Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը մնացել է «Game of thrones»-ի առաջին սեզոնի տակ, նա չի հասկանում, որ հիմա պետք է նկարահանվի 2-րդ, 3-րդ, 4-րդ սեզոնին». Աշոտյան

Մայիս 08,2019 20:40

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՀՀԿ-ին ու ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Նա ասել էր՝ «Քանի դեռ Սերժ Սարգսյանը չի պատասխանել հարցին՝ ինչպես է իր ընտանիքը միլիոնատեր դարձել, իսկ զինվորը հագուստ չի ունեցել, իր հետ միասնականությունը ես բացառում եմ»: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս առնչությամբ մեր հարցին՝ դուք կարո՞ղ եք նրա այդ հարցի պատասխանը տալ, թե ինչպես է Սերժ Սարգսյանի ընտանիքը դարձել միլիոնատեր՝ ի պատասխան նախ հորդորեց անջատել տեսախցիկները՝ ասելով. «Մենք կասեցված ենք, մեր գործողություններն ապօրինի են»:

Աշոտյանն այսպես հեգնեց վարչապետի այն հայտարարությունը, ըստ որի՝ «Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ ՀՀ-ում այլեւս երբեք իշխանություն չի լինի։ Չի լինելու նաեւ ընդդիմություն 90 եւ ավելի տոկոս հավանականությամբ։ Հանրապետական կուսակցությունը կասեցված է, նույնիսկ փակված է ժողովրդի կողմից»:

Աշոտյանի խոսքով՝ «60 հազար քվե ստացած կուսակցությունը այսօր համայն հայության վարչապետի հավակնություններ ունեցող անձի կողմից կարող էր նման նախշումների արժանանալ: Այն, ինչ այսօր խոսում էր այսօր Նիկոլ Փաշինյանը մեզ հետ կապված վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չդարձավ, այս մեկ տարվա իր գործունեության ախտորոշումը իր ասուլիսով նա տվեց: Ոչ ոք ՀՀ-ում այդքան արագ չի նվազեցնում վարչապետի վարկանիշը, որքան ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»: Աշոտյանը խնդրում է Փաշինյանին, որ շատ խոսի:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին՝ Աշոտյանն ասաց. «Կարծում եմ, պետական այրին չսազական էր այսօր՝ մայիսի 8-ին՝ եռատոնի մեկնարկին խոսել այդ բառապաշարով, դեմքի այդ ծամածռություններով, այդ հեգնանքով այն մարդկանց մասին, որոնք մասնակցել են մայիսյան հաղթանակին, որոնց շնորհիվ Արցախի հանրապետությունը կայացավ, որոնց շնորհիվ այս ամենի արդյունքում Նիկոլ Փաշինյանն այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը: Դուք կունենանք հնարավորություն կոնկրետ հարցեր ուղղելու Սերժ Սարգսյանին, բայց, կարծում եմ, անբարո է խոսել այդ բառապաշարով այն մարդու մասին, ով համակարգել է Շուշիի ազատագրման օպերացիան, այն էլ՝ այս օրով:

Կարծում եմ, դաստիարակության եւ բարեկրթության խնդիր է խոսել այդ կերպով այն կուսակցության մասին, որը կանգնած է Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերին խրամատներում, այն մարդու մասին, ով նպաստել է եւ դա հավաստում են Վազգեն Սարգսյանից սկսած պատերազմի բոհով անցած բոլոր մարդիկ, թե ինչ լումա ունի նա երկու հայկական պետությունների գոյության, հաղթանակի մեջ: Նիկոլ Փաշինյանը մնացել է «Game of thrones»-ի առաջին սեզոնի տակ: Նա չի հասկանում, որ հիմա պետք է նկարահանվի երկրորդ, երրորդ, չորրորդ սեզոնին: Նա չի հասկանում, որ վարչապետի հաշվետու ասուլիսը պետք է լիներ հետեւյալ ձեւաչափով՝ խոստում-կատարում»:

Աշոտյանն ասաց՝ «ՀՀԿ-ին կասեցնելու երազախաբությամբ թող չտառապի մեր այսօրվա վարչապետը, որովհետեւ նման բան փորձել են անել մեկ էլ Խորհրդային ժամանակներում սովետական իշխանությունները, երբ որ ՀՀԿ-ի ակունքներում կանգնած մարդիկ, մեկ է, ընդհատակում շարունակել են իրենց քաղաքական պայքարը՝ հանուն այն Հայաստանի, որի վարչապետը դառնալու պատիվն ընձեռնվեց Նիկոլ Փաշինյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031