Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նախկին իշխանությունների հեռանալուց առաջ ԱԱԾ-ից փաստաթղթեր են ոչնչացվել, հետո ԱԺ-ում նա մանրամասներ ներկայացրեց՝ ասելով, որ այդ փաստաթղթերն անհետացել են:
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ այդ փաստաթղթերն ո՞ւր են կորել, պարոն Աշոտյան, դուք տեղյա՞կ եք՝ նա պատասխանեց, որ իրեն էլ է շատ հետաքրքիր՝ այդ գործը փաստական ինչպիսի տվյալներ ունի ու ինչ է կորել. «Զարմանալի չէ՞ր լինի, եթե ես տեղյակ լինեի»:
Ըստ Աշոտյանի, ամենավտանգավոր հայտարարությունները, որ արեց Փաշինյանը, մամուլը չնկատեց, մեկն այն էր, որ մարդ, ով կիսապատերազմական վիճակում գտնվող պետության ղեկավարն է, այսօր խոսելով ՀՀ անվտանգության երաշխիքների մասին, ասաց՝ «Հայաստանի դրական իմիջն է Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքը: Ուրեմն բանակը հեչ, զինվորը հեչ, մեր ռազմադաշտում կոփված կադրերը, տնտեսությունը, հասարակությունը, կրթությունը, մշակույթը, մեր ինքնությունը հեչ, ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ անվտանգության երաշխավորը ՀՀ դրական իմի՞ջն է: Եթե նա ասուլիսը տար Ապրիլի 1-ին, կորակեի անհաջող կատակ: Իմիջային զորքերի հրամանատա՞ր եք լինելու Աստված չտա պատերազմի դեպքում,պարո՛ն Փաշինյան, թե՞ ֆեյսբուքյան ակտիվիստների»:
Երկրորդ վտանգավոր հայտարարությունը, որ վարչապետն արեց, ըստ Աշոտյանի, հետեւյալն էր. «Ասաց՝ այ, լինեի հրապարակում, շատ հարցեր ավելի հեշտ կլուծեի, քան վարչապետի կաբինետից: Էդ ի՞նչ հարցեր ես ուզում լուծել, պարո՛ն Փաշինյան, որ վարչապետի կարգավիճակը, արարողակարգը, ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված պարտականություններն ու լիազորությունները քեզ չեն բավարարում, էդ փողոցո՞վ ես նորից ուզում հարցեր լուծել, վարչապետ լինելով՝ պետություն աշխատացնել չես կարողանում, երազում ես նորից հայտնվես փողոցում ու քաղաքական ընդդիմախոսների բերանը փակել փողոցո՞վ»:
Կարդացեք նաև
Աշոտյանը, գնահատելով վարչապետի ասուլիսը, ասաց, որ դա սովորական կառավարական տարեվերջյան ասուլիս էր. «Ամենազավեշտալին այն էր, որ Նիկոլ Փաշինյանը, չնայած հրապարակավ կոչ է անում,ո ր պետք է լինել ինքնաքննադատ, այսօր ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ 5 բացթողում չկարողացավ նշել՝ Սուպերմենն է, Սպայդերմենն է, Խալկն է, ո՞ր հերոսն է, որ ոչ մի բացթողում չի արել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ