Ռուսական կողմը լիարժեք կերպով տեղեկացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին Մոսկվայում ապրիլի կեսերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մոսկվայի հանդիպման արդյունքում արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի շահագրգռվածությունը մարդասիրական ոլորտում գործակցություն ձևավորելու հեռանկարների շուրջ,- ասել է նա:- Խոսքը վերաբերում է հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացմանը, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների շրջանում, ինչպես նաև կողմերի մոտ գերեվարված անձանց հարազատներին այցի թույլտվություն տալուն և մարդկանց միջև շփումներ հաստատելու ուղղությամբ (այդ թվում լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխադարձ այցեր) գործնական աշխատանքներին»:
Իր հերթին Գրեմինգերը հաստատել է ԵԱՀԿ պատրաստակամությունը շարունակել աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ասել է Զախարովան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ