Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորը զարմացավ վճարման հայտարարագրի անգլերեն տառերով հայերեն գրառման վրա

Մայիս 09,2019 13:00

Ցույց տալ, թե բանկը փոխանցում է արել, ճիշտ չէ, քանի որ անջատված է եղել հեռահաղորդակցման ողջ համակարգը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում երեկ սկսվեց Ասլան Դիլբարյանի բողոքի քննությունը:

Ա. Դիլբարյանը, մինչ դատարան դիմելը, դիմել էր ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին անցյալ տարվա օգոստոսի 2-ին, նույն օրը հաղորդում էր ներկայացրել Երեւան քաղաքի դատախազին՝ խնդրելով քննարկել նախկինում կարճված քրեական գործը վերաբացելու հնարավորությունը՝ նոր երեւան եկած հանգամանքի ուժով: Սակայն հոկտեմբերին բողոքը մերժվում է, նոր փաթեթ է ուղարկվում ՀՀ գլխավոր դատախազին, վերջինս ուղարկում է Երեւան քաղաքի դատախազություն:

Ա.Դիլբարյանը Շենգավիթի նստավայր բողոք էր բերել Երեւան քաղաքի դատախազ Գ. Բաղդասարյանի՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ:

Երկրորդ կարգի հաշմանդամ Ա.Դիլբարյանը փորձեց ներկայացնել բողոքի բովանդակությունը, որն ըստ էության չհաջողվեց, եւ նախապատմությունը ներկայացրեց կողմերից ներկա դատախազը, հընթացս նրան ընդմիջելով Ա. Դիլբարյանը: Պարզվեց, որ բողոքաբերը բանկից տասնմեկ տարի առաջ վերցրել է 50 000 000 դրամ՝ գրավ դնելով Լենինգրադյան 4/9 խանութի մի մասը՝ 251քմ մակերեսով: Մեկ տարվա ընթացքում կատարել է իր պարտավորությունները, մուծել է 15 400 000 դրամը: Սակայն սուր ինֆարկտ է տանում, ենթարկվում ծանր վիրահատության:

Հիվանդության պատճառով Ա. Դիլբարյանը չի կարողացել մարել վարկը, եւ բանկի հայցադիմումի հիման վրա Ա. Դիլբարյանը դատարանով ճանաչվել է սնանկ: Ըստ Ա. Դիլբարյանի՝ սնանկ է ճանաչվել ապօրինի որոշմամբ, քանի որ կազմակերպվել է կեղծ աճուրդ, եւ իր գույքը, որը գնահատված է եղել 145 000 000 դրամ, հափշտակվել է՝ կեղծ փաստաթղթերի միջոցով: Ի դեպ, դատախազը խուսափեց ներկայացնել, որ փաստաթղթերի կեղծման գործով Ա. Դիլբարյանը տուժողի կարգավիճակ ուներ:

Ա. Դիլբարյանը բողոքում հայտնել է, որ բանկի մասնաճյուղի կառավարիչը, սնանկության կառավարչի հետ կեղծել են վարկի եւ գրավի պայմանագրերը, աճուրդն անվավեր չճանաչվելու համար գրավի պայմանագրից հանել են երաշխավոր գործարանի անունը, կեղծել բանկի կնիքները, վճարման հանձնարարագրերը:

«Ինչ նոր երեւան եկած հանգամանք էր ի հայտ եկել, որ դիմել եք դատարան»,-փորձեց ճշտել դատավոր Դ. Բալայանը: Պարզվեց՝ Ա. Դիլբարյանը հայցային գործ է ունեցել մեկ այլ՝ «Էյչ Էս Բի Սի Հայաստան» բանկի դեմ՝ 20 000 000 դրամի վճարման հանձնարարագրերի վնասը հատուցելու պահանջով: Երրորդ անձն ու սնանկության կառավարիչը նույն անձինք էին, ում գործողություններից հայցվորն իրեն տուժող է համարել: «Էյչ Էս Բի Սի Հայաստան» բանկի ներկայացուցչի այլ դատարան ներկայացրած ռուսատառ, ռուսերեն անվանումով վճարման նոր անդորրագիրը ներկայացրեց դատավորին, ասելով, որ այն տարբերվել էր մեկ այլ գործով կառավարչի կողմից նախկինում ներկայացրած վճարման հանձնարարագրի օրինակից: Այսինքն՝ ներկայացրել են, դատը շահել, ապա մեկ այլ գործով ներկայացրել վճարման այլ հանձնարարագիր:
Տարբերությունը, ըստ բողոքաբերի, վճարման ժամանակի, եղանակի մեջ էր, կնիքների, գումարի:

Ա. Դիլբարյանը դատարանում ցույց տվեց վճարման հանձնարարականները եւ ասաց. «Քրեական գործում առկա որպես փոխանցման գումար նշված է 20000000 դրամ՝ ժամը 11:19:28, իսկ մյուսը քաղգործով բանկի ներկայացուցչի կողմից ներկայացրած վճարման հանձնարարագիրը՝ 20 000 000 դրամի՝ ժամը 14:30:

Մի դեպքում վճարման հանձնարարագիրը կատարվել է էլեկտրոնային եղանակով, մեկ այլ դեպքում՝ փաստացի բանկի կողմից «Կոմիտաս» մասնաճյուղում գրավոր»:

Այսքանով հանդերձ, Երեւան քաղաքի դատախազը մերժել է քրեական գործ հարուցել:

Ա. Դիլբարյանը Երեւան քաղաքի դատարանի ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ նշյալ հանձնարարագրերը նախկինում քաղգործով ցույց էր տվել բանկի ներկայացուցչին. «Բանկի ներկայացուցիչը ծանոթանալով այդ էլեկտրոնային վճարում հաստատող փաստաթղթերին, երրորդ անձանց ներկայությամբ ներկայացնելով իր գրավոր առարկությունը, հաստատեց եւ պնդեց, որ դրանք բանկի անունից կեղծված կնիքով կեղծ փաստաթղթեր են, բանկն այդպիսի փաստաթուղթ չի տրամադրել»: Սակայն իրավական գնահատական չի տրվել նշվածին. ստում է բանկի կառավարիչը, թե ոչ, եթե ոչ, ապա ինչպե՞ս է կեղծվել, ո՞ւմ միջոցով, արդյո՞ք Ա. Դիլբարյանի նման չկան այլ քաղաքացիներ, որոնց վարկային պատմության մեջ կարող են «ծնվել» նման կեղծ փաստաթղթեր:

Արդյունքում, աճուրդով վաճառվել է Ա. Դիլբարյանի Արզումանյան 32-6 հասցեում գտնվող շքեղ վերանորոգված 4 սենյականոց՝ 32 000 000 դրամանոց բնակարանը 8 000 000 դրամով:

Այս «դրվագով» էլ կա ուշագրավ մանրամասն. Ա. Դիլբարյանի ներկայացուցիչ, նախկինում ներկայացուցիչ-փաստաբան Անի Թորոսյանը հարցում էր արել բանկին, թե արդյոք բանկը մինչեւ քանի՞սն է կատարել դրամական փոխանցումները, տվյալ ժամանակահատվածում՝ 2010թ. նոյեմբեր ամսվա աշխատանքային օրերին: Բանկի անձնակազմի կառավարման վարչության պետը գրավոր պատասխանել է, որ դրամական փոխանցումների ընդունումն ավարտվել է մինչեւ ժամը 15.30-ը, հետեւաբար, փաստաթղթավորել ու ցույց տալ, թե ժ.15.30-ին բանկը փոխանցում է արել, ճիշտ չէ, քանի որ անջատված է եղել հեռահաղորդակցման ողջ համակարգը:

Դատավոր Դ. Բալայանը բավարարեց բողոքաբերի ներկայացուցիչ՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանի միջնորդությունը, հաջորդ նիստին դատարան կհրավիրվեն սնանկության կառավարիչ Մայիս Հայրապետյանը եւ աճուրդով գույքը գնած Բաբկեն Թադեւոսյանը, որը «Կոնցեռնէներգոմաշ» ՓԲ ընկերության տնօրենն է, չբացառելով, որ «Էյչ Էս Բի Սի Հայաստան» բանկի ներկայացուցչին կկանչի:

Բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 13-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ,

08.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031