ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի Գ.Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հիշատակին նվիրված ցերեկույթ։
Կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Քյարամի մայրը՝ Նվարդ Սլոյանը, հարազատները, համագյուղացիներն ու այլ պատվավոր հյուրեր։
Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները ներկայացրել են Քյարամ Սլոյանի և զինակից ընկերների սխրանքի մասին պատմություններ, հանդես են եկել նրանց նվիրված կատարումներով:
Մարզպետն իր խոնարհումը և երախտիքի խոսքն է հղել Քյարամի և մյուս հերոսների մայրերին: Նշել է, որ յուրաքանչյուր ոք, անկախ նրանից, թե որտեղ և ինչ պաշտոնում աշխատելիս կլինի, պարտավոր է ամեն օրը սկսել և ավարտել այն գիտակցումով, թե հանուն ինչի են մեր հերոսները զոհել իրենց կյանքը և ինչ երազանքով են փակել իրենց աչքերը: <<Ես ցանկանում եմ, որ մենք՝ պետական պաշտոնյաներս, մեր գործունեությամբ ավելի մոտ լինենք այն ամենին, ինչ արել և անում են մեր զինվորները հայրենիքի պաշտպանության համար >>-ասել է մարզպետը:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի և դպրոցի մանկավարժական կոլեկտիվի համատեղ որոշմամբ երկրորդ դասարանի աշակերտ Դավիթ Աղամալյանին 2019-2020թթ ուսումնական տարվա համար շնորհվել է Քյարամ Սլոյանի անվան կրթաթոշակ:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և գործարար Յուրա Սողոյանի համատեղ նախաձեռնությամբ, վերջինիս միջոցներով, դպրոցին է նվիրվել 3 համակարգիչ։
Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Քյարամ Սլոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի և Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակին կառուցված հուշաքարին:
Արագածոտնի մարզպետարանի հաղորդագրություն