Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան բեմադրության համար ԱՄՆ-ում հանգանակություն է կատարվում

Մայիս 09,2019 12:30

Հարցազրույց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ

– Մաեստրո, իրականությանը համապատասխանո՞ւմ է վերջին օրերին մշակույթի մարդկանց շրջանում տարածված լուրը, թե դուք ներկա եք գտնվել ԱՄՆ-ում դրամահավաքի, ձեր, ըստ Լեւոն Շանթի «Հին աստվածներ» երկու գործողությամբ բալետի, որի պրեմիերան կկայանա Երեւանում:

– Այո՛: Մեկ-երկու օր է, ինչ վերադարձել եմ: Ընթացիկ տարին հոբելյանական է ոչ միայն Կոմիտասի եւ Թումանյանի, այլեւ Շանթի համար: Նրա ծննդյան 150-ամյակն էլ է: Ստեղծագործություններս հաճախ են կատարվում Արեւմուտքում եւ բալետիս մասին վաղուց տեղեկացված էին նաեւ Ամերիկայում բնակվող, հայազգի մշակույթի ոլորտի գործիչները: Բալետի ստեղծման առաջարկը ստացա Լոս Անջելեսում բնակվող ինձ անծանոթ տիկնոջ՝ գրականագետ Կատյա Քուշերյանի կողմից: Համաձայնությունս ստանալուց հետո տիկինը որոշում կայացրեց հովանավորել բալետը: Նրա հետ ծանոթանալուց հետո միայն հասկացա, որ հետաքրքրված է Լեւոն Շանթի ստեղծագործական գործունեությամբ ընդհանրապես եւ մասնավորապես «Հին աստվածները» բալետային ժանրում հանդիպելու մտադրությամբ: Լիբրետոյի հեղինակը Հակոբ Մովսեսն է: Ասեմ նաեւ, որ այս ստեղծագործության վրա աշխատել եմ շուրջ ութ ամիս:

– Խնդրում ենք լայն ընթերցողի համար մանրամասնել. ի՞նչ ասել է հովանավորել, գուցե պատվիրե՞լ է տիկինը:

– Սա պատվեր չէ: Պատվերներ ստացել եւ ստանում եմ տարբեր նվագախմբերից, երաժիշտներից… Բալետի հովանավորումը պատվերից էլ վեր է: Դա հենց այն դեպքն է, երբ մի մարդ իր վրա է վերցնում մեկենաս լինելու շնորհը: Այսինքն՝ հոգ է տանում, այս դեպքում բալետի ստեղծման օրվանից մինչեւ հանդիսատեսին հանձնելու օրը բոլոր փուլերի մասին: Մեկենասությունը ազգանվեր, իսկ մեր դաշտում մշակութանվեր գործունեություն է, ինչն ընդունված է աշխարհում:

Հանգանակության մասնակից հայազգի մտավորականները

– Կբարձրաձայնե՞ք, թե բալետի ստեղծման համար որքա՞ն գումար է նախատեսված:

– Շուրջ 70 հազար ԱՄՆ դոլար: Ասեմ նաեւ՝ դրամահավաքին հանգանակվեց նախատեսվածի մոտ 40 տոկոսը:

– Իսկ մնացա՞ծը… Գուցե դիմեք հայաստանյան մեծահարուստներին:

– Լոս Անջելեսում կայացած դրամահավաքը շարունակվում է: Նշեմ, որ դրամահավաքին մասնակցում էին բազմաթիվ մշակութային գործիչներ, այդ թվում՝ Լեւոն Շանթի թոռը՝ Լեւոն Շանթը:

Կուզեի խոսել մշակութային ոլորտում մեկենասության մասին: Կա մեկենասության մասին օրենք-հասկացությունը, երբ մշակույթը ֆինանսավորողները որոշակի արտոնություններ են ձեռք բերում ըստ Հարկային օրենսգրքի, ինչը նպաստում է արվեստի եւ բիզնեսմենների կապին: Սա մեծ որակական փոփոխություն է դառնում ազգի համար: Այսպիսով մշակույթը դառնում է անկախ, ոչ թե իշխանությանը ստիպողաբար հաճոյացող: Հենց այս ճանապարհով ունենում ենք արվեստին ու մշակույթին կապող բիզնեսմենի նոր որակ: Փաստորեն, իրականանում է մի գործընթաց, որի անունն է մշակութային հեղափոխություն:
Ի դեպ, այս թեմայի շուրջ ժամանակին ակնարկել եմ Նիկոլ Փաշինյանին, որը երեք օր հետո ստանձնեց վարչապետի պաշտոնը: Սակայն դեռեւս արձագանք չկա: Մինչդեռ մշակութային մեկ ստեղծագործությունն անգամ կարող է քաղաքական հարց լուծել: Անձնական օրինակով ներկայացնեմ. Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի կողմից 2015թ. մեկնարկեց «Աղետ» նախագիծը, որն առաջացրեց Էրդողանի վրդովմունքը: Ներկա եմ եղել այդ համերգին եւ նշեմ, որ հենց այդ միջոցառումն էր, որ հանգեցրեց Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Վերջերս էլ ճանաչված դուդուկահար Գեւորգ Դաբաղյանի հետ մասնակցեցինք Երուսաղեմում անցկացվող «Հայերը Երուսաղեմում» փառատոնին, որի կազմակերպիչը հրեա աղջիկ է: Նրա մոտ այս միջոցառումն անցկացնելու գաղափարը երկու տարի առաջ էր ծագել, երբ Հոլքոստի եւ Եղեռնի զոհերի հիշատակման օրերը համընկել էին: Նպատակն էր Իսրայելի կողմից ճանաչել տալու հայերիս ցեղասպանությունը: Կարեւոր է, որ այս նպատակի շուրջ միավորվում են արվեստի մարդիկ:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

08.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031