Մանե Թանդիլյանը որպես հանգստացնող ազդակ օտագործում է նաեւ բարձրախոսն ուղղելը: Մանե Թանդիլյանը հաճախ է կիրառում նաեւ սեւեռուն հայացք, որը կարող է դիտարկվել որպես համոզման միջոց, քանի որ այն փոխանցում է ապրումակցում, ուշադրություն, վստահելիություն, հուսալիություն: Սակայն այն կարող է նաեւ իշխանության տիրապետման նշան լինել:
Մանե Թանդիլյանին բնորոշ է դիրեկտիվ եւ գրագետ խոսք: Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ նա արդյունավետ կերպով համադրում ու կառավարում է իր հաբիթար եւ կինետիկ իմիջները, ինչն էլ ստեղծում է նրա՝ որպես քաղաքական գործչի ազդեցիկ ու տպավորիչ ինքնաբնորոշումը»:
Ամփոփելով՝ Լիլիթ Շաքարյանը նշեց, որ մերօրյա իրականությունում քաղաքական իմիջի վիզուալ դրսեւորումները դարձել են ժամանակակից քաղաքական գործիչների ինքնաբնորոշման աղբյուրը: Քաղաքական գործիչների վիզուալ կերպարները առաջացնում են զգացմունքներ, զգացողություններ, փոխանցում վերջիններիս անհատականության գծերը, որով եւ ձեւավորվում են համապատասխան տպավորություններ եւ գնահատականներ մարդկանց շրջանում: Հագուստը քաղաքական գործիչների գործունեության երաշխիքը չէ, սակայն այն պակաս կարեւոր չէ, քանի որ հագնվելու ոճը կառուցակցում է մեր իմիջը հասարակական ընկալումներում: Հետեւապես հարկ է տարբերակել ոճը, որը մեզ լավ է սազում, եւ ոճը, որը պահանջում է կամ սազում է մեր զբաղեցրած կարգավիճակին:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
08.05.2019