Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, այսօր պատասխանելով «Ազատության» հարցերին, անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորին, ում վերջերս Հայաստանի սահմանապահներն արգելել էին մուտք գործել երկիր։ Մուստաֆա Նայեմին ասել էր, որ դա եղել է Ռուսաստանի պահանջով, քանի որ այնտեղ նա «անցանկալի անձ» է։
Վանեցյանը, սակայն, հայտարարեց, որ Ռուսաստանի պահանջով չի եղել ոչինչ. – «Դա ակնհայտ սուտ տեղեկատվության տարածման արդյունքում է ստացվել, որ Ուկրաինայի պատգամավորը Ռուսաստանի պահանջով է եղել։ Նման բան չկա իրականության մեջ։ 2015 թվականին Մուստաֆա Նայեմը օտարերկրացիների մասին օրենքի համաձայն ընդգրկվել է Հայաստանում որպես անցանկալի անձ և նրա մուտքին արգելք է դրվել։ Դա որևէ կապ չունի Ռուսաստանի հետ։ Դա եղել է ՀՀ 2015 թվականին ԱԱԾ տնօրենի որոշման համաձայն։ Երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն, շատ մեծ քանակությամբ քաղաքացիների մուտքը, որ արգելափակված էր Հայաստան, բացվել է։ Երեսուն հազարից ավելի մարդկանց մասին է խոսքը, որոնք հանվել են այդ ցանկից։ Տեխնիկական վրիպակ է եղել և Մուստաֆա Նայեմը մնացել է այդ ցուցակում։ Բայց ինձ, երբ զեկուցել էին, որ նման դեպք է եղել, անմիջապես հարցը հարթվել է և Մուստաֆա Նայեմը մուտք է գործել Հայաստան։ Ռուսաստանի կողմից որևէ ազդեցություն չկա»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: