Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում արված հայտարարություններին, ասաց, որ նա այդպես էլ չդարձավ ՀՀ վարչապետ: Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանը փոփոխությունների 100 փաստ նշեց, դա բավարար չէ՞ր գնահատելու համար, որ երկրում փոփոխություններ են եղել՝ Աշոտյանը պատասխանեց. «Ես նայում էի ֆեյսբուքում եւ լրատվական հարթակներում արձագանքները եւ տեսա, որ դա լավ առիթ տվեց հայ հումորասեր հասարակությանը ընդլայնել այդ փաստերը եւս հարյուրով: Եթե ես թողնեմ իմ պատասխան հեգնանքը եւ մի պահ մոռանամ այսօրվա ասուլիսում հնչեցված անպարկեշտ ու անպատեհ հայտարարությունների հետ կապված վրդովմունքը՝ ուղղված ՀՀ նախկին ղեկավարության հասցեին, կարող եմ ասել՝ ես շատ կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ իմաստով եւ փոխաբերական իմաստով իսկանդեր բերի Հայաստան, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը վերջապես սովորի ազգային, պետական, մայիսյան տոները շնորհավորել իրար»:
Նա ասաց, որ շատ լավ պատկերացնում է այդ ցուցանիշների «անատոմիան», նախարարություններին հանձնարարել է տալ լավ ցուցանիշներ, բոլոր գերատեսչությունները տվել են լիքը լավ ցուցանիշներ, որոնց մեծ մասը կառավարության ընթացիկ գործունեություն է. «Ոնց որ մերը ասի երեխեքին՝ ես ձեր համար ճաշ եմ սարքում, կամ ես տներն եմ հավաքում, հասկանո՞ւմ եք: Լավ է, որ շարունակում են այդ գործողություններն անել, դա պետք չէ վաճառել՝ որպես կառավարության գործունեության արդյունք: Այս կառավարությունը չի ձեւավորվել՝ ընթացիկ բաներ անելու համար, որոնք մենք իրենցից լավ էինք անում, այս կառավարությունը ձեւավորվել էր բեկումնային բաներ անելու համար»:
Հարցին՝ Փաշինյանը նաեւ աստվածաշնչյան կանխատեսումն էր մեջբերել՝ «պիտի նայես ու պիտի չտեսնես», կարո՞ղ է դուք հիմա այդ կարգավիճակում եք՝ Աշոտյանն ի պատասխան ասաց, որ Փաշինյանը վերջերս շատ է փորձում տեղավորվել քրիստոնեական արժեքներ կրողի կերպարի մեջ, փորձում է խաղալ բարեպաշտ հայ քրիստոնյա ղեկավարի խաղը, բայց բարեպաշտ մարդը այդքան «մաղձ» չէր նետի 5 ու կես ժամվա մեջ»:
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ