Կամ՝ հավաքում են շշերի կափարիչներ
Հավաքված կափարիչների օգնությամբ ձեռք են բերվելու անվասայլակներ եւ անվճար տրամադրվելու են հենաշարժական ապարատի խնդիրներ ունեցող մարդկանց։
Արդեն երկու ամիս է՝ ԵՊՀ-ում տեղակայված է կափարիչներով լեցուն թափանցիկ դույլ։ Պարզվում է՝ քչերը գիտեն՝ ինչի համար է այն։
Develop Armenia հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսվում է հավաքել շշերի կափարիչներ։ Կազմակերպության հիմնադիր Էլենա Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ հավաքված կափարիչների օգնությամբ ձեռք են բերելու անվասայլակներ եւ անվճար տրամադրելու են հենաշարժական ապարատի խնդիրներ ունեցող մարդկանց։
Կարդացեք նաև
Միջավայրի աղտոտվածությունը համարելով արդի ժամանակների կարեւորագույն խնդիրներից մեկը՝ նա նշում է նախաձեռնության իրագործման եւս մի կարեւոր նպատակ. «Հավաքելով կափարիչները՝ ոչ միայն օգնելու եւ մի փոքր բարելավելու ենք մարդկանց կյանքը, այլեւ չենք աղտոտելու շրջակա միջավայրը։ Ինչպես գիտենք, պլաստիկը հարյուրավոր տարիներ կարող է մնալ հողում՝ առանց քայքայվելու։ Եվ ուրեմն օգնելով մարդկանց՝ չաղտոտենք շրջակա միջավայրը»։
«Օգնության կափարիչներ» ծրագրի իրականացման համար դույլեր են տեղադրված ինչպես ԵՊՀ-ում, նաեւ Հայաստանի մի շարք ուսումնական հաստատություններում։ Ծրագրին են միացել Երեւանի թիվ 170 ավագ դպրոցը, Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցը, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը եւ BET CONTRAST միջազգային կազմակերպությունը։ Էլենա Առաքելյանն ուրախությամբ նշում է, որ նշված հաստատություններում հանդիպումներ են ունեցել, ներկայացրել ծրագիրը եւ քննարկել դրա հետ կապված մի շարք հարցեր. «Յուրաքանչյուր հանդիպումից հետո հասկացանք, թե ինչքան գեղեցիկ, կարեկցող, խելացի, գիտակից ու վաղվա օրը կարեւորող երիտասարդություն ունենք»:
ԱՆՈՒՇԻԿ ՅՈԼՉԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
08.05.2019