Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը շատ խիստ տոնով էր խոսում, պահանջեց կարգի հրավիրել Մանվել Գրիգորյանին». Արցախի ՊԲ շտաբի նախկին պետի ցուցմունքը

Մայիս 08,2019 21:33

Ներկայացնում ենք ՀՀ մարտի 1-ի գործով վկա 2013-2017 թվականներին Արցախի ՊԲ շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի ցուցմունքը:

2008-ին Կամո Վարդանյանը եղել է ԼՂ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարը, նա վարույթ իրականացնող մարմնին պատմել է, որ 2008-ի փետրվարի 22-ին ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հրամանով եկել է Երեւան, մասնակցել նախագահական նստավայրում անցկացվելիք խորհրդակցությանը, ներկա են եղել մոտ հիսուն հոգի՝ զինվորականներ, ԱԱԾ եւ ոստիկանության ծառայողներ, ՀՀ  ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը, նրա տեղակալներն ու ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ խորհրդակցությունն անցկացրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վկայի խոսքով, խորհրդակցությանը ներկա էր նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը, բայց նա ոչինչ չի ասել.

«Ռոբերտ Քոչարյանը շատ խիստ տոնով էր խոսում, ասաց՝ երկրում ներքաղաքական վիճակը կայուն չէ ու Երանոսյան Լյովային  կամ էլ այլ անձի, կոնկրետ չեմ հիշում, ասաց, որ գնան Մանվել Գրիգորյանին ասեն՝ երկրապահներին ցրեն երկրապահի շենքից եւ վերադառնա իր ծառայությանը: Ինչպես հասկացանք, նա դժգոհ էր Մանվել Գրիգորյանից, որը հավանաբար, այլ մտքեր ուներ ստեղծված իրավիճակի մասին ու իր մի քանի տասնյակ համախոհներին հավաքել էր երկրապահի շենքում, մեր՝ բոլորիս, ներկայությամբ նախագահը պահանջեց կարգի հրավիրել Մանվել Գրիգորյանին: Խորհրդակցությունը տեւել է 15-20 րոպե, նախագահն ասում էր՝ այնպես պետք է անենք, որ իրավիճակը կայունանա: Դրանից հետո Մովսես Հակոբյանը մեզ ցուցում տվեց մնալ Երեւանում, քանի որ Արցախից զորք պետք է ուղարկվեր Երեւան: Հասկանալի է, որ Մովսես Հակոբյանին նման հրաման են տվել նախագահի խորհրդակցությունից հետո:  Պաշտպանության բանակից ստացված հրամանի համաձայն 10-րդ դիվիզիայի ստորաբաժանումներից համապատասխան քանակով անձնակազմ ենք ուղարկել Երեւան՝ մոտ 100 հոգու, բոլորը սպա ու ենթասպա էին, նաեւ  պայմանագրային զինծառայողներ:

Մարտական հերթապահության մեջ ընդգրկվածներն այլեւս դիրքեր չեն գնացել, քանի որ մոտ 20 ամիս անձնակազմը մնացել է Երեւանում: Իմ հիշելով՝ Միքայել Հարությունյանի կողմից տրված հրամանի հիման վրա ԼՂՀ ՊԲ հրամանատարի կողմից հրաման է արձակվել, որի հիման վրա էլ ԼՂՀ զորքը տեղափոխվել է Երեւան:

Զորքին ասված էր՝ սպասեն մինչեւ կոնկրետ հրամաններ տալը: 2008-ի փետրվարի 29-ի լույս մարտի մեկի գիշերը Մարտակերտի դիրքերից մեկում լարվածություն եղավ, ադրբեջանցիները գրավել են մեր դիրքը, ես շտապ վերադարձել եմ Մարտակերտ, ասեմ՝ նույն օրը հետ ենք գրավել մեր դիրքը:

Իմ կարծիքով, զորքը Երեւան էր բերվել հասարակական կարգը պահպանելու համար, շենք-շինությունները հսկելու համար, հետագայում տեղեկացել եմ, որ մարտի մեկին զորքը տեղափոխվել է ՀՀ կառավարության շենք, մնացել են այնտեղ, այդպես էլ նրանք քաղաք դուրս չեն եկել: ԼՂ Պաշտպանության բանակից Երեւան եկած զորքի մեջ եղել են նաեւ դիպուկահարներ, տարբեր զինատեսակներ ունեցող զինծառայողներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031