Հայաստանում ընդդիմադիր ուժերը միավորվում են՝ մարտահրավեր նետելու նոր ղեկավարությանը», – «Reuters» գործակալությանը կալանավայրից տված հարցազրույցում ասել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այսօր այս առնչությամբ հարցին, թե հնարավո՞ր է Քոչարյանն ու ՀՀԿ-ն միասնական ընդդիմություն ստեղծեն՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի ռեժիմին դիմադրող եւ հասարակության աչքերը բացող քաղաքական ընդդիմադիր սկզբունքային քաղաքական միավորն է, որը աշխատել եւ աշխատում է բոլոր այն ուժերի հետ, որոնց մեջ տեսնում է առողջ քաղաքական պլատֆորմ:
Եթե կառաջանա եւս մեկ ուժ, որտեղ մաս կկազմի այսօր քաղաքական հետապնդումների ենթարկված եւ անգամ մայիսյան տոնին ընդառաջ մի քանի օրով բաց չթողնված ՀՀ երկրորդ, կամ Արցախի առաջին նախագահը, ապա, երբ որ կստեղծվի այդ միավորը, այդ ժամանակ կարող ենք հասկանալ՝ ինչպիսի համադրվող քաղաքական օրակարգ ունենք կամ չունենք: Բայց ՀՀԿ-ն արդեն քաղաքական ընդդիմադիր դաշտում շատ խորը եւ շատ պրոֆեսիոնալ դիրքավորվել է: Կողջունենք ցանկացած այլ քաղաքական գործընկերների մեր կողքին մեր ճամբարում: Անկախ այդ հանգամանքից, քաղաքականությունից, մենք շարունակելու ենք նաեւ բարձրաձայնել Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական վենդետայի եւ քաղաքական հալածանքների մասին տարբեր հարթակներում, որտեղ կարող ենք դա անել»:
Մեր հարցին՝ քաղաքական վենդետան ո՞րն է, ի՞նչ քաղաքական վենդետայի մասին է խոսքը՝ Աշոտյանը պատասխանեց. «Մարտի 1-ի մուռն է հանում, պարզ չի՞»:
Կարդացեք նաև
Հարցին՝ այսինքն, պետք է քրեական գործ չհարուցվե՞ր, եթե հանցագործություն է կատարվել, Աշոտյանն արձագանքեց, թե՝ «Քոչարյա՞նն է կատարել»: Մեր դիտարկմանը, որ այ դա կպարզվի դատարանում՝ Աշոտյանը չարձագանքեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ