«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի կասկածում, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործում նույնպես մեղավոր է
«Նոր նախագահ էր ընտրված, գործը գնում էր ՍԴ-ում՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն է կրել, թե՞ էն մյուսը, Քոչարյանի շահը այդտեղ ո՞րն էր……Բոլորը խոսում են կառավարության շենքից, էդ ձեր իմացած կատարողներից, մեկը չասեց՝ Բաղրամյան 26 են կանչել: Բոլորը խոսում են կառավարության շենքից, իսկ այնտեղ ո՞վ էր նստած: Վերցրեք քննությունը նայեք, մեկը չկար, որ ասի՝ Բաղրամյան 26 ինձ հրավիրեցին էս հարցի շուրջ: Չեմ ուզում անուններ տալ, ես քննիչ չեմ, հարցաքննության չեմ մասնակցում, Ռոբերտ Քոչարյանը կառավարության շենքում նստած չի եղել, հրամանը կառավարության շենքից են տվել»,- ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, օրերս հրավիրած ասուլիսում խոսելով Մարտի 1-ի մասին, այսպես սլաքներն ուղղեց դեպի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցին՝ դուք համամի՞տ եք Բաբայանի հետ, որ Մարտի 1-ի գործում ավելի շատ շահագրգռված էր ու ավելի շատ մեղավոր էր Սերժ Սարգսյանը, քան թե Քոչարյանը՝ պատասխանեց. «Դժվար հարց է, որովհետեւ, թե ով ինչքան է մեղավոր, այդ մեղավորության չափը պետք է պարզվի քննության ավարտից հետո: Բայց այն, որ Սերժ Սարգսյանը նույնպես մեղավոր է, ես չեմ կասկածում»:
Թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը միայն վկայի կարգավիճակ ունի Մարտի 1-ի գործում, իսկ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Որովհետեւ Քոչարյանի հետ կապված նախնական ցուցմունքները որ եղել են, ավելի առարկայական են եղել, ավելի հիմնավոր են եղել: Քննության ընթացքում այդ ժամանակվա շատ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ կհարցաքննվեն սկզբում վկայի կարգավիճակով, այնուհետեւ քննության արդյունքների հիման վրա կպարզվի այս կամ այն պաշտոնյայի մասնակցության աստիճանը եւ մեղադրանք կներկայացվի»:
Կարդացեք նաև
Սամվել Բաբայանի մոտ հարց էր առաջացել՝ 10 սպանությունները չբացահայտած՝ ինչի՞ են առաջ անցել: Նրա խոսքով՝ «Եղել է Մարտի 1-ին 10 սպանություն, ճի՞շտ է, մեզ պետք է այդ տասը սպանությունները ո՞վ է հրահանգ տվել, ո՞վ է կատարել եւ ո՞նց է եղել՝ բացահայտվի, ճի՞շտ է: Կա՞ որեւիցե բան էդ մասով, որ բացահայտվել է, չկա՛: Ես, համենայնդեպս, չգիտեմ: Ներքին գործերի նախարարը, կամ չգիտեմ՝ այլ ուժերի, ո՞վ է այդ հրամանը տվել, որ ժողովրդի վրա կրակեն: Չի երեւում, ապա հարց է ծագում՝ ի՞նչ Մարտի 1-ից են խոսում»:
Այս առնչությամբ Հովիկ Աղազարյանն ասաց, որ իր համար այդ 10 սպանությունները չեն էականը. «Ինչքան էլ որ ցավալի է, չէինք ցանկանա, իհարկե, ե՛ւ ոստիկանները, ե՛ւ շարքային քաղաքացիները, մեր հայրենակիցները, ինչքան էլ ցավալի է դա, բայց իմ համար կարեւորը դա չի: Իմ համար հանցագործության մեխը կայանում է նրանում, որ ստորագրվել է այդ հայտնի հրամանը՝ 0038-ը, որը հնարավորություն է տվել զինված ուժերի են ներքաշելու պատրվակի տակ զինել եւ համապատասխան համազգեստ հագցնելը հրոսակախմբերի՝ ե՛ւ Արցախից բերված, ե՛ւ այստեղ մեր շատ օլիգարխների կողմից ներկայացրած, որոնք արել են այդ սեւ գործը, սարսափելի բաներ են արել: Սա է ինձ համար հանցագործության ամենակարեւոր դրույթը»:
Մեր դիտարկմանը՝ դրա արդյունքում էր, որ 10 զոհ եղավ, հետեւաբար Բաբայանն ասում է, որ եթե 10 զոհերի սպանությունները բացահայտված չեն, չգիտենք՝ ով է սպանել, ի՞նչ Մարտի 1-ի մասին է խոսքը եւ ընդհանրապես, եթե հրաման տվողը բացահայտված չի, ինչո՞ւ են Քոչարյանին դատում, իր համար «ցիրկ» է այս ամենը՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Սպանություններն ըստ էության բավական դժվար է ապացուցել, թե կոնկրետ որ անձի կողմից է տեղի ունեցել այդ չարաբաստիկ ճակատագրական կրակոցը այս կամ այն քաղաքացու ուղղությամբ, համենայնդեպս, կարծում եմ, կբացահայտվեն, որովհետեւ տեսագրություններ կան եւ այլն: Բայց իմ համար հանցագործությունը այնտեղ էր, որտեղ ես նշեցի»:
Հարցին՝ Սամվել Բաբայանն ասում է՝ Ռոբերտ Քոչարյանի շահը ո՞րն էր՝ «գնացող» նախագահ էր, դուք կարո՞ղ եք բացատրել՝ նրա շահը ո՞րը պիտի լիներ այդ դեպքում՝ Աղազարյանը պատասխանեց. «Բացատրությունը պարզ է՝ ես երբեք Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին չեմ անջատել, ես միշտ իրենց դիտարկել եմ՝ որպես միասին գործող, համատեղ գործող, քանի որ ես տարբերություն չեմ դրել նրանց միջեւ, հետեւաբար պատասխանն ինձ համար ակնհայտ է, նրանք միասին են գործել»:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Քոչարյանը մենակ անցնում՝ որպես մեղադրյալ՝ նա պատասխանեց. «Քննության ընթացքում մանրամասները կերեւան, պետք չի մեխանիկական մոտեցում ցուցաբերել, պետք է նաեւ անմեղության կանխավարկածի սկզբունքը հարգել»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
08.05.2019