«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիր Տրանշ 5-ի սկսվելու դեպքում Շիրակի մարզի 21 համայնքներում առաջ կգան հողերի օտարման ու տարաբնակեցման խնդիրներ։ Նշենք, որ այն ներառում է Գյումրի շրջանցիկ և Գյումրի- Բավրա ճանապարհային հատվածները․ օտարման ենթակա են շուրջ 1565 հողեր։
Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ իրազեկման հանդիպում, որի ընթացքում պարզաբանվեց, թե որ դեպքում փոխհատուցում կառաջարկվի համայնքին կամ անհատներին։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Լիլիթ Դիլանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Շիրակի մարզի 21 համայնքներում էլ լսումներ են կազմակերպել ու այն բոլոր սեփականատերերին, որոնց հողամասերը կամ գույքը «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինության դեպքում ենթակա են օտարման, հրավիրել են։
Կոնկրետ Գյումրիում ազդեցության տակ են գտնվում 7 համայնքային հողեր՝ քաղաքի սկզբնահատվածում, սակայն դեռ ուսումնասիրություններ չեն կատարել, թե ինչ կառույցներ են գտնվում այդ հողակտորներում՝ դրանք բնակելի տնե՞ր են, սպասարկման օբյեկտնե՞ր են, թե ասենք ծառեր են, մշակաբույսեր կամ էլ գյուղատնտեսական նշանակության հողեր։
Կարդացեք նաև
«Պետությունն այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ Հյուսիս-հարավը չպիտի անցնի որևէ համայնքի միջով, ճանապարհը պիտի շրջանցի բոլոր բնակավայրերը», -ասաց Լիլիթ Դիլանյանը։
Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհաշինությունը դժգոհություններ է առաջացրել որոշ համայնքների բնակիչների մոտ, օրինակ՝ Արևիկ համայնքի բնակիչները պնդում են, որ իրենք ունեն բարձրակարգ հողեր, սակայն առաջարկվող փոխհատուցումը իրենց չի գոհացնում։
«Փոխհատուցման տրամադրումից առաջ իրականացվում է գույքի գնահատում, որը տարբերակված է, այսինքն` չկա զուտ քարացած մոտեցում, գոյություն ունի մեթոդաբանություն, որը սահմանում է, թե որ կարգի հողը ինչպես պետք է գնահատվի։ Նաև ասեմ, որ պետք է իրականացվի շուկայի ուսումնասիրություն, որպեսզի համոզված լինենք, որ հնարավոր կլինի պետության կողմից տրամադրված փոխհատուցմամբ գնել, ձեռք բերել նմանատիպ համարժեք այլ հող։ Հասկանում եմ, որ քաղաքացիները մտահոգություններ ունեն՝ կապված հողի կորստի հետ, բայց ես համոզված եմ, որ հնարավոր կլինի փոխահատուցմամբ գնել նմանատիպ համարժեք այլ հող՝ հողամշակումը շարունակելու համար»,- ասաց Լիլիթ Դիլանյանը։
Պարզվում է բնակիչներն այս դեպքում առաջարկվող փոխահատուցումից հրաժարվելու տարբերակ չունեն, նրանց հողամասը կճանաչվի հանրային գերակա շահ։
«Հողը տալու կամ չտալու հարցը չի կարող որևէ կերպ վիճարկվել, կարող է վիճարկվել միայն փոխհատուցման չափը։ Այսինքն` այն պահից, երբ տվյալ հողատարածքները կճանաչվեն հանրային գերակա շահ, դրանց ձեռքբերումը, օտարումը կամավոր չլինելու դեպքում իրականացվում է դատական պրոցեսով»,- ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Ֆինանսավորող կազմակերպությունը Եվրոպական ներդրումային բանկն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ